ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հայերենը օտար հողում․ ոչ միայն կարևոր, այլև՝ անհրաժեշտ

Օտար երկրում ապրող հայ ընտանիքների համար ամենամեծ մարտահրավերներից մեկը մայրենի լեզվի պահպանումն է։ Արագ ինտեգրվելու, երեխաներին «հեշտ կյանք» ապահովելու ցանկության մեջ հաճախ հայերենը աննկատ մղվում է երկրորդ պլան։ Սակայն հայերեն սովորեցնելը օտար հողում ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսական անհրաժեշտություն։

Լեզուն պարզապես հաղորդակցման միջոց չէ։ Այն ինքնություն է, հիշողություն և մտածողության ձև։ Հայերենը երեխային կապում է իր ընտանիքի, պատմության և մշակույթի հետ՝ թույլ չտալով, որ նա իրեն զգա արմատազուրկ։ Առանց մայրենի լեզվի ազգը կամաց-կամաց կորցնում է ներքին կապը սերունդների միջև։

Հայերենը նաև արժեքների կրող է։ Մայրենի լեզվով են փոխանցվում ընտանիքի պատմությունները, ազգային հիշողությունը։

Հայերենը պահպանելու գործը միայն կիրակնօրյա դպրոցի կամ շաբաթօրյա դասարանի պատասխանատվությունը չէ։ Այն սկսվում է ընտանիքից։ Տանը հնչող հայերեն խոսքը, հայերեն գիրքը, երգը, պարզ առօրյա զրույցը երեխայի համար դառնում են բնական միջավայր։

Այսօր յուրաքանչյուր հայ ընտանիքի ընտրությունը որոշիչ է։ Լեզուն կորցնելը հեշտ է, բայց վերականգնելը՝ գրեթե անհնար։ Հայերենը մեր ձեռքերում է, մենք պարտավոր ենք այն փոխանցել որպես ժառանգություն, որպես հիշողություն և որպես ապագայի հույս։

Հայերենը պարզապես լեզու չէ․ այն մեր մայրիկի  ձայնն է, մեր տատիկի աղոթքը, մեր մանկության հեքիաթը։ Օտար հողում մեծացող երեխայի համար հայերենը դառնում է այն միակ թելը, որով նա կապված է իր արմատներին։ Երբ այդ թելը կտրվում է, սերունդների միջև առաջանում է լռություն, որը բառերով այլևս չի լրացվում։

Յուրաքանչյուր հայ ծնող իր առօրյա ընտրություններով որոշում է՝ արդյոք իր երեխան վաղը կկարողանա հասկանալ իր նախնիների պատմությունը, երգել հայկական երգ, կամ զգալ, թե ինչ է նշանակում «հայ լինել» ոչ թե անունով, այլ՝ հոգով։ Հայերենը չփոխանցելը կորուստ է, որը հաճախ գիտակցվում է շատ ուշ։

Հայոց լեզուն մեզ վստահված ժառանգություն է, ոչ թե անցյալի հիշատակ։ Այն ապրում է այնքան ժամանակ, որքան մենք  խոսում ենք, փոխանցում և պահպանում մեր երեխաների շուրթերին։ Օտար հողում հայ մնալը սկսվում է հենց տնից՝ մի բառից, մի նախադասությունից, մի երգից։

Այսօր մեր կատարած ընտրությունը որոշելու է վաղվա սերնդի ինքնությունը։ Պահպանենք հայերենը ոչ թե պարտադրանքով, այլ սիրով՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագայի։ 

Հարգելի´ ծնողներ, մենք՝ հայերս, որտեղ էլ ապրենք, մեր սրտում տանում ենք մեր հայրենիքը։ Եվ հենց այդ սրտից պետք է արթնացնենք մեր երեխաների մեջ հայ լինելը ոչ թե որպես պարտադրանք, այլ որպես սիրո, հպարտության ու պատկանելիության զգացում։

Հայ ժողովուրդը չի փոքրանում, երբ սփռվում է աշխարհով մեկ։ Հայ ժողովուրդը փոքրանում է միայն այն ժամանակ, երբ մոռանում է իր լեզուն։

Եկեք չթողնենք, որ մեր վերջին ուժը՝ մեր ինքնությունը, դառնա մոռացված էջ։

Թող հայերենը հնչի մեր տներում, մեր դպրոցներում, մեր սրտերում, որ վաղվա երեխան էլ հպարտորեն ասի․ «Ես հայ եմ»։

Քրիստինե Առաքելյան

Response

Leave a Reply