ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հային հայ պահողը

Սփյուռքի ամրությունը նրա հիմքում կանգնած հրաշալի ուուցիչներն են, իրենց գործին գիտակ և նվիրյալ մանկավարժները, որոնք իրենց առօրյա եռանդուն աշխատանքով  ամրացնում են հայ ինքնության հիմքերը։ Ամրացնում են ոչ միայն մայրենիի դասավանդմամբ, այլև կազմակերպում են հետաքրքիր դաս-միջոցառումներ, թեմատիկ ցուցադրություններ, հանդեսներ, բաց դասեր։ Ստորև ներկայացնում ենք այդ միջոցառումների խճանկարը։


Տյումենի մարզի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը  վաղուց  է իր դռները բացել հայ մանուկների և պատանիների առջև։ Այս տարի յուրահատուկ ձևաչափով  մշակույթի կենտրոնի ուսուցիչ Անի Կիրակոսյանն անցկացրեց  դաս-ցերեկույթ՝  նվիրված Հովհաննես Թումանյանին։ Դաս-ցերեկույթին մասնակցում էին ոչ միայն երեխաները բեմում, այլև հանդիսատեսը՝ դահլիճում։ Նրանց  հետ կարդացին,  ասմունքեցին, երգեցին և՛ ծնողները, և՛ հյուրերը։

   Միջոցառման «յուղոտ պատառը» ուսուցչուհու բեմականացումն էր, որտեղ ներկա էին  Շունն ու Կատուն, Հուռին ու Կիկոսի ընտանիքը, Նազարն ու Ուստիանը, Գիքորն ու Չարչին… Եվ ինչքա՜ն համուհոտով էին միահյուսվել այս ստեղծագործությունները, որոնք հարյուր տարին բոլորելուց հետո էլ չեն կորցնում իրենց արդիականությունը:

Միջոցառման ընթացքում դահլիճը և՛ փոթորկվեց, և՛ հուզվեց, և՛ խաղաղվեց,  նույնիսկ տեղ-տեղ լիաթոք ծիծաղեց: Վստահաբար կարելի է ասել, որ դահլիճից դուրս եկող ոչ մի աշակերտ այլևս չէր մոռանալու Թումանյանին, նրա ապրած կյանքը և ստեղծած գլուխգործոցները:

 Նման դաս-ցերեկույթների  շնորհիվ է հայ երեխան Սփյուռքում պահպանում իր ինքնությունը, դառնում հայրենաճանաչ ու հայրենակարոտ, ինչն էլ սփյուռքահայ ուսուցչի հիմնական նպատակն է՝ հային հայ պահել, իր տեսակի մեջ պահել, ուղղորդել դեպի ազգային կենսակերպ:

Սիլվա Սիմոնյան

Տյումեն քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի մեթոդիստ


Մայրը՝ գարնան բույր

Ապրիլի 11-ին Կրասնոդարի ՌՀՄ-ի քաղաքային բաժանմունքի Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Մայրը՝ գարնան բույր» խորագրով միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության օրվան։ 

Կրասնոդարի ՌՀՄ-ի քաղաքային բաժանմունքի նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Մանուչարյանը, ջերմորեն շնորհավորելով հայ մայրերին, կարևորեց նրանց բացառիկ դերը ազգապահպանության գործում։ 

Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ մշակույթի տան բեմահարթակին իրենց երեխաների հետ ելույթ ունեցան  մայրերը։ Միջոցառումը հագեցած էր թատերական գունեղ ներկայացումներով, պարային ու երաժշտական ռիթմիկ համարներով, հանդիսատեսի հետ ուշագրավ, ինտերակտիվ խաղերով։ Միջոցառումն ամբողջացնում էր մշակույթի տան երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված օրվա խորհրդին՝ մայրությանը։

Երեխաները հանդես եկան հայ գրողների՝ մայրերին նվիրված հատընտիր բանաստեղծություններով և ասույթներով՝ շնորհավորելով  հուզմունքն ու հիացմունքը ոչ մի կերպ թաքցնել չկարողացող նրբագեղ տատիկներին, մայրերին, քույրերին։ 

Միջոցառման ավարտին հոտնկայս հանդիսատեսի չդադարող ծափահարություններն ու կազմակերպիչներին ուղղված սրտաբուխ և գոհունակությամբ լի խոսքերը վառ ապացույցն էին այն բանի, որ գարնանաբույր միջոցառումը լիովին փոխանցեց հայկական շունչն ու ոգին։

Անի Գյոդակյան

Ք. Կրասնոդարի Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի հայոց լեզվի ուսուցիչ


Արցախյան խոհանոցի  զարդը

Մայիսի 17-ին Նևինոմիսկ քաղաքի Ամարաս-Արմատ դպրոցում յուրահատուկ բաց դաս էր: Դպրոցի ողջ անձնակազմը և ծնողական համայնքը հավաքվել էին` միասին պատրաստելու հայ մշակույթի ամենասիրված և խորհրդանշական ուտեստներից մեկը՝ արցախյան  ժենգյալով հացը։

Խոհարարական վարպետության դասն աստիճանաբար  վերածվեց  աղմկոտ ու ջերմ ազգային տոնի: Ամենուր թարմ կանաչեղենի  բուրմունք  էր, մանկական ծիծաղ և  հարազատ մեղեդիների հնչյուններ:

Մեծահասակները կիսվում էին ժենգյալով հացի պատրաստման գաղտնիքներով՝ մասնակից դարձնելով երեխաներին։ Բուռն աշխատանքային ընթացքն ընդմիջվում էր սիրված երգերով, ավանդական պարերով և հայկական ժողովրդական խաղերով: Այդ օրը բոլորը   միասնական, մեծ, համերաշխ ու սիրող ընտանիք էին՝ աշակերտ թե ուսուցիչ, ծնող թե  երեխա:

Նման պահերն անգնահատելի են: Հենց միասնության, սիրո և ջերմության   մթնոլորտում են մեր երեխաները խորապես զգում իրենց արմատներն ու սովորում սիրել սեփական մշակույթը: 

Անուշ Դանիելյան

Ք. Նևիննոմիսկի Ամարաս-Արմատ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ


Ժենգյալով հացի բաղադրատոմսը
բանաստեղծական ներշնչանքով

Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,-
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ։
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունցեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ…
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց։


«Կախարդական լավաշի»  գաղտնիքը

Մայիսի 31-ին Նևիննոմիսկ քաղաքում կրկին առանձնահատուկ  իրադարձություն էր։ Այս անգամ «Ամարաս-Արմատ» դպրոցի սաները հանդիսատեսի դատին ներկայացրին  «Կախարդական լավաշ» ներկայացումը՝ պարգևելով անմոռանալի հույզեր և տրամադրություն։

Բեմականացումն  իրականացավ Մարի Մնացականյանի հեղինակային  «Արվեստալույս» ծրագրի շնորհիվ՝ երեխաներին  մասնակից դարձելով  թատերական արվեստին։ Պատանի դերասանները, ջերմեռանդորեն մասնակցելով բեմականացմանը, իրենց հույզերն ու ապրումները կարողացան փոխանցել հանդիսատեսին։ 

Անուշ Դանիելյան,

ք. Նևինոմիսկի «Ամարաս-Արմատ» դպրոցի

 հայոց լեզվի և պատմության ուսուցչուհի



Երկու չհատնող հանճար

Մեր դպրոցը  2025-26 ուստարին նվիրել էր ԿՈՄԻՏԱՍԻՆ՝

Հայոց երգի չխամրող արևին,

Հայոց երգի փառքին,

Հայոց փրկության դեղամիջոցին,

Սկիզբ, բայց վախճան չունեցող հանճարեղ հայորդուն….

     Մի ողջ ուսումնական տարի, ամեն կիրակի, օտար պատերի ներսում հնչել են միայն Կոմիտասի երգերը… Մենք մեր հոգու պարտքն ենք կատարել՝ հաղորդակցվելով ու սերունդներին փոխանցելով ՄԵՐԸ, բարձրարժեքը, գեղեցիկը….

   Ամփոփվեց այս հրաշալի ուստարին Ն. Աղբալյանի անվան կիրակնօրյա դպրոցի հրաշալի ելույթով։

   Դավիթը պատմեց փոքրիկ Սողոմոնի դառն ու թախծալի մանկության մասին, Արմենը վարդապետ Կոմիտասի ուսանելու, դրախտավայր Հայաստանի մասին պատմեց ու բացահայտեց, թե ինչպես է գեղջուկի հոգին երաժշտություն ծնում…

     Կոմիտասի խորհրդանիշը մեզ համար Ծիծեռնակաբերդի համալիրն է։ Հուշարձանի մանրակերտը մեր աշակերտներն իրենց ձեռքերով պատրաստեցին, և մենք մոմավառությամբ խոնարհվեցինք արևի շողի, անձրևի, շաղ ու ցողի երգչի հիշատակի առաջ… 

   Խնկաբույր օդում հնչեց հայ ժողովրդի հավերժության հանճարեղ բանաձևումը.

       – Սիրեցե՛ք իրար, հայե՛ր, շա՜տ սիրեք, որ ԱՊՐԵ՛Ք …

         Մաշտոցի թոռնիկներ դարձան միջին խմբի մեր սիրելի աշակերտները։ Հայոց փառքի գագաթներին այդ օրը մեծարում էինք միասին՝ Մաշտոց և Կոմիտաս։ Մեր հերոսները նվիրվել են մեր հայրենիքին՝ մեզ պարգևելով հավերժություն։ Մաշտոցի հերոսությունը տառեր ստեղծելն էր՝ մեր լեզուն դարերին ամրագրելու համար, Կոմիտասը խիզախեց սրբագրել ու նոտագրել մեր երաժշտությունը՝ մեր ինքնությանը մեզ տե՛ր դարձնելու համար։

       Փա՜ռք քեզ, ՄԱՇՏՈՑ ու ԿՈՄԻՏԱՍ ծնած իմ ժողովու՜րդ, սերունդները շարունակելու են քո հավերժության երթը։

Զարուհի Մելքումյան,

Մոսկվայի Նիկոլ Աղբալյանի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի

Մայրենիի և հայրենագիտության ուսուցչուհի


Թողնել պատասխան