ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Վերցնում եմ գրիչս, թաթախում օրվա վազող մտքերիս մեջ ու փորձում շարադրել 45 գարուններիս կենսագրական շղթան։

Ու ես սկսվել եմ․․․ ե՞րբ․․․ այն պահից, երբ առաջին անգամ տպավորվեց կյանքիս ամենազգայացունց հուշը ու ստիպեց մե-ծա-նալ․․․ Երբ ինձ  մեծ էի  համարում, ուզում էի սովորել․․․ սովորել դպրոցում, որ ․․․ լավ ՄԱՐԴ դառնամ (մանկական մաքուր ընկալումներիս մեջ  կյանքում մեծագույն մասնագիտությունը ՄԱՐԴՆ էր)։ Ու արդեն երազում էի․․․ երազում  էի դառնալ   կյանքի անարդարությունը “փշրող” մասնագետ  և ի պատասխան  առաջին ուսուցչիս հարցմանը, թե ինչ եմ ուզում դառնալ (չէ՞ որ արդեն մեծացել էի)՝  պատասխանեցի ՝ իրավաբան, ոստիկան, որ  դատեմ բոլոր վատ մարդկանց։  Բայց աղջկական մեկ այլ երազանք  յոթ տարեկանում ինձ  ծանոթացրեց մի խիստ պարուսույցի հետ, որը մեր առաջին իսկ հանդիպման օրը   «խիստ և հանդիմանող» ձայնով ասաց․ «Հիշի՛ր, դու պետք է պարը շարունակես․ դու դառնալու ես մեծ պարուհի»։ Բայց իրականացավ մայրիկիս մանկության երազանքը․ դարձա քանոնահարուհի․․․ Արվեստի աշխարհում նրբանկատությանս և գեղեցիկը զգալու և այն ապրելու  համար շնորհակալ եմ ՆՐԱՆ։ Եղա բեմում, նորից խրախուսեցին՝ դու կդառնաս լավ քանոնահարուհի։ Բայց ինչպես ասել է  Ավետիք Իսահակյանը․ «Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրակալ»․․․

Ես ավարտեցի ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը (2005- 2009), որին հաջորդեցին մագիստրոսական երկու հետաքրքիր տարիներ՝ լի Սփյուռքագիտության  մասնագիտական գիտելիքների որոնումներով ու պրպտումներով։ Ուսումնառությանս տարիներին հետաքրքրություններիս   շրջանակը արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականության ուսումնասիրություններն էին, նաև Սփյուռքի ձևավորման պատմությունը, արևմտահայ և սփյուռքահայ գրականությունը, մշակույթը, մամուլը։  

․․․Եվ ծանրակշիռ դիպլոմներով  դարձա մշակ՝  երկար ու ձիգ  տարիների մանկավարժական գործունեություն ծավալելով  ռուսական և հայկական դպրոցներում, քոլեջում։

Հիմա Սփյուռքում եմ։ Փոքրիկ քայլերով փորձում եմ բացահայտել այն և իմ գործունեությամբ հայ միտքը պահել անխառն և ամուր՝  կառչած իր արմատներին։ Ես դեռ հոսում եմ․․․ ես դեռ շարունակվում եմ․․․․

Leave a Reply