ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Վարդն ի բացե Վարդավառի կիրակին…

Group of people splashing water and throwing rose petals in a crowded street festival
Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:

Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Գրիգոր Նարեկացի

Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Հայոց մեջ բոլոր ծիսական տոները ունեն շատ ավելի խոր հնագույն շերտեր, քան մենք պատկերացնում ենք։

Առնվազն բնապաշտական ժամանակներից մեզ հասած այս տոնը` ջուր-տարերքի, նաև ամառային արևադարձի տոնն է։ Ըստ ավանդության` երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:

Տարբեր ժամանակներում այն նվիրված է եղել տարբեր աստվածությունների, կախված  տվյալ ժամանակաշրջանի կրոնական համակարգից։ Ի ուրախություն մեզ, այս տոնի հետ կապված մենք ունենք  բավական մանրամասն տեղեկություններ։

Վարդավառին ընդունած էին տարբեր անձրևաբեր ծեսեր և  ջրախաղեր։ Երիտասարդ  աղջիկները  ցորենից  խաչբուռ էին  պատրաստում, իսկ ծաղիկներից` խաչփնջեր, ապա կենդանիներին էին զարդարում ծաղիկներով։ Վարդավառի ծիսական տիկնիկը` Նուրին է, նա ուներ անձրև բերելու, արտերն ու դաշտերը ջրելու խորհուրդ։ Ծիսական շքերթի մասնակիցները խաչփնջերով տնետուն էին շրջում և Նուրիի հետ միասին բաժին ուզում։ Շատ ընդունված էր մատաղ անել  և ուխտի գնալ  Սուրբ Հովհաննես և Սուրբ Կարապետ եկեղեցիները։

Իրականում ծեսերը այնքան շատ են, որ կարելի է շա՜տ երկար նկարագրել։ Սա նաև երիտասարդների  կողմից    շատ սիրված  տոն էր, քանի որ  ծեսերի ժամանակ իրար տեսնելու ու  ծանոթանալու հնարավորություն էին ունենում, նաև երգելով ու պարելով գովերգում միմյանց։

Վարդավա՜ռ է, Վարդավա՛ռ, 
կարմիր վարդի, զուլալ ջրի,
կարմիր սիրո, տոն պայծառ:

Միրգ է թափվում ծառերից,
լույս է թափվում երկնքից,
հույս է թափվում սրտերից,
երգ է ծորում հույսերից։

Աղջի՛կ, աղջիկ, քո սիրածը
քեզ է թաքուն հետևում,
սիրամոլոր իր երազում
քո թուխ վարսերն է շոյում։

Սիրու՛ն տղա, քո մուրազը
շողշողում է շիկնանքից,
քո ակնարկին սպասելով
հառաչում է կարոտից։

Վարդավա՜ռ է, Վարդավա՛ռ,
կարմիր վարդի, զուլալ ջրի,
կարմիր սիրո, տոն պայծառ:

/Ե․ Հարությունյան/

Տարբեր տարածաշրջաններում սովորույթները տարբեր էին, անգամ որոշ տեղերում  ընդունված էր Վարդավառը  տոնել  գետի ափին, կամ ավազաններում։ Կան տեղեր, որ այս տոնը նշվում է օգոստոսին, բայց ամենուր միշտ տոնվում է և ժողովրդի կողմից սիրված տոն է։

Հասմիկ Օրդյան
Համազգայինի Լ․ Շանթի անվան կիրակնօրյա դպրոց

Leave a Reply

Discover more from ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading