ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Առաջնախոսք

Հայոց լեզվի և մշակույթի պահպանման, կրթական առաջընթացի մեր ուղին

Փորձենք հանրագումարի բերել Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիայի /ՍՈՒՀԱ/ կատարած աշխատանքները։ 

2021 թվականի փետրվարին մեկնարկեց մի կարևոր կրթական և մշակութային նախաձեռնություն, որն արդեն տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ծրագիրը իրականացվել է լայնամասշտաբ համագործակցության շրջանակներում՝ ընդգրկելով Սփյուռքի կրթօջախները, ՀՀ Սփյուռքի գրասենյակը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Զանգակ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները, Սոցիալական ձեռներեցների դպրոցը, AGBU-ն  և «Մուզեոն»-ը։

Վերապատրաստման համալիր ծրագիրը իրականացվում էր ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով 2022-2026 թթ․։ Այս ժամանակահատվածում նախատեսված և ընթացքի մեջ գտնվող դասընթացներին հայտագրվել է շուրջ 260 ուսուցիչ։

Դասընթացները բարձր մակարդակով վարում են մեր առաջատար փորձագետները․ Երազիկ Հարությունյանը, Կարինե Եսայանը, Աիդա Մարկոսյանը, Կարինե Կատանյանը, Արև Բալայանը, Ռուզաննա Թաթուլյանը և Լենա Գյուլխանեճյանը։ 

Իրականացվել են բազմաթիվ ուսումնական մոդուլներ, այդ թվում՝ «Արևելահայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման», «Արևմտահայերենի», «Տիկնիկագործության» և «Հայ մշակույթի դասավանդման մեթոդաբանության» դասընթացներ, ինչպես նաև հատուկ ծրագրեր, որոնք ներառում են Սփյուռքի դպրոցներում դասավանդման նորարարական մեթոդներ։

Մեր իրականացրած կարևոր նախագծերից է «Սփյուռքի դպրոց» պատկերազարդ էլեկտրոնային պարբերականը, որը դարձել է կարևոր կապող օղակ սփյուռքահայ ուսուցիչների և հայրենիքի միջև։

Ուշադրւթյան արժանի են նաև մեր կողմից կազմակերպվող մրցույթները։ Հաջողությամբ և մասնակիցների մեծ խանդավառությամբ անցկացվել է «Քեզ համար, հայրենի՛ք» ստեղծագործական աշխատանքների 10-րդ համառուսաստանյան մրցույթը, որին ներկայացված 42 աշխատանքներից 15-ը արժանացել են դրամական պարգևների։ Հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ էին «Հեքիաթները բարբառներով» և «Դու, Նո՛ր տարի, Գալդ բարի» մրցույթ-ցուցահանդեսները։ Այս նախաձեռնությունները նպաստում են ազգային արժեքների պահպանմանը և մասնակիցների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ առցանց և առերես հանդիպումներ։ 2024 թվականի հունվարին տեղի ունեցավ Սուրբ Սարգսի կերպարի, տոնի խորհրդի մասին հետաքրքիր զրույց, որը վարում էր բանախոս Աստղիկ Ավետիսյանը, իսկ փետրվարին՝ Տյառնընդառաջին նվիրված մշակութային միջոցառում։ 

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել «Ճամբար-2024» ծրագիրը՝ «Յոթ օր, յոթ գիշեր հեքիաթի տանը» խորագրով, որի հեղինակն ու ղեկավարն է Հասմիկ Բաղրամյանը։ Այս նախաձեռնությունը տարբեր փորձագետների մասնակցությամբ մարզամշակութային ճամբար էր Դիլիջանում։

Նշենք նաև «Ամառային ծրագիր Ռուսաստանի հայերեն վատ խոսող փոքրիկների համար» նախագիծը, որը կազմակերպվել էր «Մանչ» կազմակերպության շնորհիվ, ինչպես նաև մշակութային ճամբարները Գանձայում՝ Նարինե Սիրականյանի ղեկավարությամբ։

Մեր գործունեության ընթացքում առանձնահատուկ կարևորություն են ունեցել հանդիպումները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների՝ Աննա Մհերյանի և Հովհաննես Ալեքսանյանի հետ։ Նման հանդիպումները նոր հորիզոններ են բացում մեր կազմակերպության առջև։

2025 թվականին տեղի ունեցավ «Իմ հայերենը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև «Հայեցի հայերեն» խորագրով քննարկումը՝ բանախոսներ Արմենուհի Փալանդուզյանի և Քրիստինե Աբրահամյանի մասնակցությամբ։

Այս չորս տարիների ընթացքում մեր նախաձեռնությունը դարձել է կարևոր գործոն սփյուռքահայ ուսուցիչների մասնագիտական զարգացման և հայոց լեզվի ու մշակույթի պահպանման համար։ Շուրջ 260 վերապատրաստված ուսուցիչներ իրենց հերթին շարունակում են փոխանցել ստացած գիտելիքները՝ ապահովելով սերունդների միջև անխափան կապը։ Մեր համատեղ ջանքերը հույս են ներշնչում, որ հայեցի արժեքները ոչ միայն կպահպանվեն, այլև կզարգանան ու կհարստանան նոր դարաշրջանի մարտահրավերներին համընթաց։

Աննա Օսեփյան, Ազնիվ Պարոնյան

Leave a Reply