«Երկու տուն, մեկ սիրտ»
Ճանաչենք, որ սիրենք

Հայաստանի և Սփյուռքի պատանիներին միավորող «Երկու տուն, մեկ սիրտ» նոր նախագիծը ազդարարում է իր մեկնարկը:
«Ճանաչենք, որ սիրենք» կարգախոսով այս նախաձեռնությունը կոչված է կոտրելու դասագրքային սահմանափակումները՝ կենդանի շփման, առցանց համագործակցության և Սյունիքում կայանալիք համատեղ ճամփորդության միջոցով ամրապնդելով հայրենիքի հետ կապը:
Ծրագրի նպատակների, փուլերի և մարդկային անխզելի կապերի ստեղծման մասին պատմում է հեղինակը՝ Սփյուռքի ուսուցիչ և մեկօրյա հայկական դպրոցի հիմնադիր Նուշիկ Հակոբյանը:
«Երկու տուն, մեկ սիրտ»-ը Հայաստանի և Սփյուռքի 13–16 տարեկան երեխաներին միավորող ծրագիր է։ Գաղափարը պարզ է․ հայրենիքում և Սփյուռքում ապրող հայ պատանիները ոչ միայն պետք է լսեն հայրենիքի մասին, այլև ճանաչեն այն, ապրեն այդ փորձառությունը և բացահայտեն միմյանց։ Այդ պատճառով էլ ծրագրի կարգախոսն է՝ «Ճանաչենք, որ սիրենք»։ Որպես Սփյուռքի ուսուցիչ և մեկօրյա հայկական դպրոցի հիմնադիր, փորձս ցույց է տվել, որ հայրենիքի հանդեպ սերը միայն դասագրքով հնարավոր չէ ձևավորել։ Այն ծնվում է կենդանի շփումից, միասին սովորելուց, ճանապարհորդելուց, բացահայտումներից և ընկերանալուց։
2024 թ․ իրականացված առաջին ծրագրի ընթացքում սփյուռքահայ երեխաներն այցելեցին Հայաստանի վեց մարզեր։ Ծրագրի հաջողությունը և երեխաների մեծ ոգևորությունը ցույց տվեցին, որ այսպիսի նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն։ Հենց այդ գաղափարից էլ ծնվեց նոր ծրագիրը՝ «Երկու տուն, մեկ սիրտ»-ը։
Ծրագրի առաջին փուլում Հայաստանի և Սփյուռքի երեխաները երեք ամիս շարունակ առցանց կշփվեն, միասին կսովորեն, կխաղան, կստեղծագործեն ու կաշխատեն թիմերով։
Երկրորդ փուլում նրանք 7 օր միասին կանցկացնեն Սյունիքում՝ բացահայտելով մարզի պատմությունը, մշակույթը, բնությունն ու մարդկանց` այցելելով պատմամշակութային վայրեր և իրականացնելով համատեղ նախագծեր։
Ինչո՞ւ հենց Սյունիք։ Որովհետև մարզն ընտրել են հենց երեխաները՝ ուսումնասիրելով Հայաստանի տարբեր անկյունները։
Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ Հայաստանի և Սփյուռքի երեխաները կկարողանան ճանաչել միմյանց, խոսել հայերեն, ընկերանալ, բացահայտել Հայաստանը և ավելի ամուր զգալ իրենց կապը հայրենիքի հետ։
Այս ծրագրի ամենակարևոր ակնկալիքը միայն նոր գիտելիքները կամ ճանապարհորդական տպավորությունները չեն։ Ամենակարևորը մարդկային կապն է՝ երեխաների միջև ստեղծվող ընկերությունը, որը կշարունակվի նաև ծրագրի ավարտից հետո։
Հայաստանն ու Սփյուռքը երկու տարբեր աշխարհներ չեն։ Դրանք մեկ ժողովրդի երկու տներն են, և այդ երկու տները միավորում է մեկ սիրտ։





Ծրագրի հեղինակ՝ Նուշիկ Հակոբյան
Մոսկվայի մարզի ք. Վոսկրեսենսկի Մեսրոպ Մաշտոցի անվան մեկօրյա դպրոցի հիմնադիր-ուսուցիչ

Թողնել պատասխան