«Արտաշունչ»-ը՝ որպես նոր արահետ
(Գործն է անմահ, լավ իմացեք…)

Սույն թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Անապայում, «Թումանյանական օրեր»-ին ընդառաջ, կայացավ համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի IV փառատոն-մրցույթը: Փառատոնը կազմակերպել էին Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական ազգային մշակույթի կենտրոնը (Նախագահ` Ռուսլան Կագրամանյան), «Арт — Планета» մշակութային և ստեղծագործական զարգացման կենտրոնը (Տնօրեն՝ Կարեն Սաքանյան) և Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնը (Տնօրեն՝ Կարինե Փիլոյան): Փառատոնի հյուրերից էր Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության կրթության, մշակույթի, երիտասարդության և հայրենասիրության վարչության պետ Տիգրան Դանիլովը, ժյուրիի անդամներից էին Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ կրթության բաժնի վարիչ Կարինե Եսայանը և բանաստեղծուհի Երազիկ Հարությունյանը (առցանց):
Այսօր մեր զրուցակիցն է «Արտաշունչ» փառատոնի հիմնադիր Կարինե Փիլոյանը:
— Հարգելի՛ տիկին Փիլոյան, ո՞րն էր ձեր ոգեշնչման աղբյուրը՝ «Արտաշունչ» փառատոնը հիմնելիս:
— Սերնդակիցներիցս շատերի նման՝ թատրոնն իմ սերն է: Ժամանակին անգամ առաջարկություն է եղել աշխատել թատրոնում, բայց նախընտրեցի դպրոցը և երբեք չէի պատկերացնում, որ ամբողջ ընտանիքով պիտի ծառայենք թատրոնին: Այսօր մենք ունենք մեր պատրանքի թատրոնը, որի բեմական գործունեության 40-ամյակը նշելու ենք այս տարի:
Իմ մանկական հիշողությունների մեջ մնացել է «ամենալավ թատրոնը»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկականը, որի հյուրախաղերը երկու անգամ կազմակերպեցինք Անապայում, իսկ մեր փառատոնի գաղափարը ծնվեց հանկարծակի: Դրա անցկացման համար կային բոլոր նախադրյալները՝ երիտասարդական թիմ, որը հաճախ էր կազմակերպում գրական երեկոներ ու փոքրիկ ներկայացումներ, հմուտ ռեժիսոր՝ Կարեն Սաքանյանը, և, ամենակարևորը, մեծ ցանկություն՝ թատերական արվեստի միջոցով հայ երեխաներին կապել հայ գրականությանը:
— Ինչպե՞ս ծնվեց փառատոնի անվանումը և ո՞րն է դրա խորհուրդը:
—Անվանման մտահղացումը մեր երիտասարդական կազմակերպության տաղանդավոր ու ակտիվ անդամներից մեկինն է՝ Սյուզի Մինասարյանինը, իսկ խորհուրդը՝ հայ թատերական արվեստի շունչը:
— Ո՞րն է փառատոնի հիմնական նպատակը:
— Առաջնահերթ նպատակը հայոց լեզվի ու գրականության պահպանումն է Սփյուռքում, ինչպես նաև՝ երեխաների և երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացումը, թատերական արվեստի շնորհիվ՝ սեփական ժողովրդի հոգևոր մշակույթի և պատմական ժառանգության հանդեպ վերաբերմունքի ձևավորումը:
— Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել նախնական դժվարությունները:
— Առաջին փառատոնը անցկացվեց 2023 թ․ մարտի 23-ից 27-ը՝ Երևանում անցկացվող «Թումանյանական օրեր»-ին ընդառաջ, և մասնակիցներից պահանջվեց առանձին անվանակարգով ներկայանալ մեծ բանաստեղծի ստեղծագործություններով: Նման կարգի ցանկացած առաջին նախաձեռնության համար ամենադժվարն, անշուշտ, մասնակիցների քանակի ապահովումն է: Այս հարցը լուծվեց Դոնի Ռոստովի հայերենի հրաշալի ուսուցչուհիներ Արմինե Ղազարյանի, Արմինե Հովսեփյանի, Ծովինար Սարգսյանի շնորհիվ, որոնք արդեն մասնակցել էին մեր նախաձեռնություններից մեկին՝ «Հայերենի ուսուցում ծովափնյա հանգստով» ճամբարին: Ռոստովցի ռեժիսոր Սամվել Զաքարյանի (ցավոք, այսօր արդեն լուսահոգի) բեմադրությամբ թումանյանական երեք ներկայացումներն էլ ունեցան հաջողություն՝ վայելելով հանդիսատեսի մեծ համակրանքը: Բեմական խոսքի, ասմունքի գեղեցիկ կատարումներով հանդիսատեսի ջերմ ծափերին արժանացան հայոց լեզվի ուսուցիչներ Արև Բալայանի (Նովոռոսիյսկ) և Արշալույս Երեմյանի (Կրասնոդար) սաները:
— Ինչպե՞ս է փառատոնը փոխում համայնքների մշակութային դիմագիծը:
— Փառատոնի շնորհիվ համայնքը դառնում է ավելի նկատելի, մեզ սկսում են ճանաչել այլ քաղաքներում, մենք ևս ծանոթանում ենք այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Այն նաև համայնքները միավորող օղակ է Սփյուռքում:
— Ո՞րն է փառատոնի զարգացման ձեր տեսլականը:
— Տարեցտարի մասնակիցների քանակը և ներկայացումների բարձր որակը խոսում են փառատոնի հետաքրքրությունների շրջանակի ընդլայնման մասին: Ցանկությունս է, որ այն դառնա միջազգային, և բեմահարթակում տեսնենք ավելի գեղեցիկ ներկայացումներ մայրենի լեզվով: Իսկ մենք կաշխատենք խմբեր հրավիրել նաև Մայր Հայրենիքից:
— Հարգելի’ տիկին Փիլոյան, վստահ ենք, որ ձեր հայանվեր աշխատանքի շնորհիվ, մոտ ապագայում «Արտաշունչ»-ը կդառնա հայ համայնքների մշակութային համախմբման կենտրոն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փառատոնի որոշ արձագանքներ։
Կարինե ԵՍԱՅԱՆ, Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ կրթության բաժնի վարիչ
«Արտաշունչ»-ի ժյուրիի անդամներից եմ և մեծ սիրով եմ մասնակցում փառատոնին: Մշակութային փառատոների անցկացումը կարևոր նշանակություն և դեր ունի հայրենիքից հեռու ապրող հայ երեխաների դաստիարակման գործում: Այն տոն է հայ մանուկների և երիտասարդության համար, մշակութային և ազգային ոգու արթնացման տոն: Նման տոներն ունեն խոր ազդեցություն երեխաների ստեղծագործական ու մտավոր կարողությունների, ինչպես նաև հայեցի մտածողության ձևավորման գործում։ Դրանք մեր սաներին մոտեցնում են հայ մշակույթին՝ փրկելով այն մոռացության փորձությունից: Երեխաները ձեռք են բերում նոր ընկերներ՝ ընդարձակելով հայկական միջավայրի շփման շրջանակը:
Կարծում եմ, որ ժամանակն է ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը: Բոլորիս հորդորով և «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանի ջանքերով՝ հաջորդ տարի, կարծում եմ, փառատոնը կլինի միջազգային մակարդակի: Այո՛, շատ դժվար գործ եմ առաջարկում, բայց՝ իրագործելի և իրատեսական:
Շատ դժվար էր ընտրել լավագույն ներկայացումը, քանի որ բեմի վրա ոչ թե արհեստավարժ դերասաններ են, այլ հայկական կրթօջախների սաներ: Յուրաքանչյուր բեմականացում հետաքրքիր էր յուրովի: Բայց ինձ շատ դուր եկան Չալթրի թիվ 1 դպրոցի և Մոսկվայի «Գտնված երազ» ստուդիայի սաների ելույթները: Հիացած եմ նաև Կուբանի Սլավյանսկի կիրակնօրյա դպրոցի սան Գարիկ Մկրտչյանի ասմունքով:
Կե՛ցցեն և՛ փառատոնի կազմակերպիչները, և՛ մասնակիցներն ու նրանց ուսուցիչները:
Երազիկ Հարությունյան, բանաստեղծուհի, «Սփյուռքի դպրոց» թերթի գլխավոր խմբագիր
Ասեմ, որ «Արտաշունչ» փառատոնով հիացած և ոգևորված եմ հենց առաջին իսկ միջոցառումից, որովհետև նման նախագծի կարիքը կար։ Թատրոնը մի կախարդական աշխարհ է, մի բազմագույն իրական հեքիաթ։ Ընդհանրապես, արվեստի տարբեր միջոցները ոչ միայն նպաստում են լեզվի զարգացմանը, այլև լեզվի հետ զուգահեռ միջոց են դառնում ուսուցչի ձեռքերում՝ պահպանելու հայկական ինքնությունը, հայի տեսակը։ «Արտաշունչը» մեր ուսուցիչներին և աշակերտներին հնարավորություն է տալիս դուրս գալ հայոց լեզվի դասի շրջանակներից, ստեղծել հետաքրքիր էտյուդներ, ներկայացումներ, բեմ բարձրացնել մեր ծեսերն ու խաղերը։ Այս ամենի մեջ մի այլ կերպով է ինքնադրսևորվում աշակերտը, պատանին։ Բեմը՝ որպես մշակութային ամենաոգևորիչ գործիքներից մեկը, բացում է շատ ու շատ թաքնված շնորհներ երեխայի մեջ և ներշնչում է մեծ խանդավառություն։ Ես անգամ կետերով կարող եմ նշել այս փառատոնի արդյունքները։ Այն նախ՝ մերձեցնում է մեր երեխաներին թատերական հրապուրիչ արվեստին, 2-րդ` մեր տեսակի պահպանման համար անսահման կարևոր են հայ գրական գործերի, ավանդական ծեսերի և բանահյուսական նյութերի բեմականացումները երեխաների ուժերով, ինչին ականատես ենք լինում ամեն անգամ, 3-րդ` լեզուն բեմական խոսքի միջոցով ավելի հեշտ է բացվում և ավելի հրապուրիչ է հնչում, ու սա ևս մեկ շարժառիթ է՝ հայերեն խոսելու և հայերենով արտահայտվելու համար, 4-րդ` այս ամենամյա փառատոնը հնարավորություն է տալիս տարբեր քաղաքների ուսուցիչների, պատանիների և երեխաների ծանոթանալ միմյանց հետ, մրցակցել, համեմատվել իրենց հայեցի գիտելիքներով, 5-րդ` ուսուցիչներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց աշխատանքները, որ երբեմն այնքան լուռ, այնքան անտեսված և այնքան համեստ են անում։ Նման միջոցառումները դառնում են ևս մի խթան, խանդավառություն, նաև հետաքրքիր հարթակ՝ ուսուցիչների աշխատանքը ուրիշներին ցուցադրելու և դրանից ավելի մեծ լիցքեր ստանալու համար: Ինքս էլ ամբողջ տարին մեծ ոգևորությամբ սպասում եմ, թե ինչ նոր հետաքրքիր դրսևորումներ եմ տեսնելու բեմի վրա, ինչ նոր շնորհներ եմ մատնանշելու մեր սաների և ուսուցիչների մեջ։
Բոլոր առումներով «Արտաշունչ» փառատոնը նոր երևույթ է, նոր ուղղություն, սա Կարինե Փիլոյանի և իր համախոհների ջանքերով բացված մի նոր արահետ է, որով դեռ երկար քայլելու են Ռուսաստանի հայկական աշխարհում։ Մաղթում եմ բարգավաճում, զարգացում, նոր գաղափարներ և ուղղություններ։
Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ, «Գտնված երազ» կրթամշակութային կենտրոնի փոխտնօրեն
Հայրենիքից հեռու, բայց հայրենիքով շնչող հայը միշտ գիտի՝ մշակույթն այն միակ զրահն է, որը թույլ չի տալիս ձուլվել օտար ափերում։ Հենց այս գիտակցումն է ընկած մեր ամենօրյա աշխատանքի հիմքում։
Երբեմն բառերը բավարար չեն լինում նկարագրելու այն զգացողությունը, երբ տեսնում ես քո երկարատև աշխատանքի պտուղները՝ մարմնավորված օտարության մեջ ապրող հայ մանուկների փայլուն աչքերում։ Այս տարի Լազարյան ֆոնդի աջակցությամբ Մոսկվայի «Գտնված երազ» կրթամշակութային կենտրոնը կրկին հնարավորություն ստացավ մասնակցելու Անապայում կայացող «Արտաշունչ» թատերական IV փառատոնին։ Այս առիթով իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Գտնված երազ»-ի հիմնադիր Մարի Մնացականյանին՝ իր անսպառ աջակցության, վստահության և մեր ստեղծագործական ուժերի հանդեպ ունեցած մեծ հավատի համար։ Այսօր ես գրում եմ այս տողերը ոչ միայն որպես խմբի ղեկավար, այլ որպես հայ մարդ, որը երջանիկ է վկայել մեր ազգային ինքնության հերթական ձեռքբերումը։
Սցենարի ընտրությունը պատասխանատու փուլ էր։ Ես փնտրում էի մի գործ, որը երեխաներին կկապեր իրենց արմատների հետ այնքան ամուր, որ նրանք բեմում ոչ թե պարզապես խաղային, այլ ապրեին հայեցի։ Ընտրեցինք Գյումրվա հումորային, «համով-հոտով» բարբառը։ Այն ամբողջական նվիրումը, որ ներդրեցին սաները փորձերի ժամանակ, տվեց իր ցանկալի արդյունքը։ Մեր փոքրիկ համարն արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի բարձր գնահատականին՝ դառնալով փառատոնի լավագույններից մեկը։ Սակայն ինձ համար ամենամեծ պարգևը բեմից հնչող մաքուր ու հարազատ հայերենն էր, որ թնդում էր դահլիճում։
Փառատոնն ինձ համար նոր բացահայտումների ու գործընկերային ջերմ հարաբերությունների հարթակ էր։ Առաջին իսկ վայրկյանից մենք զգացինք այնպիսի մթնոլորտ, կարծես ճանաչում էինք միմյանց տարիներ շարունակ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Արտաշունչ»-ի հիմնադիր-կազմակերպիչ տիկին Կարինե Փիլոյանին, որն անսահման սեր ու եռանդ է ներդնում այս հայրենանվեր գործում։ Նրա շուրջը համախմբված հայ երեխաները նման էին մի լուսավոր ու մեծ ընտանիքի։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ որքան էլ հեռու լինենք հայրենիքից, այն միշտ մեր սրտում է։
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ, Հարավային դաշնային համալսարանի հայագիտության կենտրոնի դասախոս
Արդեն չորրոդ տարին է, ինչ մեծ սիրով ու պատրաստակամությամբ եմ մասնակցում այս մրցույթին։
Առաջին մասնակիցներն էինք, որ հավատացինք ստեղծման գաղափարին, տիկին Կարինեի խոսքերից խանդավառվեցինք ու… ի գործ։
Ի՜նչ լավ է, որ դու կաս, սիրելի՛ «Արտաշունչ» ։ Տարեցտարի նոր շունչ ես առնում ու թումանյանական անհուն աշխարհը յուրովի կենդանացնում Անապայի գողտրիկ անկյունում։ Ապրի՛ր երկար, խաղաղ ու միշտ այդպես գրկաբաց ընդունի՛ր մեզ, արդեն հարազատ դարձած փառատո՛ն։
Արմինե Ղազարյան, Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն
«Արտաշունչ» փառատոնը երեխաներին հնարավորություն է տալիս կտրվելու հեռախոսներից և հաղորդակից լինելու արվեստին, գրականությանը, նաև սովորեցնում է պատասխանատվության զգացում փոքր տարիքից: Այն լիովին ծառայում է իր հիմնական նպատակներին. բեմից հնչում է հայերենը, թումանյանական հեքիաթները նոր շունչ են առնում, դիտում են միմյանց խաղը, սովորում են շփվել հասակակիցների հետ, աշխատում են թիմում, զարգացնում են գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությունը: Երեխաները ձեռք են բերում ինքնավստահություն, հաղթահարում են ամաչկոտությունը: «Արտաշունչ»-ի հարգելի՛ կազմակերպիչներ, շնորհակալություն ենք հայտնում ջերմ ընդունելության և փառատոնը գերազանց կազմակերպելու համար։
Մինչ նոր հանդիպում արևաշող Անապայում։
Սյուզաննա Գրիգորյան, Կուբանի Սլավյանսկ քաղաքի Վ. Փափազյանի անվան հայկական մշակույթի կենտրոնի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցչուհի
Շատ ուրախ եմ ու հպարտ, որ ունեմ Գարիկի պես տաղանդավոր աշակերտ: Նա հասցրել է գերել շատերի սիրտը: «Արտաշունչ» փառատոնը հնարավորություն է տալիս Գարիկի պես տաղանդավոր աշակերտներին ներկայանալ մեծ լսարանի առաջ, ելույթ ունենալ հայերեն, ձեռք բերել մեծ փորձ և ինքնավստահություն՝ հետագա ելույթների համար։ Գարիկն այնքան է ոգևորել մյուս աշակերտներին, որ այս տարվա փառատոնին մեր դպրոցից մասնակցել են 14 աշակերտներ՝ տարբեր անվանակարգերում։ Ներկայացրել ենք Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվես»-ը, որը ևս մեկ առիթ էր բացահայտելու աշակերտների դերասանական տաղանդը։ Այս տարվա բացահայտումն էր փառատոնի ամենափոքր մասնակիցը՝ 4-ամյա Մարկ Հովհաննիսյանը: Նա հիացրեց իր ասմունքով և արժանացավ ժյուրիի ու հանդիսատեսի բարձր գնահատականին։
«Արտաշունչ»-ը մեծ ոգևորություն է առաջացնում մեր համայնքում և՛ աշակերտների, և՛ ծնողների շրջանում։ Շատերն արդեն սպասում են հաջորդ «Արտաշունչ»-ին՝ նոր ծանոթություններ ձեռք բերելու, ավելի լավ ներկայանալու և ավելի մեծ հաղթանակների հասնելու համար։
Վերա Իսրայելյան, Նովոռոսիյսկի «ԼՈՒՅՍ» հայկական մշակույթի կենտրոն
Նովոռոսիյսկ քաղաքի «ԼՈՒՅՍ» համայնքին կից դպրոցի սաներն այս տարի նույնպես մասնակցեցին Անապայում կազմակերպված «Արտաշունչ» փառատոն-մրցույթին։ Որպես հայ ամրանալու և ինքնությունը պահպանելու կարևոր գործոն է այս փառատոնը՝ հիմնված մշակութային ու հոգևոր արժեքների վրա։
Այս տարվա մեր ներկայացումը պատահական չէր ընտրված։ Այն շատ ցավոտ և բոլորին հուզող թեմա էր։ Մայր Հայրենիքից հեռու ապրող յուրաքանչյուր հայ իրեն չպետք է համարի «անբույն արագիլ»։ Մենք ունենք Հայաստան, որն աշխարհի հայերի տունն է։ Ունենք լեզու և մշակույթ, որոնք մեր գոյության գրավականներն են ու միշտ ապրում են մեր ներսում։ Քանզի իրավունք չունենք կորցնելու վերադարձի մեր միակ հասցեն, աշխարհում տեսած մեր առաջին արևածագը… Եվ առ Մասիս մեր առաջին աղոթքը… Աղոթք՝ քո փառքի ու խաղաղության համար, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՕՐՐԱՆ…
Արշալույս Երեմյան, Կրասնոդարի «Խաչքար» միավորման ղեկավար
«Խաչքար» միավորման սաներն արդեն չորրորդ տարին է, ինչ մեծ ոգևորությամբ մասնակցում են «Արտաշունչ» փառատոնին։ Առաջին տարին հանդես եկանք Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններով և ստացանք առաջին և երկրորդ կարգի մրցանակներ։ Ոգևորված մեր հաջողություններով՝ երկրորդ տարին որոշեցինք ներկայացնել նաև Հովհաննես Թումանյանի «Խրճիթում» բանաստեղծության բեմականացումը։ Կրկին բարձր տրամադրությամբ վերադարձանք Կրասնոդար։ Հատկապես ուզում եմ նշել այն հանգամանքը, որ աշակերտների ծնողները նույնպես սրտի թրթիռով են սպասում փառատոնին: Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր մասնակցի է՛լ ավելի մոտ լինել իր արմատներին, զգալ հայերեն խոսքի ուժն ու քաղցրությունը։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Կարինե Փիլոյանին ու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հայրենանվեր գործում։
Անհամբեր սպասում ենք հաջորդ փառատոնին։
Հռիփսիմե Վարդևանյան, Չալթրի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Սույն թվականին առաջին անգամ Չալթրի թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները մասնակցեցին Անապայում անցկացվող «Արտաշունչ» թատերական արվեստի IV փառատոն-մրցույթին: Անեցիների յուրահատուկ բարբառով ներկայացրինք «Ով աշխատի, նա կուտի» և «Անխելք մարդը» հեքիաթները: «Ով աշխատի, նա կուտի» ներկայացման մեջ աշակերտներն իրենց ծնողների հետ միասին ցուցադրեցին նաև անեցիների հարսանյաց հանդեսի ավանդույթներն ու ծեսերը, որոնք պահպանվել են մինչև օրս: Արժանացանք ժյուրիի համակրանքին ու հանդիսատեսի ջերմ ծափողջյուններին:
Առանձնահատուկ ոգեշնչող մթնոլորտ էր տիրում փառատոնում: Առաջին օրը եղանք Հայկաձորի Սուրբ Գևորգ եկեղեցում, մասնակցեցինք Ծաղկազարդին՝ ստանալով քահանայի օրհնությունը: Հետո «Թատրոնի գիտակներ» մրցույթ խաղն էր «Մուշ» դպրոցում, որտեղ մեր աշակերտները գրավեցին առաջին տեղը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Արտաշունչ» փառատոնի ժյուրիի անդամ, ռեժիսոր, դերասանական արվեստի և բեմական խոսքի վարպետ Կարեն Սաքանյանին՝ բեմական խոսքի վարպետության անչափ օգտակար դասի համար: Սաքանյան արվեստագետների ընտանիքի յուրաքանչյուր անդամը զարմացրեց և հիացրեց մեզ «Պատրանքի թատրոնի» «Իրականության եզրին» շոու-ծրագրով:
Շնորհակալություն անմոռանալի օրեր պարգևելու համար, Անապայի սիրելի համայնք: Մինչ նոր հանդիպում…




Նյութը պատրաստեց՝ Արմինե Հովսեփյանը, Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջևան» թերթի հայերեն բաժնի խմբագիր

Leave a Reply