«Հայ ու Հայաստան»

Մարտի 21-ին Կրասնոդարի «Ռուսաստանի հայերի միության» քաղաքային բաժանմունքի Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Հայ ու Հայաստան» խորագրով միջոցառում։ Նպատակն էր` ավագ սերնդի հիշողության մեջ արթնացնել և նոր սերնդին ցույց տալ հայ ժողովրդի անպարտելի ոգին, հաստատել, որ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է օրհասական ժամանակներ, բայց չի հանձնվել. կարողացել է դուրս գալ դժվարություններից, ապրել և պահպանել ինքնությունը։ Այն մեծ հնարավորություն էր նոր սերնդին ծանոթացնելու մեր պատմական անցյալին, մեր հայրենիքի հերոսական էջերին, որոնց շնորհիվ մենք կանք և արժանապատիվ տեղ ենք զբաղեցնում աշխարհում։ Հայկ Նահապետի ազատաշունչ պատգամից, Ավարայրից, Սարդարապատից, Շուշիից վեր հառնած ժողովուրդը իրավունք չունի վհատվելու, պարտավոր է ապրել, արարել` հավատարիմ մնալով իր արմատներին։ Երիտասարդների ոսկեղենիկ հայերենով հնչեցրած խոսքն ասում էր` մենք անմահ ենք։
Նախ՝ հարկ էր պարզել, թե «Երկիր մոլորակ» կոչվող հողագնդի ո՞ր անկյունն է ի վերուստ սահմանվել հայոց ազգի համար։ Որտե՞ղ է նա սկսել կերտել իր ճակատագիրը։ Հին կտակարանի հեղինակները դրախտը զետեղել են Հայաստան աշխարհում։ Ճշմարտություն է նաև այն, որ դրախտն այնտեղ է, որտեղ մարդու հայրենիքն է, որտեղ ծնվել ու ապրում են մարդու ոգեղեն պատմությունները։ Հայոց աշխարհն, իրոք, դրախտավայր է… Եվ այդ դրախտավայրի փառավոր էջերը ներկայացնելը մեր օրերում համարում ենք առաջնային, քանի որ ինչպես Խորենացին է ասել. «Թեև մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ և շատ անգամ օտար թագավորությունների տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված` գրելու և հիշատակելու արժանի»։
Ճանաչել ինքն իրեն, նշանակում է հասկանալ այն առասպելները, որոնք գաղտնազերծում են մեր ազգի ով լինելը։ Հայերի նախահայրը` Հայկը, հաղթեց բռնակալ Բելին և իր երկիրը դարձրեց մի ընդհանրական ու ազատ աշխարհ. սա խրատ է, պատգամ իր հետնորդներին՝ թշնամուն լինել անհնազանդ, պայքարել ու արդարությամբ վաստակել ազատ ապրելու իրավունքը, հաղթելուց հետո էլ շենացնել երկիրն ու բարիք արարել ․․․
Հայկի հետնորդների շնորհիվ էլ հայ ժողովուրդը կարողացել է ապրել, արարել, հարկ եղած դեպքում՝ զենք վերցնել ու պայքարել։
Հայկ Նահապետի անհնազանդության հետ անմիջական զուգահեռներ ունի մեր ազգի հավաքական կերպարը` Սասունցի Դավիթը, որը դեռևս փոքր հասակից հակադրվեց օտար և թշնամի միջավայրին. չընդունեց ոչ մի ստնտու, սնվեց Սասունից բերված յուղ ու մեղրով և չանցավ Մսրա Մելիքի թրի տակով։ Այս կերպարով ներնչված՝ Սասունի պաշտպանների և նրանց քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով մշտապես ոգեշնչել են և ազատության ու պայքարի տրամադրություն հաղորդել։
Այս ամենն իր գեղարվեստական ամփոփումն ունեցավ Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծությամբ և Սասնա պարով։
Հայոց պատմության ողջ ընթացքում հայերը բազմաթիվ տառապանքների ու փորձությունների են ենթարկվել, սակայն պատվով գոյություն ունեն մինչ օրս, և դա այն ճակատամարտերի արդյունքում, որոնցից հաղթանակած են դուրս եկել։ Դրանք այնքան շատ են, որ բոլորին անդրադառնալն անհնար է. ծրագրում տեղ գտան մեր ինքնության խորհրդանիշ Ավարայրի ճակատամարտը, հայ ժողովրդի քաջության վկաներ՝ Ալկա ամրոցի, Վարդանակերտի մարտերը, հայի անկոտրում կամքի ու քաջության դրսևորման կիզակետը՝ Մուսա լեռան ինքնապաշտպանությունը։
Ահա այս կարգով ընթացավ հայի հաղթական ուղին, որը հետագայում պիտի հաղթահարեր ցեղասպանության ցավը և հաղթեր Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի մարտերում։ Ամբողջ հայ ազգը մի բռունցք էր դարձել թշնամու դեմ. նրա հույսը միայն ինքն էր ու իր հավատը. Ժողովրդի կողքին կանգնած կաթողիկոսը օրհնում էր զինվորներին մարտի ելնելուց առաջ. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն։ Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները։ Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց դեռ չի ասել իր վերջին խոսքը անարգ թշնամուն։ Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական։»
Հաղթական եղավ հայ ժողովրդի վերջին խոսքը, և այդ հաղթանակների հիման վրա հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Պատմությունն ապացուցում է, որ հայ ժողովուրդը, անկախ իրավիճակից, իր դրսևորումներում հասնում է կատարյալի` ինչպես գիտության մեջ, մշակույթում, արվեստում ու արհեստներում, այնպես էլ ռազմական գործողություններում։ Նրա հերոսական ոգին հերթական անգամ փայլատակեց արդեն ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում` տալով 64 գեներալ, 1 ծովակալ, 4 մարշալ, 106 հերոս, 89-րդ հայկական դիվիզիան` Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ, որը իր կատարած սխրանքների համար դարձավ եռակի շքանշանակիր։ Հենց նրան էր բախտ վիճակվել Բեռլինում պարել հայկական հաղթական «Քոչարին»։
Հայաստանի ողջ պատմությունը անհնարինի մասին է. անհնար էր թվում, որ փոքրաթիվ հայերը չձուլվեին այլոց, պահեին իրենց ինքնությունը, լեզուն, հավատը, մշակույթը, անհնար էր թվում, որ ցեղասպանությունից հետո երբևէ հնարավոր կլիներ վերականգնել պետականությունը, անհնար էր թվում, որ 1988-ի սարսափելի երկրաշարժից հետո նորանկախ Հայաստանը 1994- ին կարող էր ազատագրել Արցախը։
Անհնարին ոչինչ չկա, եթե ունես ինքնություն, նպատակ և կամք…
Աբրահամյան Մարինե
Ազատի ԿԵ ՌՀՄ քաղաքային բաժանմունքի Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի տան հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցչուհի

Leave a Reply