ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Զվարճալի պատմություններ

Boy in blue shirt daydreaming about running on a sunny beach with sand toys
Հայերենի դասին

​Ուսուցչուհին հարցնում է Արամիկին.

— Արամի՛կ, «ես լողում եմ, դու լողում ես, նա լողում է» … ի՞նչ ժամանակ է։

Արամիկը մի պահ մտածում է ու պատասխանում.

— Ըստ երևույթին՝ ամառ է, տիկի՛ն Նաիրա։


Անսպասելի հարցը

​Ուսուցիչը բացատրում է աշակերտներին.

— Երեխանե՛ր, բանաստեղծություն ասմունքելիս երբեք մի՛ շտապեք: Յուրաքանչյուր կետադրական նշանի մոտ պետք է փոքրիկ դադար տալ, որպեսզի խոսքն ավելի արտահայտիչ հնչի:

​Աշակերտներից մեկը հետաքրքրությամբ հարցնում է.

— Իսկ բազմակետի  դեպքու՞մ, ընկե՛ր Զոհրաբյան, երեք անգա՞մ պիտի կանգ առնենք:


Ամենակարճ շարադրությունը

​Ուսուցիչը հանձնարարում է գրել շարադրություն «Ի՞նչ է ծուլությունը» թեմայով։ Տիգրանը հանձնում է մի լիովին դատարկ թուղթ, որի միայն ամենաներքևի անկյունում փոքրիկ տառերով գրված էր.

«Ահա թե ինչ է ծուլությունը»։


Ինչի՞ համար է պետք սովորել օտար լեզուներ

Կատուն ընկնում է մկան հետևից։ Մուկը վազում է, վազում ու տեսնում, որ այլևս ելք չկա. կատուն արդեն հասնում է իրեն։ Հանկարծ մուկը կանգ է առնում ու սկսում շան նման բարձր հաչել.

— Հա՛ֆ-հա՛ֆ, հա՛ֆ…

​ Կատուն, կարծելով, թե մոտակայքում շուն կա, սարսափած փախչում է։ Մուկը շունչ է քաշում, սրբում ճակատի քրտինքն ու ասում.

— Ա՛յ, տեսնո՞ւմ եք, թե որտեղ է պետք գալիս օտար լեզվի իմացությունը։

Գոհար Զոհրաբյան


«Վելի՛կ, բավական է»

​ Մի անգամ աշակերտներիցս մեկի՝ Վելիկի ծնողները, որոնք մեր մոտիկ բարեկամներն էին, խնդրեցին, որ մի քանի օր լրացուցիչ պարապեմ տղայի հետ՝ առաջադիմությունը բարելավելու համար։ Դասերից հետո Վելիկը եկավ մեր տուն։ Հաջորդ օրվա բոլոր առաջադրանքները բացատրեցի, գրեց, հասկացավ։ Հերթը հասավ Մայրենիին. թեման «Պետրոս Ադամյանն» էր։ Աշակերտս մի քանի անգամ կարդաց առաջին էջը, ապա դիմեց ինձ.

— Հարգելի՛ ջան, մինչև այս հատվածը որ պատմեմ, կասե՞ք՝ «Վելի՛կ, բավական է»։

​ Հաջորդ օրը դասի ժամանակ նա խնդրեց, որ իրեն առաջինը հարցնեմ։ Առաջին էջը սահուն ու գեղեցիկ պատմեց, բայց երբ հասավ շարունակությանը, կանգ առավ ու սկսեց սպասել իմ «բավական է»-ին։ Չլսելով այն՝ դիմեց ինձ.

— Հարգելի՛ Վարդի՛կ, դե ասա՝ «Վելի՛կ, բավական է»։

​ Դասարանը թնդաց ծիծաղից, իսկ ես, ժպիտս հազիվ զսպելով, թույլ տվեցի, որ դասը շարունակի մյուս աշակերտը։


Ուրիշի ուղղակի խոսքը

​Տարիներ առաջ էր։ Հայոց լեզվի դաս էր, թեման՝ «Ուրիշի ուղղակի խոսք»-ը։ Աշակերտներիցս մեկը բավականին անուշադիր էր. անընդհատ խոսում էր դասընկերոջ հետ, և ինձ թվում էր, թե բաց է թողել նյութը։ Մի փոքր բարկացած նրան կանչեցի գրատախտակի մոտ և հարցրի.

​— Գագի՛կ, ապա ասա՛ ինձ, երբ տուն ես գնում, հայրիկդ ի՞նչ է ասում քեզ։

​Աշակերտս անմիջապես պատասխանեց բարբառով.

— Հայքելի՛ (հարգելի՛), հերս կըսե. «Օ՜ր Գագո՛, քնե օչխրները դիզեն փեր» (Գագո՛, գնա ոչխարները արոտից բեր)։

​Դասարանում ուրախ ծիծաղ բարձրացավ։ Ես էլ ժպտացի, քանի որ, չնայած բարբառին, նա յուրովի հասկացել էր ուղղակի խոսքի կիրառությունը։

Վարդենիկ Գաբրիելյան


Ինչի՞ համար են մազերը

Դասի թեման «Իմ դեմքն ու իմ մարմինն» էր։ Աշակերտներին հարցնում եմ․ — Ի՞նչ դեր ունեն գլխի մազերը։ 

Մարկն ասաց․ 

— Պետք է մտածել,- քիչ հետո պատասխանեց,- մեծ ականջները փակելու համար»։


Քաղցրանուշիկ Մարկը

«Փոքր Մհեր» դասագրքից կարդում եմ 10-րդ դասի՝ Երազիկ Հարությունյանի «Քաղցրանուշիկ» բանաստեղծությունը, որի առաջին տողն այսպես է սկսվում․ «Բերան ունեմ քաղցրանուշիկ․․․»։ Երբ կարդացի առաջին տողը, Մարկն անմիջապես ավելացրեց․

— Իսկ ես ամբողջությամբ եմ քաղցր։ 

— Որտեղի՞ց գիտես։

— Իմ ծնողները միշտ ինձ ասում են քաղցրիկս, որ քաղցր չլինեմ, կասե՞ն։ 

Արշալույս Երեմյան, Կրասնոդարի «Խաչքար» միավորման ղեկավար

Response

  1. Vardenik Gabrielyan Avatar

    Նվիրյալ երիտասարդ մանկավարժ `մայրենի լեզվի։Շնորհակալություն։

Leave a Reply