ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Ռուսաստանում հայագիտության զարգացման արդի հարցերը Նիժնի Նովգորոդի համաժողովի օրակարգում

Հայագիտական միտքը Ռուսաստանում, իր հարուստ պատմական անցյալով հանդերձ, ունի գիտական արմատներ և  միշտ էլ հանդիսացել է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ու գիտական երկխոսության առանցքը։

ՌԴ-ում հայագիտության զարգացման արդիական հարցերի քննարկումը պահանջում է նոր մոտեցումներ։ Այս հարցերին էր նվիրված  «Հայագիտության զարգացման արդիական հարցերը Ռուսաստանում» խորագրով վերջերս կայացած գիտագործնական համաժողովը։ Այն համախմբել էր հայագետներ՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ղրիմից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերից, Եկատերինբուրգի, Սամարայի, Սարատովի և Նիժնի Նովգորոդի ակադեմիական ինստիտուտներից և բուհերից, ինչպես նաև Հայաստանից ու Մոլդովայից՝ քննարկելու ոլորտի կարևորագույն մարտահրավերներն ու զարգացման ուղիները։

Համառուսաստանյան (միջազգային մասնակցությամբ) այս համաժողովը, որը կայացավ Նիժնի Նովգորոդի Ն. Ի. Լոբաչևսկու անվան պետական համալսարանի (ՆՆՊՀ) Միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտում, կազմակերպվել էր համալսարանի Հայագիտության կենտրոնի կողմից` Ռուսաստանի հայագետների ասոցիացիայի և Նիժնի Նովգորոդում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության աջակցությամբ։

Համաժողովի լիագումար նիստի մոդերատորն էր պատմական գիտությունների դոկտոր, ՆՆՊՀ ՄՀՀՊԻ պրոֆեսոր Ալեքսանդր Ալեքսեևիչ Կորնիլովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՆՆՊՀ ՄՀՀՊԻ տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր Միխայիլ Իվանովիչ Ռիխտիկը: Իրենց ելույթներում «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» մարզային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լիլիթ Վյաչեսլավի Չիլինգարյանը և Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Գրիգոր Վալերիի Ջանգիրյանը պատմեցին Հայագիտության կենտրոնի գործունեության մեջ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ներդրման մասին և ընդգծեցին, որ Կենտրոնը համալսարանի, հայ համայնքի և հյուպատոսության ջանքերի հատման կետն է: Լիագումար նիստը բացեց ՆՆՊՀ ՄՀՀՊԻ Հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանը՝ ներկայացնելով Ռուսաստանի հայագետների ասոցիացիայի ձեռքբերումների և արդի խնդիրների մասին տեղեկատվություն, ինչպես նաև առաջարկեց «Наша Среда online» /Наша Среда | Российско-армянские отношения и ценности/ ցանցային լրատվամիջոցի հարթակն օգտագործել որպես Ասոցիացիայի և դրա կազմից դուրս գտնվող հայագիտական կենտրոնների տեղեկատվական հարթակ: 

Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանն իր հուզական ելույթում ընդգծեց, որ հայագիտությունը գիտական գործունեության կարևորագույն բնագավառ է, և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ջանասեր աշխատանքով հինավուրց հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության անհուն տիրույթներում անդադար փնտրում են, ուսումնասիրում, գտնում, այն ամենը, ինչի շնորհիվ մարդը դառնում է բանական էակ, այն, ինչը ցեղը դարձնում է ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ ազգ: Դա լեզուն է, մշակույթը և այն ամենը, ինչը բխում է այս երկու պարզ, բայց միևնույն ժամանակ անչափ կարևոր, անփոխարինելի և համապարփակ բառերից։ Դրանք յուրաքանչյուր ժողովրդի ազգային ինքնության հիմքն են: 

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Լազարյանների անվան հայագիտության գիտահետազոտական կենտրոնի վարիչ Հովհաննես Գևորգի Մինասյանը Ռուսաստանի տարածքում հայերի ենթաէթնիկ խմբերի մասին իր զեկույցը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Ես չափազանց կարևոր եմ համարում Ռուսաստանում հայագիտական հետազոտությունների ժամանակ ելնել հայերի խմբերի առանձնահատկություններից: Այլևս ոչ մի տեղ նրանք չեն ապրում այդքան հոծ և չունեն նման եզակի ինքնություն: Մենք պարտավոր ենք ուսումնասիրել այն, պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին»։ 

Համաժողովի ընթացքում հնչեցին ավելի քան քսան զեկուցումներ, որոնք բովանդակում էին մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս և հայ մշակույթների փոխազդեցության պատմական ուղիները և արդիականությունը, ազգամիջյան երկխոսությունը, Հայ Առաքելական Եկեղեցին և նրա պատմա-մշակութային դերը, հայկական մշակութային և կրթական կենտրոնների կայացման խնդիրները և զարգացման հեռանկարները, հայագիտական առարկաների ուսումնասիրությունը ռուսաստանյան ուսումնական և գիտական հաստատություններում, հայոց պատմության և մշակույթի ակադեմիական և բուհական ուսումնասիրության առանձնահատկություններն ու յուրահատկությունն արդի փուլում, ազգային ինքնագիտակցության պահպանման մեխանիզմները և այլ հարակից հարցեր։

Համաժողովի օրակարգի առանցքային թեմաներից էր  ՌԴ-ում հայոց լեզվի դասավանդումը։ Այս առումով շոշափվեց հայերի հոծ բնակության վայրերի պետական դպրոցներում հայոց լեզուն որպես մայրենի լեզու դասավանդելու ուղիներ որոնելու հարցը։ 

«Սփյուռքի դպրոց» թերթի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանը իր «Նորարարական մեթոդների օգտագործմամբ ազգային ինքնության պահպանումը խթանելու որոշ մեխանիզմներ» զեկուցման մեջ մատնանշեց, որ նորարարությունները կարելի է դիտարկել և օգտագործել ոչ թե որպես ավանդական մշակույթին սպառնացող երևույթ, այլ որպես «կառավարելի բազմալեզվության» քաղաքականության գործիք, որը մի կողմից ջնջում է աշխարհագրական սահմանները, մյուս կողմից՝ ստեղծում համահայկական միասնական միջավայր։

Սիրով և նվիրումով դրված ամեն մի քար ամրացնում է հայ ինքնության տաճարի պատերը։ Տաճարն ամրոց դարձնելը հայ մտավորականների նվիրական պարտականությունն է։

Համաժողովի եզրափակիչ փուլում կազմակերպիչներն ու մասնակիցները նշեցին հնչեցված թեմաների կարևորությունը և նախանշեցին ՌԴ-ում հայագիտական հետազոտությունների զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները:

Մերի Հայրապետյան

Leave a Reply