
Կյանքը հաճախ նմանվում է մի գրքի, որի էջերը մենք ստիպված ենք լինում թերթել շատ արագ՝ երբեմն ամենահետաքրքիր գլուխները թողնելով կիսատ։ Իմ պատմությունը հենց այդպիսի մի կիսատ թողած գլխի և դրան հաջորդած զարմանահրաշ վերածննդի մասին է։
Ամեն ինչ սկսվեց մեծ երազանքներից։ Դպրոցական նստարանին հրաժեշտ տալուց հետո, լեցուն հույսերով ու ապագայի վառ տեսլականով, քայլերս ուղղեցի դեպի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ Լեզուների աշխարհն ինձ կլանել էր. երեք տարի շարունակ ես կլանում էի գիտելիքը, ապրում ուսանողական բուռն կյանքով և պատրաստվում մեծ թռիչքի։ Սակայն հայրենիքից հեռանալու և Բելգիայում հաստատվելու անխուսափելի որոշումը շրջեց կյանքիս ընթացքը՝ ստիպելով դադարեցնել կրթությունս։
Այդ օրերին օտարության մեջ ես դեռ հույսով էի լեցուն. մտածում էի, որ սա ընդամենը կարճ դադար է, մի փոքրիկ ստորակետ, և շուտով կվերադառնամ ու կամբողջացնեմ կիսատ թողածս։ Բայց ժամանակն այլ կերպ է հոսում։ Օրերը վերածվեցին ամիսների, ամիսները՝ տարիների, իսկ կյանքի բերած դժվարություններն ու հոգսերը գնալով ավելի հեռացրին ինձ իմ պատանեկան տեսլականից ու նպատակներից։ Ներսումս միշտ ապրում էր մի մեծ ափսոսանք։ Ամեն անգամ, երբ հիշում էի անցած տարիները, թվում էր, թե այդ դռներն ընդմիշտ փակվել են իմ առջև, և ես այլևս երբեք չեմ կարողանա բացել դրանք։
Բայց երազանքները, եթե դրանք անկեղծ են, երբեք չեն մահանում։ Դրանք պարզապես ննջում են՝ սպասելով իրենց ճիշտ ժամանակին։
Տարիներ անց, երբ ես արդեն մայրացել էի, ներսումս եռացող ցանկությունը նոր թափ ստացավ։ Իմ մեծ զավակին ես ինքս սովորեցրի հայոց գրերի կախարդանքը՝ տառ առ տառ նրա մեջ սերմանելով մայրենիի հանդեպ սերը։ Երբ եկավ ժամանակը միջնեկ և փոքր զավակներիս նույնպես ուղղորդելու այդ ճանապարհով, մենք որոշում կայացրեցինք նրանց տանել հայկական դպրոց։ Այդ օրը դարձավ բեկումնային և ճակատագրական իմ կյանքի համար։
Հայկական կրթօջախի շեմքը ոտք դնելիս ես չէի էլ պատկերացնում, որ բացում եմ ոչ միայն իմ երեխաների, այլև իմ սեփական ապագայի դուռը։ Այնտեղ ինձ համար ազդարարվեց լիովին մի նոր սկիզբ։ Չնայած իմ հիմնական աշխատանքին, որը նույնպես կապված է երեխաների հետ, ես զգում եմ, որ իմ ներսի անհագ ծարավը՝ սովորեցնելու, փոխանցելու այն ամենը, ինչ գիտեմ ու զգում եմ, վերջապես գտել է իր հունը։
2021 թվականից առայսօր ես սիրով ու նվիրումով ծառայում եմ Բելգիայի Մեխելեն քաղաքի Համազգայինի «Լևոն Շանթ» շաբաթօրյա դպրոցում։ Այստեղ իմ առօրյան լեցուն է տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի հրաշքով. խառն երիտասարդ խմբերին սովորեցնում եմ հայոց այբուբենը, գրելն ու կարդալը, դասավանդում եմ նաև մեծահասակների՝ թե՛ օտարախոսների, ովքեր ցանկանում են հաղորդակից դառնալ մեր մշակույթին, և թե՛ հայախոս պատանիների։
Այս ճանապարհին ամենամեծ մարտահրավերը Սփյուռքի իրականությանը, տարիքային առանձնահատկություններին և հատկապես օտարախոսների պահանջներին համապատասխանող ծրագրերի ու գրականության բացակայությունն է։ Որպեսզի յուրաքանչյուր դաս լինի արդյունավետ, ես հաճախ ստիպված եմ լինում ինքնուրույն մշակել ուսումնական նյութերը։ Այս որոնումների ընթացքում ինձ մեծապես օգնեց Կարինե Կատանյանի «Սասունցի Դավիթ այբբենարան» դասագիրքը։ Այն խորությամբ ուսումնասիրելուց և հավանելուց հետո, տեղի միջավայրին ու սաներիս կարիքներին համապատասխանեցնելու նպատակով, թարգմանեցի նիդերլանդերեն (ֆլամանդերեն) և, պահպանելով հեղինակային իրավունքները, կատարեցի որոշակի լրացումներ ու փոփոխություններ։ Սա ինձ թույլ է տալիս դասարան մտնելիս ունենալ արդեն պատրաստի, հստակ և հեշտացված աշխատանքային հիմք։ Այժմ մեծ սպասումով պատրաստվում եմ նոր ուսումնական տարվանից դասերն իրականացնել հենց այս համամշակված նյութերով։
Այս ամենօրյա աշխատանքին զուգահեռ, իմ որոնումներն ինձ բերեցին առցանց մի հարթակ, որտեղ հավաքված են սփյուռքի կրթությանը նվիրված փորձառու մանկավարժներ։ Նրանցից շատ բան ունեմ սովորելու։ Այդ համագործակցության արդյունքում ես առաջարկ ստացա միանալու «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի թիմին։ Իմ քայլերն այստեղ դեռ նոր են ու համեստ. ամենօրյա փոքրիկ աշխատանքով ես պարզապես փորձում եմ իմ համեստ դերը ունենալ այս ընդհանուր ու վեհ գործին։
Այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհասանելի ու կորսված, իրականություն դարձավ նոր, ավելի լուսավոր հեռանկարով։ Այսօր ես իմ տեղում եմ, իմ առաքելության մեջ՝ կամրջելով անցյալի երազանքն ու ներկայի նվիրումը, և պատրաստ եմ շարունակել այս գեղեցիկ ճանապարհը։

Leave a Reply