ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հայրենի տուն

 (մտորումներ)

Փոքր էի, երբ ծնողներիս հետ տեղափոխվեցինք Ռուսաստանի  Դաշնություն: Ինձ  համար շատ   դժվար էր  բաժանվել  իմ ընկերներից, հարազատներից: Բայց  երբ  հասանք  քաղաք  Էնգելս, մեզ իր ջերմ ժպիտով  դիմավորեց  Գոհար  տատիկս՝  մայրիկիս մայրը:  Ես  մի պահ չհասկացա,  թե  ինչ  կատարվեց  ինձ  հետ  և    սկսեցի  հոնգուր-հոնգուր  լաց  լինել:  Առաջին  անգամ  տեսա  մայրիկիս  արցունքները,  երբ  նա գրկեց  տատիկին: Նրանք  երկար  տարիներ  իրար չէին տեսել:  Իմ  մանկական սիրտը կտոր-կտոր  եղավ:   Ես էլ  վազեցի  և  ամուր  գրկեցի  տատիկիս  ու  մայրիկիս՝  փորձելով  թաքցնել  իմ  արցունքները:  Բայց  քանի որ  հեկեկոցս չկարողացա   զսպել,  տատիկս  համբուրեց ինձ  և  ասաց.  «Իմ հրա´շք  թոռնիկ,  համարիր  որ  Ռուսաստանում  էլ  ունես   հայրենի  տուն»:  Եվ  այդ  օրվանից  ինձ  համար  տատիկիս  տունն  իսկապես  դարձավ  հայրենի  տուն:   

Ես  դեռ մանկուց  սիրել եմ երգել  ու  պարել:  Մայրիկս  ինձ  հաճախ  էր  ասում`  երբ  մեծանամ, պարուսույց  պիտի  դառնամ:  Բայց  հենց  տեղափոխվեցինք  Ռուսաստան,  ես  հասկացա,  որ  դժվար  թե  ռուսական  դպրոցներում  մեզ  «Քոչարի»  կամ   «Յարխուշտա»  սովորեցնեն: Եվ,  իսկապես,  հենց  ինձ  տարան  դպրոց, ավելի շուտ  առաջին  դասարան,   ուսուցչուհին  առաջարկեց  գնալ  պարի,  ինչպես  ես  ենթադրում  էի`  ռուսական:  Ես  հրաժարվեցի  գնալ  այդ  խմբակը,  բայց  փոխարենը  դասերից  անմիջապես  հետո  վազելով  գնում  էի  տատիկիս  տուն,  որ  պարեմ  հայկական  պարեր:  Տատիկիս  կողքին  ես  ինձ  իսկապես  զգում  էի՝  ինչպես  Հայաստանում:  Պապիկս  ամեն  օր  նայում  էր  հայկական  լուրեր,  տանը  միշտ  հնչում  էր  հայկական  երաժշտություն:  Էլ  չեմ  ասում,  որ  ամեն  օր  համտեսում  էի  իմ  աննման  տատիկի  ձեռքերով  պատրաստած համեղ  ուտելիքները`  հարիսա,  սպաս,  գաթա  ու  ղափամա:  Ինձ  համար  տատիկիս  տունն  իսկական  հայկական  դրախտ  էր,  իսկ  տատիկս`    հայ  կնոջ  իդեալական  կերպար:

Անցել  է  արդեն  10  տարի,  բայց  այսօրվա պես հիշում եմ հայկական տառերով նրա գոգնոցը:  Ես  սիրում  էի  կանգնել  գազօջախի  մոտ, երբ   իմ  ամենաքաղցր  տատիկը  համով  ուտելիք  էր  պատրաստում և  կարդալ  գոգնոցի  վրա  պատկերված  տառերը: Մենք  այդ  տառերով  բանաստեղծություններ  էինք  ասում:  Իսկ  երեկոներն  իմ  ամենասիրելի  ժամանակահատվածն էր,  երբ  դասերս  սովորելուց  հետո  տատիկս  իր  քաղցր  ձայնով  ինձ  համար  հեքիաթներ  էր  պատմում:  Շատ  էի  սիրում  լսել  «Արեգնազան»  հեքիաթը:  

Ես  դպրոցում  լավ էի  սովորում,  միշտ  հինգերով  էի  տուն  գալիս:  Մայրիկս  ինձ  ասում  էր,  որ  հայերը  շատ  խելացի  են  և  շատ  աշխատասեր,  և  ես  պետք  է  հայի  պատիվը  օտար  հողում  բարձր  պահեմ:  Ես  այդ  խոսքերից  ոգևորված՝  միշտ պատրաստ էի  գնում  դպրոց:

Իմ  առաջադիմության  համար  երրորդ  դասարանում  ինձ  «նշանակեցին» դասարանի  ավագ: Ես  ուրախությունից  դասարանում  սկսեցի  պարել  «Քոչարի»:  Ուսուցչուհին  նկատեց  իմ  ճկուն շարժումները  և առաջարկեց ինձ դպրոցի միջոցառումներին մասնակցել հայկական պարերով, երգերով ու բանաստեղծություններով։ Այս  լուրը  լսելուն  պես  ես  վազեցի  տատիկիս  տուն,  որ  հայտնեմ  ուսուցչիս  առաջարկի  մասին:  Թե’  տատիկը,  թե’ պապիկն  ու  ծնողներս  շատ  ուրախացան  և  ասացին,  որ  միասնական  ուժերով  կհաղթահարենք  ամեն  բան:  

Տարիները  գլորվում էին, և ես միջոցառումներին մասնակցում էի և  բարձր  պահում  հայի  պատիվը:  Տատիկս`  իմ  ամենաթանկն  ու  ամենասիրելին,  բոլոր  միջոցառումներին միշտ կողքիս էր:  Երբ  ինձ  հարց  էին  տալիս, թե  որտեղից  եմ  ես  այսքան  էներգիա  ստանում,  բոլորին  պատասխանում  էի.  «Իմ  հայրենի  տունը,  տատիս  ջերմությունն ու  հոգատարությունը ոչ  միայն  էներգիա  են  տալիս,  այլև՝  հայեցի  ապրելու  ուժ»:  Ես  հպարտ  եմ,  որ  իմ  ծնողները,  պապիկն  ու  տատիկը  ինձ  ՀԱՅ  են մեծացրել:  

Ցավոք  հիմա  իմ  հրաշք  տատիկն  այլևս  մեզ  հետ  չէ և  իր  իմաստուն  մտքերով  մեզ  հետ  էլ  չի  կիսվում,   բայց  նա  միշտ  մեր  սրտում  է:  

Իմ  հայրենի  տունը  Ռուսաստանում  տատիկիս  համն ու հոտն  ունի:  

Տատիկիս  կորուստը  շատ  ծանր  տարանք բոլորս:  Մայրս  երկար  ժամանակ  չէր  համակերպվում  այդ  անժամանակ  կորստի  հետ:  Ես  էլ  չէի  դիմանում՝  մայրիկիս  այդքան  կոտրված  տեսնելով:  Բայց  հիշում եմ տատիկիս  ասած  խոսքերը.  «Բալե´ս,  ինչ էլ  որ  լինի,  մամային  լավ  կնայես:  Քո  մայրիկն  իմ  աչքի  լույսն  է,  իմ  հավատն  ու  հույսն  է:  Այն, ինչին որ  դու  հասել  ես  հիմա, դա  քո  մայրիկի  սիրո, հոգատարության  և  անքուն  գիշերների  արդյունքն  է:  Սիրի՛ր  և  պաշտպանի՛ր  մայրիկիդ:  Ինձ  Աստված  հնարավորություն  տվեց  կյանքիս  վերջին  տարիներին  վայելել  իմ  աղջկա  ներկայությունն ու  սերը,  ուշադրությունն  ու  հոգատարությունը:  Դու  էլ  օրինակ  վերցրո´ւ  իմ  աղջկանից»:    

Ես  այդուհետ  սկսեցի  մայրիկիս  քիչ-քիչ  հանել  այդ  վիճակից:  Հաճախ  էի   պատմում  տատիկի  հետ  մեր  գաղտնի  խոսակցությունների  մասին,  իմ  չստացված  բլիթների  մասին:  

Ասում  են  ժամանակը  վերքերը  բուժում  է:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  այդ  ժամանակն  ուղղակի  կարոտի  է  վերածվում  և  ներսից  ժամանակ առ  ժամանակ  կրծում  հոգիդ:

Հիմա  ես  տասնինը  տարեկան  եմ, ուսանողուհի  եմ:  Մայրիկիս  աջակցությամբ  Էնգելս  քաղաքում  բացել  եմ  հայկական  պարի  խմբակ:  Մեր  հայ  երեխաներին  սովորեցնում  եմ  հայկական  պարեր,  մեր  «Քոչարին»,  «Յարխուշտան»։ Մեծ սիրով ու ոգևորությամբ հաճախում եմ մեր քաղաքի հայկական դպրոցը շաբաթ և կիրակի օրերին։ 

Ամեն  օր  դասերից,  պարապմունքներից  հետո, սովորության  համաձայն, գնում  եմ  «Իմ  հայրենի  տուն»,  կանգնում  տատիկիս  նկարի  առջև  և  պատմում  օրվա  կատարվածը: Համոզված  եմ,  որ  իմ  հրաշք  տատիկը  տեսնում  է  երկնքից  և  ուրախանում,  որ  իր  թոռնուհին  ՀԱՅ  է  մեծանում: 

Ալլա Խաչատուրյան                     

ՌԴ  Սարատովի  շրջանի  Էնգելս  քաղաքի «Զարթոնք» հայկական դպրոց 

Ուսուցիչ՝ Քրիստինե Առաքելյան

Leave a Reply