ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարսելոնայի Հայ մշակութային միությունը․

պատմություն, ինքնություն և նվիրվածություն հայկական մշակույթին

Հայ-իսպանական փոխհարաբերությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թվականին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։ Դե իսկ արևաբույր Կատալոնիայի Բարսելոնան մայրաքաղաք Մադրիդից հետո Իսպանիայի երկրորդ ամենահայաշատ քաղաքն է։ Այնտեղ ապրում է շուրջ 2500 հայկական ընտանիք՝ 20 հազար բնակչով։

Բարսելոնայի Հայ մշակութային միությունը հիմնադրվել է 2004 թվականին մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել մի միջավայր՝ մշակութային, պատմական և լեզվական ինքնությունը պահպանելու, տարածելու և ամրապնդելու համար: Ժամանակի ընթացքում այս նախագիծը ձևավորվեց, իսկ 2006 թվականին հաստատվեց պաշտոնական հիմնադրումն ու գրանցումը։ Այն  լայն ճանաչում ունի կատալոնական հասարակության մեջ:

Ստեղծման օրվանից միությունն աշխատել է հստակ նպատակով․ պահպանել հայկական ժառանգությունն իր սահմաններից դուրս՝ խթանելով համախմբվածությունը, կրթության զարգացումը, պատմական հիշողությունը և համայնքային արժեքները: Այս հանձնառության շնորհիվ այն դարձել է ընտանիքների, երիտասարդների և նոր սերունդների համար հիմնարար հանդիպման վայր, ինչպես նաև Հայաստանի և կատալոնական հասարակության միջև վստահելի կամուրջ:

Տարիների ընթացքում կազմակերպությունն անընդհատ աճել է՝ դառնալով Իսպանիայի ամենահին հայկական միություններից մեկը, որն արտացոլում է համայնքի միասնական ջանքերն ու շարունակականությունը:

Ահա  միության հիմնական ուղղությունները հիմնադրումից ի վեր.

  • Մշակութային և գեղարվեստական ​​միջոցառումների կազմակերպում և ակտիվ մասնակցություն՝ տեղական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ներառյալ ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ։ 
  • Հասարակական միջոցառումների և ավանդական հայկական տոնակատարությունների կազմակերպում՝ Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ և այլն, որոնք նպաստում են ավանդույթների պահպանմանը և համայնքի կյանքի ակտիվացմանը: 
  • Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա միջոցառումներ՝ ցուցահանդեսների, համաժողովների տեսքով։ Ամեն տարի համայնքը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին՝ վերահաստատելով իր նվիրվածությունը պատմական ճշմարտությանը։  
  • Մարզական միջոցառումների կազմակերպում և մասնակցություն՝ խթանելով երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ, թիմային աշխատանք և համախմբվածության։ 
  • Համագործակցություն Եվրոպայի հայկական այլ միությունների և միջազգային կազմակերպությունների հետ։

2006 թվականին հիմնադրված Բարսելոնայի հայկական դպրոցը Միության հիմնաքարերից մեկն է, Սփյուռքում մշակութային ինքնության պահպանման կարևորագույն նախագիծը։ Դպրոցը ստեղծվել է համայնքի երեխաներին և երիտասարդներին հայոց լեզուն, պատմությունը և ավանդույթները փոխանցելու և սովորեցնելու համար։ Դպրոցն անընդհատ վերելք է ապրում թե՛ աշակերտների թվի (արդեն հարյուրից ավել), թե՛ կրթության որակի առումով։

Տարիների ընթացքում դպրոցը դարձել է Կատալոնիայի հայ համայնքի առաջատար կրթական հաստատությունը՝ ուսուցիչների, իր շուրջը համախմբված հայ ընտանիքների և կամավորների նվիրվածության շնորհիվ։

Բարսելոնայի հայկական դպրոցում դասավանդվում են հետևյալ առարկաները.

  • Հայոց լեզու (ընթերցանություն, գրավոր աշխատանք և խոսք),
  • Հայոց պատմություն և մշակույթ,
  • Հայկական ավանդույթներ, արժեքներ և տոներ։

Ակադեմիական ուսուցումից զատ՝ դպրոցը նաև հանդիպումների, շփումների և ինքնության գիտակցումը խորացնելու տարածք է, որտեղ աշակերտները ոչ միայն սովորում, այլև զգում են հայ մշակույթը։

Բարսելոնայի հայկական դպրոցը մշակութային շարունակականության երաշխիք է և միության ամենակարևոր նվաճումներից մեկը։

Հայկական ազգագրական պարի «Հայորդիք» խումբը համայնքային կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկն է: Հայկական ազգագրական պարերի կատարմամբ պահպանում ենք ոչ միայն մշակույթը, այլև ներկայացնում ենք Հայաստանի պատմական և աշխարհագրական բազմազանությունը: Յուրաքանչյուր պար արտացոլում է երկրի որոշակի շրջանի ավանդույթներն ու կենսակերպը: Շարժումները, երաժշտությունը և զգեստները փոխանցում են պատմություն, հույզեր և արժեքներ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ հազարամյակների ընթացքում:

Ամրապնդելով մշակութային կապերը Եվրոպայում՝ խումբն ակտիվորեն մասնակցում է միջազգային միջոցառումների, ինչպիսին է օրինակ Հայկական ազգագրական պարի եվրոպական սեմինարը:

ԲՀՄՄ Շախմատի ակումբը կազմակերպության ամենահաջողակ և դինամիկ նախագծերից մեկն է և հետևում է հայ ժողովրդի շախմատային խորը ավանդույթներին։ Կատալոնիայի պաշտոնական շրջանակում  ASSOCIACIÓ CULTURAL ARMENIA DE BCN ակումբը Կատալոնիայի շախմատի լիգայի վարկանշային աղյուսակում գրավել է առաջին տեղը։

 Հաջողությունների շարքում են նաև`

  • Կատալոնիայի գավաթի նվաճումը,
  • խաղացողների ակնառու մասնակցությունը պաշտոնական մրցաշարերին՝ տարբեր կատեգորիաներում բազմաթիվ անհատական ​​նվաճումներ գրանցելով։

Արդյունքներից զատ ակումբը նաև հնարավորություն է տալիս  երեխաներին ու երիտասարդներին զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝

  • ռազմավարական մտածողություն և վերլուծական հմտություններ,
  • կարգապահություն, ուշադրության կենտրոնացում և որոշումների կայացման ունակություն,
  • այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հարգանքը, համառությունը և ինքնակատարելագործումը։

Շախմատը ընկալվում է ոչ միայն որպես սպորտ, այլև կրթական և մշակութային գործիք, որը նոր սերունդներին կապում է հայկական ինքնության հետ։  Ակումբը ներկայացնում է հաջողության հասնելու իսկական օրինակ  կատալոնական միջավայրում։

Նկարչական խմբակում երեխաներն ու մեծահասակները ոչ միայն ուսումնասիրում են արվեստը որպես ինքնարտահայտման ձև, այլև ծանոթանում են միջազգային ճանաչում ունեցող մեծ արվեստագետներին։

Գեղարվեստի դասընթացների միջոցով ուսանողները բացահայտում են տարբեր ոճեր, տեխնիկաներ և գեղարվեստական ​​շարժումներ՝ զարգացնելով գեղագիտական ​​​​զգայունությունը և ընդլայնելով մշակութային աշխարհայացքը՝ հնարավորություն ունենալով գեղարվեստական ​​​​ուսուցումը զուգակցել պատմամշակութային արվեստի ավելի խորը ըմբռնման հետ։ 

Արվեստանոցը կազմակերպում է ուսանողների աշխատանքների ամենամյա ցուցահանդես՝   հնարավորւթյուն տալով նաև մասնակցել   Հայատանում կազմակերպված մրցույթներին՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ։ 

Միությունը մասնակցում է Եվրո-Հայկական խաղերին` սպորտի միջոցով միավորելով Եվրոպայի՝ տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդներին։ Միությունը նաև կազմակերպել է 2014 և 2024 թվականների խաղերը՝ Բարսելոնան վերածելով Սփյուռքի հայ երիտասարդության հանդիպման վայր։ Երկու խաղերին էլ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մոտ 600 հայ՝ եվրոպական տարբեր քաղաքներից։

Բարսելոնայի հայկական մշակութային միության գաղափարական սյուներից մեկը պատմական հիշողության, արդարության և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է: Սա կրթության և քաղաքացիական գործողությունների միջոցով իրազեկության բարձրացման ջանք է, ոչ թե զուտ գաղափարախոսություն:

Սերունդների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնություններին երաշխավորում է ճշմարտության, արժանապատվության և պատմական պատասխանատվության վրա հիմնված միասնական գիտակցության շարունակականությունը: 

Այսօր Բարսելոնայի հայկական մշակութային միությունը շարունակում է զարգանալ և հարմարվել փոփոխվող ժամանակներին՝ չկորցնելով իր էությունը և հավատարիմ մնալով համայնքի ամրապնդման, նոր սերունդներին կրթելու, հայկական մշակույթը տարածելու և հայ ժողովրդի պատմական հիշողությունն ու իրավունքները պաշտպանելու իր հանձնառությանը: Այս ամբողջ առաքելությունն այս տարի ստանում է առանձնահատուկ նշանակություն, քանի որ մենք նշում ենք միության 20-ամյակը։

Երկու տասնամյակ տևած ջանքերը, նվիրվածությունը և համատեղ աշխատանքը մեզ ներշնչում են ուրախություն և հպարտություն շոշափելի ձեռքբերումների համար: Գտնում ենք, որ ամենաարժեքավորը ոչ թե անցած ուղին է, այլև մեր կառուցածի պահպանումը: Մեծ հուզմունքով ենք փաստում, որ Բարսելոնայի Հայկական դպրոցի շրջանավարտներն այժմ միության ակտիվ անդամներ են, ներգրավված են նրա զարգացման գործում և հանձնառու են ապահովելու նոր սերունդների համար այն նույն հնարավորությունները, ինչ ունեցել են իրենք։ Այս սերնդափոխությունը ներկայացնում է միության իրական ուժը, որը ոչ միայն պահպանում է իր ինքնությունը, այլև թարմացնում է այն և փոխանցում ապագային: 

Մենք մի հարթակ ենք, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են պահպանել կապն իրենց արմատների հետ՝ միաժամանակ ձեռք բերելով նոր գիտելիքներ, զարգացնելով իրենց հմտությունները և աճելով որպես անհատներ, հարթակ, որը ոչ միայն կրթում է, այլև ոգեշնչում, որը ոչ միայն սովորեցնում է, այլև օգնում է ձևավորել նվիրված անհատներ՝ ամուր արժեքներով, որոնք ունակ են դրական ներդրումներ ունենալ հասարակության առաջընթացի մեջ։

Թամարա Կարապետյան                                                    

Բարսելոնայի հայկական դպրոցի տնօրեն


Թողնել պատասխան