ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

«Սիրո և տխրության բանաստեղծը»

գրական-երաժշտական բանավեճային երեկո

Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության երկրամասային բաժանմունքում անցկացվեց գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանին։

Միջոցառման նպատակն էր Սփյուռքի հայ երիտասարդության և ավագ սերնդի մասնակցությամբ նորովի ներկայացնել Վարպետի անցած ուղին, վերլուծել և քննարկել նրա գրական ժառանգությունը,  նաև ծանոթանացնել մեծանուն գրողի ստեղծագործություններին անհայտ ու անծանոթ գրականասերին՝ բացահայտելելով նորը իսահակյանական փիլիսոփայությամբ։

Երեկոն սկսվեց Իսահակյանի մասին հետաքրքիր ֆիլմի դիտումով, որին հաջորդեց գրող-բանաստեղծի կյանքի և գործունեության առեղծվածային էջերի բացահայտումը։ Ընթերցվեցին Վարպետի բանաստեղծություններն ու հայտնի նամակները։ Հուզիչ ընթերցումներ էին «Հայրենիքես հեռացել եմ», «Մոր սիրտը», Շուշանիկ Մատակյանին նվիրված նամակը․․․․

Ողջունելի էր նաև ռուս երիտասարդների ակտիվ մասնակցությունը։ Մեծ ոգևորություն առաջացրեց Դմիտրի Պոպազովի ներկայացրած և՛ հայերեն, և՛ իր իսկ թարգմանությամբ ռուսերեն «Արազի ափին» բանասեղծությունը, որին հաջորդեցին բուռն քննարկումներ սիրո թեմայի շուրջ:

Միջոցառման մթնոլորտը մտերմիկ էր ու ջերմ։ Երկու սերունդների հեռաքրքիր բախում էր։ Երիտասարդները նորօրյա պրիզմայով վերլուծեցին բանաստեղծությունները, հատկապես «Հայրենիքես հեռացել եմ» ստեղծագործությունը։ Հաղորդավարը առաջարկեց գտնել բանաստեղծի ասելիքի հիմնական բանալին: Երիտասարդները գտան, որ բանալին թաքնված անձնական ցավն է, իսկ կենսափորձ ունեցողները  հայտնեցին իրենց համոզումը, որ բանաստեղծության հիմքում իրական հայրենիքի հետ կապը կորցրած մարդու տառապանքն է՝ ցավոտ ու արդիական: 

Կարծես թե այսօր էլ շատ բան չի փոխվել: Հայրենիքի կարոտը այսօր էլ խեղդում է հայ մարդուն, պանդխտությունն ու դեգերումները շարունակվում են նաև այսօր:

Խոսվեց նաև Իսահակյանի հասարակական կյանքի և գործերի մասին, լուսաբանվեց նրա մասնակցությունը Հայ հեղափոխական Դաշնակցական կուսակցության գործունեությանը:

Գրական երեկոն ընդմիջվում էր գեղեցիկ երաժշտական ակնթարթներով։ Իսահակյանի շատ բանաստեղծություններ հայտնի երգեր են դարձել: Երեկոն անցավ երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն: Նպատակն էր տարածել հայ գրականության գոհարները, անմիջական մթնոլորտ ստեղծել երկու սերունդների միջև և ընդգծել Վարպետի ստեղծագործությունների արդիականությունը:

Կազմակերպվեց «քաղցր մրցույթ», որը մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների մեջ: Մրցույթի իմաստն էր ստուգել հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդների իմացությունը հայ Մեծերի մասին: Սեղանին դրվեց շոկոլադե սալիկներով տուփ՝ հայ մեծերի դիմանկարներով: Ցանկացողները մոտենում էին, պատահականության սկզբունքով վերցնում մի շոկոլադե սալիկ և պատմում տվյալ գործչի մասին: 

Եթե մասնակիցը դժվարանում էր, օգնության էր գալիս հանդիսատեսը: Ներկաներն իմացան Վիլյամ Սարոյանի, Շառլ Ազնավուրի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի մասին հետաքրքիր տեղեկություններ: 

Միջոցառման վերջում անցկացվեց մրցույթ երկու սերունդների միջև, ինչպես նաև հնչեց Իսահակյանի կատարմամբ «Կգա ոգու սով…» բանաստեղծությունը: Մեջբերվեցին հայտնի ռուս գրող Էրենբուրգի խոսքերը․ «Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր․․․»:

Այսօր մեր համայնքի երիտասարդությունը, ավագ սերնդի հովանավորությամբ, մեկ անգամ ևս ապացուցեց, որ անգամ օտարության մեջ մեր ՀԱՎԵ՜ՐԺ մեծերը ապրում են և ապրեցնում են ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ։

ԵԿԵ՜Ք ԱՊՐԵՆՔ ԵՎ ՄՆԱՆՔ ՀԱՅ՝ ԼԵԶՎՈՎ, ՀՈԳՈՎ, ՍՐՏՈՎ։

Կարինե Եսայան

Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ բաժանմունքի ղեկավար, հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցչուհի, միջոցառման կազմակերիչ

Leave a Reply