Մերի Թովիկի Հայրապետյան

Ծնվել եմ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում 1980 թվականին։ Բերդասար-Պերթի ստորոտի թուփ ու քարոտ շրջակայքում խայտանքով ու անվրդով ալիքվում էր մանկությանս խաղը, որը, սակայն, ընդհատվեց արկ-ռումբերի պայթյուններով: Պատերազմով խախտվել է մանկությանս ու պատանեկությանս հատման սահմանը։ Այդ տարիներից միակ գեղեցիկ հուշերը կապված են գրքերով աշխարհն ու մարդկանց ճանաչելու հետ։ Այն սերնդի ընթերցողներից եմ, ովքեր նավթով լամպի լույսի տակ են կարդացել «Վարդանանք»-ն ու «Սամվել»-ը․․․․ Գրքասիրությունս ծագել է հայրիկիս գրապահարաններից ինձ նայող գրքերից, ապա այն ինձ տարել է բանասիրական ֆակուլտետ։
2002 թվականին արդեն ԱրՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի շրջանավարտ էի։ Հայ գրականության հանդեպ սերս ու հետաքրքրությունս չսպառվեց այդքանով, ուսումս շարունակեցի մագիստրատուրայում՝ «Հայ գրականություն» մասնագիտությամբ, ապա՝ ասպիրանտուրայում։
2002 թվականից, ուսմանս զուգահեռ, դասախոսում էի համալսարանում «Գրականագիտություն» և «Հայ նոր գրականություն» առարկաները՝ մինչև 2014 թվականը։
Միշտ էլ մեծ հետաքրքրություն ունեի ստեղծագործական-լրագրողական գործի նկատմամբ, ժամանակին պատանեկան ապրում-հույզերս փորձել էի վերածել բանաստեղծության։ 2002 թվականից զուգահեռաբար սկսեցի աշխատել «Հայրենիք» թերթում՝ որպես պատասխանատու։ Իսկ 2005 թվականից մամուլի քարտուղար էի ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում, այս ոլորտում ևս աշխատել եմ մինչև 2014 թվականը։
Իրավական գիտելիքներ ունենալու իմ պատանեկան երազանք-ցանկությունը իրագործեցի 2009-2011թթ․՝ սովորելով Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Իրավագիտություն» բաժնում։
2014-ից տեղափոխվել և առ այսօր ապրում եմ ՌԴ-ում։ Համարյա մեկ տասնամյակ մասնագիտական գործունեությամբ չզբաղվելուց հետո, երկրորդ տարին է, ինչ սկսել եմ առցանց դասավանդել «Հայոց լեզու»։
Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիայի կողմից «Սփյուռքի դպրոց» թերթի լույսընծայման գաղափարն անչափ ոգևորիչ էր ու ողջունելի, մեծ էր ցանկությունս իմ փորձով ու հնարավորություններով մաս կազմելու թերթի աշխատանքների իրագործմանը։ Անչափ զգացված եմ թերթի գլխավոր խմբագրի օգնականի և «Զանգ» խորագրի պատասխանատուի գործը ինձ վստահելու համար։ Ստեղծագործ և հաջող ընթացք եմ մաղթում թերթին։

Leave a Reply