ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Խաղեր 

«Յոթ քար». տիեզերական կարգի վերականգնման հնամենի ծես

Seven smooth white stones stacked vertically on a rough rock by the water

Մինչև կաշվե գնդակը կդառնար մարզադաշտերի տիրակալը, Հայկական լեռնաշխարհի բակերում ու հրապարակներում տեղի էր ունենում մի արարողություն, որի արմատները հասնում են մինչև արարչագործության ակունքները։ Այն, ինչ մենք այսօր սովորական «7 քար» խաղն ենք համարում, իրականում քարե դարից եկած հոգևոր ծես է՝ մարդու և տիեզերքի երկխոսություն։

 Աշխարհի առանցքը և յոթ երկինքը — ամեն ինչ սկսվում էր հողին գծված շրջանից, որը խորհրդանշում էր երկրային սահմանը, մեր կենսատարածքն ու պաշտպանվածությունը։ Շրջանի կենտրոնում վեր էր հառնում յոթ տափակ քարերից կազմված բուրգը։ Սա պարզապես քարակույտ չէր, այլ տիեզերական ուղղահայացը. յուրաքանչյուր քար ներկայացնում էր մի մոլորակ, երկնային մի ոլորտ և մարդկային հոգու զարգացման մի աստիճան։

Ծեսի ընթացքը կրկնում էր տիեզերական հավերժական շրջապտույտը.

 Կայծակնային հարվածը — հեռվից նետված կլոր գետաքարը, որպես երկնային կայծակի խորհրդանիշ, քանդում էր բուրգը՝ աշխարհը նետելով քաոսի մեջ։

 Պահապանների պայքարը — երբ տաճարը խարխլվում էր, սկսվում էր վերականգնման դժվարին գործընթացը։ Պահապանների խումբը պետք է դիմակայեր հարվածներին՝ քար առ քար վերաշինելով խաթարված կարգը։

 Զոհողության սկզբունքը — սա կամային ուժի փորձություն էր։ Հաճախ մեկը ստիպված էր լինում «զոհաբերել» իրեն՝ ընդունելով հարվածը, որպեսզի ընկերը կարողանար տեղը դնել հերթական սրբազան քարը։

Քառասունի խորհուրդը — ամենակարևոր պահը գալիս էր այն ժամանակ, երբ յոթերորդ քարը հայտնվում էր գագաթին։ Պահապանը ձեռքը դնում էր բուրգին և սկսում քառասունի հաշվարկը։ Հայկական մշակույթում 40-ը զտման, հասունացման և վերջնական անցման թիվն է։ Միայն այդ հաշվարկից հետո էր, որ տիեզերական ներդաշնակությունը համարվում էր վերականգնված ևս մեկ շրջափուլի համար։

 «7 քարը» մեզ փոխանցված հնագույն կոդ է։ Այն հիշեցնում է, որ ցանկացած տաճար կամ պետականություն վերականգնվում է միայն այն ժամանակ, երբ կա հավաքական կամք, միասնություն և սեփական անձը հանուն ընդհանուրի զոհաբերելու պատրաստակամություն։

Այսօր, երբ տեսնեք այդ քարերը բակերում, հիշե՛ք՝ դուք չեք խաղում, դուք վերաշինում եք աշխարհի առանցքը։

Շատ ու շատ տարիներ առաջ մեր պապերը իրենց որդիների ու  թոռների հետ խաղում էին Յոթ քար խաղը։ Հայրս պատմում էր, որ իր պապը թոռան հետ միասին շատ մանրակրկիտ փնտրում ու գտնում  էր փոքրիկ կլոր, տափակ քարեր, ու խաղում էին այդ ուսուցողական խաղը։ Այն ժամանակ չկար հեռուստացույց, չկային խաղալիքներ, և մեծահասակները երեխաներին զբաղեցնում և զարգացնում էին խաղերի միջոցով։

Երբ պապիկը հավաքում էր անհրաժեշտ քարերը, ուզում էր, որ թոռնիկը հավաքի բուրգը։ Թոռնիկը ըստ հերթականության չէր շարում քարերը, ու բուրգը փլվում էր։ Պապն ասում էր․

— Կեցի՛ր, մանչս, մի՛ շտապե, սկզբում վերցրո՛ւ ամենամենծ քարը, մենք մեր՝ Հայկյանների տունն ենք շինում հիմա։
— Էսի՞, պապի՛։
— Հա, ղուրբա՛ն, դա մեր տան հիմքն է, դի՛ր տակը։ Հիմա վերցրո՛ւ մյուս քարը։
— Գտա, պապի, դնե՞մ տան հիմքի վրա։
— Դի՛ր, մանչս, էդ քարն էլ մեր տան հիմքը պինդ պահողն է։ Գտի՛ մյուս քարը։
— Երրորդ քարը էս ա, չէ՞, պապի։
— Հա, ձա՛գ ջան, էդ քարն էլ մեր տան պատերն են, ուղի՛ղ դիր, պատերը Քոչարի պարողների պես պինդ կանգնած պիտ լինեն։
— Չորրորդը էս ա՞։
— Հա, ղուրբանդ էղնիմ, տե՛ս, էդ քարը ինչ կլոր ա, էդ էլ մեր տան վերև շողացող արևն ա։
— Պապի, բա հինգերորդ քարն ո՞ւր ա։
— Հես ա, ձագըս, դի՛ր, էդ էլ երկինքն ա, ուղի՛ղ դիր, որ մեր երկինքը միշտ խաղաղ ըլնի, պատերազմ չըլնի։
— Պապի՛, մնաց երկու քար, էս վերջինը մեր տան կտուրն ա՞։
— Չէ, մա՛նչս, մեր տան կտուրը վեցերորդ քարն ա, դի՛ր, ծածկե՛ տան կտուրը։
— Պապի, տունը շինեցինք, բայց մի քար մնաց։
— Յոթերորդ քարն էլ մեր տան կտուրի ծխնելույզն ա, ձագըս, դի՛ր վերջին քարը ու մեր տունը պատրաստ ա։
— Ծխնելույզը ինչի՞ համար ենք դնում, պապի՛։
— Որ մեր տան ծուխը միշտ ծխա, ես կվառեմ, կծխա, հետո հերըդ կվառի ու հետո էլ դու կվառես, մեր օջախի ծխնելույզը դո´ւ էս, ղուրբա՛ն, մեր ազգի ծուխը ծխեցնո´ղն ես դու։

Նյութը պատրաստեցին Գոհար Զոհրաբյանը և Լալա Սողոմոնյանը։

https://www.facebook.com/share/v/1B3ZhmfrV1/?mibextid=wwXIfr

Leave a Reply