ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Գիտելիքի գարնանատոն Կրասնոդարում

Հայոց լեզվի, գրականության և հայրենագիտության ամենամյա օլիմպիադային սիրով են սպասում Կրասնոդարի երկրամասում ապրող 11-18 տարեկան  կիրակնօրյա և երկօրյա դպրոցների, լրացուցիչ կրթության և այլ կրթօջախների սաները: 

Օլիմպիադայի նպատակն է՝ մոտիվացնել սովորողներին, բացահայտել տաղանդավոր և ստեղծագործող հայ աշակերտների և խրախուսել կրթական նվաճումները, ինչպես նաև ուսուցչական մտերմիկ հանդիպումները՝ կարծիքների և փորձի փոխանակման համար:

Կրասնոդարում հայոց լեզվի, գրականության և հայրենագիտության օլիմպիադան անցկացվում է արդեն 11-րդ անգամ, որի գերնպատակը հետագայում Հայաստանում անցկացվող հայագիտական օլիմպիադային մասնակցելն է՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ոլորտներում յուրացրած հարուստ գիտելիքներով։

Երկփուլ օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է տեղի հայկական կրթօջախներում, երկրորդ փուլը՝ Կրասնոդարում, որտեղ մասնակցում են առաջին փուլում լավ արդյունքներ գրանցած աշակերտները: Այստեղ ևս օլիմպիադան անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլում գիտելիքները ստուգվում են թեստերի և համառոտ պատասխանների, բանավոր փուլում՝ բանավոր պատասխանների միջոցով:

Օլիմպիադայի թիրախային խմբերն են 10-12, 13-14 և 15-18 տարեկան սովորողները: Բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության համար դիպլոմներ և խրախուսական նվերներ, իսկ հաղթողների համար  սահմանվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, արժեքավոր նվերներ: Բացարձակ հաղթողները (Գրան-Պրի) ստանում են Հայաստան մեկնելու վկայագիր-ուղեգիր:

2022 թվականից ի վեր մասնակցությունն օլիմպիադային ազատ է, կարող են մասնակցել սովորողներ այլ մարզերից: Ավանդական է դարձել Դոնի Ռոստովի մարզի աշակերտների մասնակցությունը:

2025 թվականին հոբելյանական 10-րդ օլիմպիադան լիովին տարբերվում էր մյուսներից: Այն տևեց մի քանի ամիս՝ փետրվարից մինչև մայիս և անցկացվեց չորս քաղաքներում՝ Սոչիում, Արմավիրում, Բելորեչենսկում և Անապայում: Վերջնական փուլը տեղի ունեցավ Կրասնոդարում, որին մասնակցեց նշված քաղաքների հաղթող 48 աշակերտ:

Օլիմպիադային հաջորդեց նոր նախագիծ՝ «Հարավային դաշնային առաջին օլիմպիադան», որին մասնակցեցին Կրասնոդարի երկրամասի, Դոնի Ռոստովի և Ստավրոպոլի մարզի սովորողները: 

  Հարցաշարերը և թեստերը կազմել էր ԿԵ ՌՀՄ-ի կրթության բաժնի վարիչ Կարինե Եսայանը՝ իր հեղինակած ձեռնարկների հիման վրա:

Երկրորդ փուլը տեղի ունեցավ ծովափնյա գեղատեսիլ Գելենջիկ քաղաքում, որտեղ հանդիպեցին երեք տարածաշրջանների հաղթողները:

Երկու օր թեժ ու հետաքրքիր պայքար էր մասնակիցների միջև, որն ուղեկցվում էր հետաքրքիր վարպետության դասերով, ասմունքի մրցույթով, թեմատիկ խաղերով և ճանաչողական էքսկուրսիաներով: Օլիմպիադայի բոլոր մասնակիցների համար ՌՀՄ-ի երկրամասային բաժանմունքը կազմակերպել էր 7-օրյա էքսկուրսիա հայրենիքում՝ Հայաստանում:

  11-րդ Օլիմպիադան սկսվեց մշակութային ողջույնով: Սրահներից մեկում ազգային գործիքով՝ քանոնով, հյուրերին ներկայացվեցին գեղեցիկ կատարումներ, որին հաջորդեց բացման արարողությունը: Այս օլիմպիադան նվիրված էր մեծանուն գրող Համո Սահյանին, որի ասմունքի տեսաձայնագրությամբ ՝ «Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի», սկսվեց և ներկայացվեց գրողի կյանքն ու ստեղծագործական ուղին: Այնուհետև հնչեցին գրողի «Ինձ բացակա չդնեք», «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ, գնամ» և այլ բանաստեղծություններ, ինչպես նաև նրա բանաստեղծություններով գրված երգեր:

Մասնակիցներին և ուսուցիչներին ողջույնի խոսքեր ասացին երկրամասի ՌՀՄ-ի նախագահ Կամո Հայրապետյանը և Կրասնոդարում հայտնի պատվարժան գիտնականներ ու արվեստի գործիչներ, դասախոս-մանկավարժներ: Բացման արարողությունն ամփոփեց և մասնակիցներին հաջողություն մաղթեց օլիմպիադայի հիմնադիր-կազմակերպիչ ԿԵ ՌՀՄ-ի կրթության բաժնի վարիչ Կարինե Եսայանը:

Մինչ մասնակիցները գրում էին օլիմպիադայի առաջին փուլի թեստերը, նրանց ուսուցիչները մասնակցում էին վարպետության դասի, որն անց էր կացնում քաղաք Սոչիի «Լույս» մշակույթի արվեստանոցի հիմնադիր-տնօրեն, կիրառական արվեստի մասնագետ Լուսինե Համբարձումյանը: Վարպետության դասը կրում էր «Որդան կարմիր» խորագիրը: Դասի ընթացքում ուսուցիչները վարպետ-ուսուցչի օգնությամբ նախշազարդեցին հայկական տառերով սփռոց, որը ցուցադրվեց օլիմպիադայի փակման արարողության ժամանակ և նվիրվեց համայնքին: Սփռոցն իր մշտական տեղը գտավ համայնքի հայկական մշակութային ցուցասրահում:

Մինչ հանձնաժողովի անդամները ստուգում էին առաջին փուլի արդյունքները, մասնակիցների հետ անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Մեր պատմությունն ու մշակույթը» թեմայով:

Բանավոր փուլի ավարտին հաջորդեց օլիմպիադայի մրցանակաբաշխությունը և փակման հանդիսավոր արարողությունը, որը ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները ստացան դիպլոմներ, նվերներ և դրամական պարգևներ: Յուրաքանչյուր տարիքային խմբի բացարձակ հաղթողները ստացան նաև 7-օրյա վկայագիր-ուղեգրեր դեպի մայր հայրենիք:

Բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր մասնակցության համար և նվեր՝ Կարինե Եսայանի «Հայոց լեզու» դասագիրքը, ինչպես նաև աշակերտների հետ աշխատանք տարած ուսուցիչները պարգևատրվեցին հավաստագրերով և նվերներով: ժյուրիի անաչառ անդամները ևս պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով:

Փակման արարողությունը նշանավորվեց օրվա տրամադրությունը խորհրդանշող հայոց տառերով զարդարված տորթով, որը «Մետրոպոլիս» հրուշակեղենի գործարանի ավանդական նվերն էր մասնակիցներին:

Այդ օրվա ամենակարևոր պարգևը հոգու տոնն էր, որը պարուրել էր յուրաքանչյուր մասնակցի: Մասնակիցների աչքերում ծնվել էր աննկարագրելի բերկրանք, քանի որ հնարավորություն էր ընձեռվել պայքարելու մայրենի լեզվով իրենց երազանքների, նպատակների և ձեռքբերումների համար։ Հաղթանակի միջոցով Հայաստանը տեսնելու և բացահայտելու ձգտումը ինքնության պահպանման կարևոր խթանն է, որն էլ օլիմպիադայի ամենախորհրդանշական պարգևն էր։ Ուստի՝ «Ոչ թե բանիվ, այլ՝ գործիվ»։

Կարինե Եսայան


Թողնել պատասխան