ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հայոց լեզվի օլիմպիադա Պյատիգորսկի «Արևիկ» հայկական կենտրոնում

Մայրենի լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ, այն ժողովրդի հոգին է, նրա բազմադարյա պատմության ամենակենդանի արտահայտությունը: Հայրենիքից հեռու այն պահպանելը մեր՝ Սփյուռքի ուսուցիչների կարևորագույն առաքելությունն է։

Ասվածի վկայությունն այս տարվա մայիսին  Պյատիգորսկ քաղաքում կայացած հայոց լեզվի օլիմպիադան էր: Համայնքի հայ մանուկներին միավորող և հայոց լեզվի պահպանմանը նվիրված գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էր Պյատիգորսկի հայկական համայնքը  և «Արև» կենտրոնը: Նախագծի գլխավոր գաղափարական ներշնչողն ու կազմակերպիչը Սիլվա Սանամյանն էր, ում եռանդի ու աշխատանքի շնորհիվ իրականացավ գիտելիքի այս տոնը:

Օլիմպիադան միավորել էր տարածաշրջանի տարբեր անկյուններից՝ Պյատիգորսկից, Նևինոմիսկից, Եսենտուկիից և Լեսոգորսկից ժամանած 7-12 տարեկան աշակերտներին: Նրանք մայրենի լեզվի իմացությամբ մրցում էին Կարինե Կատանյանի «Սասունցի Դավիթ»  գրքով սովորածի հիման վրա։

Երեխաները ցուցադրեցին ռուսերենից հայերեն բառերի և բառակապակցությունների թարգմանության և ուղղագրական կանոնների  իմացությունը, բացատրեցին հոգնակի թվի կազմության կանոնները, անձնական դերանունների և օժանդակ բայի գործածությունը, ինչպես նաև պատասխանեցին հայագիտությանը՝ հայրենիքի պատմությանն ու մշակույթին վերաբերող հարցերի: Յուրաքանչյուր մասնակից դրսևորեց արտակարգ ջանասիրություն և հաղթելու կամք:

Օլիմպիադայի տրամաբանական և ամենահուզիչ շարունակությունը մայիսի 24-ին կայացած հանդիսավոր միջոցառումն էր։ Միջոցառումը լի էր ազգային երգերի հնչյուններով, բանաստեղծությունների քնքուշ ասմունքով և հայկական ավանդական պարերի ոգեշնչմամբ։ Դա ազգային ինքնության և մանկական տաղանդի իսկական հաղթատոն էր:

Միջոցառման գագաթնակետը պարգևատրման արարողությունն էր: Պատանի մասնակիցներին պատվոգրերով պարգևատրեց Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի երկրամասային բաժանմունքի նախագահ Օլեգ Արայանը: Ամենաբարձր միավորներ հավաքած երեխաներն արժանացան երախտագիտության և հիացմունքի խոսքերի։ Այդ օրը պարտվողներ չկային. յուրաքանչյուր երեխա տուն վերադարձավ իր արմատների հանդեպ հպարտության զգացումով և դեմքին շողացող ժպիտով:

Օլիմպիադայի առաջին փուլը բացահայտեց ամենակարևորը. մեր երեխաներն ունեն սովորելու, մայրենի լեզուն ճանաչելու հսկայական ներուժ և սեփական պատմությամբ հպարտանալու բուռն ցանկություն: 

Մանկավարժներին, ծնողներին և կազմակերպիչներին հաջողվեց երեխաներին համախմբել հայոց  լեզվի և Հայաստանի նկատմամբ սիրով։ 

Առաջին քայլն արված է, անհամբերությամբ սպասում ենք հաջորդ փուլին: Բարի ե՛րթ հայերեն խոսքը կրող ու պահպանող մեր հայ մանուկներին ու պատանիներին:

Անուշ Դանիելյան,

ք. Նևինոմիսկի «Ամարաս-Արմատ» դպրոցի

 հայոց լեզվի և պատմության ուսուցչուհի


Թողնել պատասխան