Լույսի պահապանները
Ուսուցչի տոն. երախտագիտության օր

Լալա Սողոմոնյանի անձնական արխիվից։ Ուսուցիչները Սիլվա Կապուտիկյանի հետ։
Աշնան այս ոսկեզօծ օրերին, երբ բնությունը հագնում է իր ամենագեղեցիկ զգեստը, մենք տոնում ենք նրանց տոնը, ովքեր լույս են վառում մեր ճանապարհին: Ուսուցչի տոնը առանձնահատուկ օր է, երբ մեր սրտերը լցվում են ջերմությամբ, իսկ հիշողությունները արթնանում են՝ բերելով մանկության և պատանեկության անմոռանալի պահեր:
Կյանքի մեծ ու անհուն ճանապարհին կան մարդիկ, որոնց ներկայությունը լռությունից ավելի բարձր է, իսկ նրանց խոսքն ավելի վառ է, քան արևի առաջին շողերը։ Այդ մարդիկ ուսուցիչներն են՝ հոգիներ կերտողները, մտքի թռիչք ձևավորողները, մութն իրենց գիտելիքով լուսավորողները։
Ուսուցչի հմտությունը չի սահմանափակվում միայն դասագրքերի էջերով կամ գիտական հասկացություններով։ Իսկական ուսուցչությունը հմտություն չէ, այն ԿՈՉՈՒՄ է։ Դա առաքելություն է, որն սկսվում է սիրուց և շարունակվում է անվերջ նվիրումով։ Ուսուցիչը միայն գիտելիք չի փոխանցում. նա սովորեցնում է երազել, սովորեցնում է հավատալ սեփական ուժերին, սովորեցնում է սխալվելուց չվախենալ և ամենից կարևորը՝ լինել ՄԱՐԴ։ Ուսուցիչը միայն գիտելիք տվող չէ: Նա այն կամուրջն է, որով անցնում ենք անհայտից դեպի գիտելիքի աշխարհ: Նա այն ձեռքն է, որ բռնում է մեր ձեռքից, երբ առաջին անգամ ենք թևաբացում դեպի նոր հորիզոններ: Ուսուցչի խոսքերը հնչում են մեր մտքում նույնիսկ տարիներ հետո, որոնք և՛ մխիթարում են, և՛ ոգեշնչում, և՛ ուղղություն տալիս:
Ամեն մի դասի հետ ուսուցիչը մի փոքրիկ սերմ է ցանում մեր հոգիների պարտեզում։ Կան սերմեր, որոնք միանգամից չեն ծլարձակում, բայց տարիներ անց, երբ դառնում ենք հասուն մարդիկ, հանկարծ հասկանում ենք, որ մեր ներսում ապրում, ծաղկում և պտուղներ է տալիս հենց ա՛յդ ուսուցչի երբեմնի ցանած սերմը։ Նրա ջանքերը չեն կորչում ժամանակի հետ․ դրանք հավերժանում են մեր հաջողություններում, մեր բարի գործերում և մեր ամուր բնավորության մեջ։
Յուրաքանչյուր ուսուցիչ իր դասարանում ստեղծում է մի առանձին աշխարհ՝ լի բացահայտումներով, հարցերով ու անսպասելի պատասխաններով: Նրանք համբերատար բացատրում են նույն բանը հարյուր անգամ, գտնում են մոտեցում ամեն համառ աշակերտի համար, նկատում են ամեն փոքրիկ հաջողություն և ուրախանում դրանով՝ ինչպես սեփական ձեռքբերումով:
Ուսուցչի աչքերում փայլատակում է հպարտության կայծը, երբ տեսնում է իր սաների հաջողությունները: Նա տառապում է նրանց անհաջողություններից, բայց երբեք չի հանձնվում՝ շարունակելով հավատալ և սպասել: Այս անշահախնդիր սերը, այս անսահման համբերությունը արժանի են ամենաբարձր գնահատականի:
Ուսուցչի հոգին անսպառ է։ Նա իր ժամանակը, իր անդորրը և իր սերը նվիրում է աշակերտներին ոչ թե անդրադարձի հույսով, այլ, պարզապես, այն սպասման հաճույքով, որ իր սովորեցրած երեխան մի օր կդառնա լուսավորության աղբյուր։
Ուսուցիչը մեր կյանքի այն հերոսներից է, ում մասին մտածում ենք ջերմությամբ նույնիսկ տարիներ անց: Նրա դերը չի սահմանափակվում դպրոցական ծրագրով. նա կերտում է ապագա սերունդների բնավորությունը, արժեհամակարգը, աշխարհայացքը:
Այսօր, երբ մենք շնորհավորում ենք մեր ուսուցիչներին, հիշենք նրանց յուրաքանչյուր ժպիտը, յուրաքանչյուր ջերմ խոսքը, յուրաքանչյուր ներդրումը: Պատկերացնենք այն գիշերները, երբ նրանք նստած էին տետրերի առջև ու ստուգում էին մեր աշխատանքները: Հիշենք այն պահերը, երբ նրանք մեզանից ավելի էին հավատում մեր ուժերին:
Այս տոնական օրը խոնարհվում ենք ձեր առջև, սիրելի՛ ուսուցիչներ: Դուք մեր կյանքի ամենապայծառ աստղերից եք, որոնք լուսավորում են մեր ճանապարհը նույնիսկ ամենամութ գիշերներին: Ձեր նվիրումը, ձեր սերը, ձեր անսահման նվիրվածությունը մնում են մեր սրտերում հավերժ:
Թող ձեր կյանքը լցված լինի ուրախությամբ, ձեր աշխատանքը՝ գնահատանքով, իսկ ձեր սրտերը՝ ջերմությամբ, որը դուք առատորեն տալիս եք ուրիշներին: Դուք իսկական հերոսներ եք, որոնց մասին գրվում են լեգենդներ, երգվում են երգեր և հյուսվում են ամենագեղեցիկ բանաստեղծությունները։
Շնորհակալությո՛ւն ձեզ այն համբերության համար, որը չափվում է անդունդներով։ Շնորհակալությո՛ւն ձեզ այն հայացքի համար, որը տեսնում է մեր ներուժը նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ինքներս մեզ չենք հավատում։ Շնորհակալությո՛ւն ձեզ ձեր անսահման սիրո և ջերմության համար։ Թող ձեր կյանքի ճանապարհը լինի միայն լուսավո՛ր, ինչպես այն լույսը, որ դուք բերում եք մեր մթության մեջ։ Թող ձեր սերմերը միշտ բերեն հարուստ պտուղներ, իսկ ձեր հոգին միշտ մնա թարմ ու անդադրում։
Շնորհավո՛ր Ձեր տոնը, սիրելի՜ ուսուցիչներ։

Թողնել պատասխան