ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Մեծ աշխարհի փոքրիկ հայկական անկյունը

Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Պլյախո գյուղը համշենահայերի հիմնադրած բնակավայրերից է: Սևծովյան այս գողտրիկ անկյունը գրավում է իր հրաշալի բնությամբ, մաքուր ծովափով ու հյուրասեր մարդկանցով: Այստեղ է գտնվում «Օրլյոնոկ» համառուսաստանյան մանկական կենտրոնը, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ: Քչերը գիտեն, որ կենտրոնի տարածքում, բացի «Օրլյոնոկի» պատմության և տիեզերագնացության թանգարաններից, կա հայկական ազգագրական թանգարան, որի հիմնադիրներն են Լևոն և Վարդուհի Չամյանները:

– Ծնվել և մեծացել եմ Աբխազիայի Գագրա քաղաքում, – պատմում է տիկին Վարդուհին,- Նախնիներիս մասին գիտեմ, որ երկու պապերս էլ իրենց մեծ գերդաստանների միակ փրկվածներն էին 1915 թվականի Եղեռնից: Տատիկներիս ընտանիքները նույն «ճանապարհով» անցել էին 1890-ականների Աբդուլ Համիդի ջարդերի ժամանակ։ Ավարտել եմ Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 3 դպրոցը։ Երբ 10 տարի ամեն օր դպրոցի դուռը բացելիս քեզ «դիմավորում է» Խ. Աբովյանի կիսանդրին, որի պատվանդանին գրված է. «Շունչդ տո՛ւր, հոգի՛դ, բայց քո հայրենիք մի՛ տուր թշնամյաց…», չես կարող հայրենասեր չմեծանալ, պարզապես տարբեր տարիքում հայրենասիրությունն ունի արտահայտության իր առանձնահատկությունները, որոնցից մեկը նախնիների նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանումն է։ Այն միտքը, որ ամեն սերունդ շղթայի մի օղակ է, և եթե շղթան կտրվի, որևէ օղակ կորչի, այլևս վերականգնելը անհնարին կլինի, ինձ այցելեց այն պահին, երբ ամուսնուս տատիկի մահից հետո նրա սիրած պղնձե ամանը տեսա «տխուր» ընկած ցանկապատի տակ։ Բերեցի տուն, լվացի, փայլեցրի և անցա գործի։ Դրանից հետո ես սկսեցի ուրիշ աչքերով նայել հին իրերին, շորի լաթերին։ Բախտս բերեց, որ 25 — 30 տարի առաջ դեռևս կային պապիկներ ու տատիկներ, որոնք ունեին անձեռնմխելի դարակներ և սնդուկներ։ Նրանց նմաններին մենք՝ համշենցիներս, անվանում ենք «խերը հոկի» (խոր հոգի)։  

Քիչ-քիչ տարբեր վիճակի բավական նմուշներ հավաքեցի՝ վատ և շատ վատ։ Համարյա ամեն ինչ պետք էր մաքրել, նորոգել, լվանալ ու կարկատել։ Առաջին «թանգարանս» իմ տան նկուղային հարկում էի կահավորել։ Ժամանակի հետ սկսեցին հրավիրել տարբեր միջոցառումների՝ փառատոների, ցուցահանդեսների, դպրոցից երեխաներ էին գալիս։ Ուրիշների հարցերի պատասխանները փնտրելիս, աստիճանաբար կուտակեցի գիտելիքներ իմ ժողովրդի, նրա ինքնության, անցյալի ու ներկայի մասին։ 2015 թվականին ընտանիքով մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Հայկական համաշխարհային կոնգրեսի կազմակերպած մրցույթին, «Լավագույն ավանդական ընտանիք» անվանակարգում գրավեցինք երկրորդ տեղը։ 2024-ի հունվարին գրանցեցի մեր հասարակական կազմակերպությունը: «Օրլյոնոկ» համառուսաստանյան մանկական կենտրոնի վարչությունը տարածք տրամադրեց, ուր և տեղափոխեցի թանգարանը։ Թանգարանից բացի հիմա ունենք մի գողտրիկ անկյուն՝ գրադարան, որտեղ, հավաքվում և պարապում ենք հայերեն, ու ամենագլխավորը՝ մի փոքրիկ պարահրապարակ, որտեղ շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք՝ համշենական հրաշալի կլոր պարերը սովորելու։ Պարողների հասակը տատանվում է 5 տարեկանից մինչև 70-ը։ Ուրախ եմ, որ գոնե մի բան կարող եմ անել՝ երկարացնելու մեր պարերի կյանքը, քանի որ պարը բոլոր ժամանակներում նոր սերունդներին կապում է ազգի, ժողովրդի հետ:

Այս ազգագրական թանգարանը ժողովրդի մշակույթի ու պատմության կարևոր վկաներից է, հայրենասիրական դաստիարակության միջավայր: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր պահում ու պահպանում են մեր մշակույթի հոգևոր ու նյութական հարստությունները: Տիկին Վարդուհին մեկն է այն նվիրյալներից, որոնց շնորհիվ գոյություն ունեն հայն ու հայկականը աշխարհի տարբեր անկյուններում: Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի հայերենի խմբակների սաները հաճախ են լինում տիկին Վարդուհու ստեղծած թանգարանում, հայկական այս փոքրիկ անկյունում անցկացնում իրենց միջոցառումները: Այստեղ են գալիս նաև «Օրլյոնոկ» համառուսաստանյան մանկական կենտրոնի այլազգի երեխաներ: Տիկին Վարդուհին բոլորին ընդունում է սիրով ու ջերմությամբ:

Գնահատե՛նք ու ընդառաջե՛նք նվիրյալներին, թո՛ղ շողարձակի նրանց հոգու անսպառ լույսը:

Նաիրա Ասլանյան


Թողնել պատասխան