Սերոբ Մանուկյան

Սերոբ Մանուկյանը ծնվել է 1964թ․ Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Դեռ շատ վաղ հասակից սիրել է նկարել գյուղի հարակից լեռներն ու դաշտերը, աղբյուրներն ու ջրվեժը։ Գարնան բացվելուն պես հավաքել է բոլոր նոր բացված ծաղիկները, փունջ է կապել, դրել իրենց տան հին կավե կուժի մեջ ու նկարել։ Նա ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժինը։ Վերադառնալով հայրենի գյուղ` դասավանդել է ֆիզիկա և չի դադարել նկարել։
Չարաբաստիկ երկրաշարժից հետո, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Սերոբ Մանուկյանի հայրենասեր ոգին ավելի հաճախ էր անհանգստանում իր հայրենիքի ճակատագրի համար։ Լինելով մշեցու ժառանգ` շատ լավ ծանոթ էր «հայրենակորուստ» բառին և մի խումբ հայրենասեր երիտասարդների հետ աշխատում էր ինչ-որ չափով օգնել, բարելավել փախստական հայերի վիճակը։ Բազմաթիվ անգամ օգնություն է հասցրել «կռվող տղերքին» (ինչպես ինքն է պատմում)։
2006 թ-ից ընտանիքով տեղափոխվում են ՌԴ Կուրսկի շրջան։ Ապրելով օտար հողում` Սերոբ Մանուկյան հայը չի դադարեցնում իր հայրենասիրական գործունեությունը (համեստորեն հրաժարվեց տեղեկացնել, ասաց. «դա իմ պարտքն է») և շարունակում է նկարել։
Օտար հողում ևս նրա վրձինը նկարում էր հայերեն։ Երբ շատ էր կարոտում հայրենիքին, մի քանի օր առանձնանում էր տնեցիներից, որոնք արդեն գիտեին, որ չպիտի խանգարեն նրան, ընկնում էր հիշողության քաղցր գիրկը և սկսում էր նկարել։ Նախօրոք երբեք չի մտածել, թե ի՞նչ պիտի նկարի, քաղցր հուշերն իրենք էին ուղղորդում նրան` թարմացնելով հայոց բնաշխարհի գեղագույն փնջերի ու լեռների անուշ բույրը կտավի վրա, պատկերների ու էսքիզների տեսքով։
Նա շատ է անհանգստանում, որ չկարողացավ հայկական դպրոց բացել, բայց, միևնույն է, մի քանի հայերի հասցրել է ծանոթացնել հայկական ավանդույթներին ու սովորեցնել հայոց լեզուն։
Սերոբ Մանուկյանի նկարները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում` ներկայացնելով հայ արվեստը։














Response
-
Պարզապես հիանում եմ, ամեն անգամ նայելով այս գունագեղ աշխատանքներին։🇦🇲🙏

Leave a Reply