ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

«Մայրենիի դեսպանը»․ Ալեքսանդրա Սիմավոնյանի նվիրումի 50 տարիները

Կան մարդիկ, որոնց կյանքը նման է լուռ սխրանքի: Նրանք ապրում են հայրենիքից հեռու, բայց իրենց ներսում կրում են ամբողջ Հայաստանը, հողի բույրը, մոր աղոթքն ու հայոց խոսքի ոսկեղենիկ հնչյունները: Այդպիսի մի լուսավոր անհատականություն է բազմավաստակ ուսուցչուհի 81-ամյա Ալեքսանդրա Սիմավոնյանը, ում անունը Դոնի Ռոստովում վաղուց դարձել է հայապահպանության և նվիրումի խորհրդանիշ:  https://ru.hayazg.info
Ալեքսանդրա Սիմավոնյանը ծնվել է 1945 թվականին Արտաշատ քաղաքում։ 1967 թվականին ծնողները տեղափոխվել են Դոնի Ռոստով: Տեղեկանալով, որ Մյասնիկյանի շրջանին հայերենի մասնագետներ են պետք, համալսարանն ավարտելուց հետո նա ևս  տեղափոխվել է Դոնի Ռոստով և սկսել աշխատել որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Չալթր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ինչպես նաև դասավանդել է հայոց լեզու Ռոստովի թիվ 14 գիմնազիայում: Օտար ափերում, որտեղ ամեն քայլափոխի ձուլվելու վտանգն է սպառնում, տիկին Սիմավոնյանը դարձել է այն հաստատուն կամուրջը, որը հարյուրավոր հայ երեխաների կապել է իրենց արմատներին: Նա ոչ միայն տառեր է սովորեցրել, այլև աշակերտների հոգում վառել է հայրենասիրության հավերժական կրակը:

 Վերջերս պատիվ ունեցա հարցազրույց վարելու  վաստակաշատ ուսուցչուհու հետ:  

– Տիկի՛ն Սիմավոնյան, Դուք արդեն 81 տարեկան եք, բայց Ձեր աչքերում վարակիչ կրակ ու էներգիա կա: Շատ վաղուց, երբ Դուք աշխատում էիք Չալթրի «Արշալույս» թերթի խմբագրությունում, թերթի գլխավոր խմբագիրը Ձեզ մեղմիկ անվանեց Շողիկ՝ արևի շող, և ադ օրվանից Դուք բոլորի համար դարձաք տիկին Շողիկ։ Տիկի՛ն Շողիկ, ո՞րն է Ձեր անսպառ երիտասարդության գաղտնիքը:

– Գաղտնիք չկա (Ժպտում է): Իմ գաղտնիքը աշխատանքն է և սերը: Երբ սիրտդ լեցուն է սիրով դեպի քո արմատները, քո լեզուն ու քո աշակերտները, ծերանալու ժամանակ պարզապես չի մնում: Միտքս միշտ շարժման մեջ է, հոգիս՝ արարման:

– Ի՞նչ էր Ձեզ համար հայոց լեզու դասավանդելը հայրենիքից հեռու՝ օտարության մեջ:

– Դա միայն աշխատանք չէր, դա իմ առաքելությունն էր: Օտար երկնքի տակ հայ երեխային հայ պահելը մեծագույն պատասխանատվություն է: Ամեն անգամ, երբ աշակերտս առաջին անգամ հնչեցնում էր հայերեն բառը կամ գրում «մայր» բառը, իմ հոգում տոն էր: Ես նրանց միջոցով ինձ հայրենիքում էի զգում:

– Ձեր այս հսկայական ավանդի համար Դուք Սփյուռքի նախարարության կողմից արժանացաք «Մայրենիի դեսպան» մրցանակին: Ի՞նչ նշանակություն ուներ այդ մրցանակը Ձեզ համար:

– Դա իմ կյանքի ամենահուզիչ պահերից էր: Երբ հայրենիքդ նկատում և գնահատում է քո հեռավոր, բայց անդադար աշխատանքը, թևեր ես առնում: Այդ մրցանակը ոչ թե ինձ, այլ իմ բոլոր աշակերտներինն է, որոնք ընտրեցին հայ մնալու ճանապարհը:

 – Տիկի՛ն Շողիկ, հիմա Դուք անցել եք վաստակած հանգստի, բայց Ձեր օրակարգը թույլ չի տալիս կարծել, թե հանգստանում եք: Դուք մինչ օրս ակտիվորեն աշխատում եք համակարգչով, գրքեր ու ոտանավորներ եք գրում:     

– Հանգիստն ինձ համար նոր բան ստեղծելն է: Համակարգիչն իմ կամուրջն է աշխարհի հետ: Ես չեմ կարող պարապ նստել: Գրիչն ու ստեղնաշարն իմ ընկերներն են: Գրում եմ այն ամենը, ինչ անցնում է սրտովս՝ կարոտ, սեր, հուշեր:

 – Դուք գրել եք բազմաթիվ գրքեր․ եղել եք «Դոնի Հայաստան» գրքի համահեղինակը, տպագրվել է Ձեր բանաստեղծությունների ժողովածուն, կազմել եք «Հայկական և ռուսական այբուբենները բառահանելուկներում» անչափ հետաքրքիր հավաքածուն, որը դարձել է մեր երեխաների ամենահետաքրքիր զբաղմունքը։ Ձեր հեղինակային արխիվում կա անգամ Դոնի հայերի համար այնպիսի կարևոր հրատարակություն, ինչպիսին է «Նոր Նախիջևանի բարբառի հայ-ռուսական դպրոցական թեմատիկ բառարանը»։ Իսկ Ձեր վերջին մեծագույն աշխատանքներից է յուրահատուկ այբբենարանը, որը գրված է և՛ դասական հայերենով, և՛ Չալթրի բարբառով: Ասացե՛ք, խնդրեմ, ինչո՞ւ որոշեցիք ներառել նաև բարբառը:

– (Հուզված) Չալթրի բարբառը մեր պապերի շունչն է, Դոնի հայության հոգու ձայնը: Դասական հայերենը մեր ողնաշարն է, իսկ բարբառը՝ մեր տեղական գույնն ու հարստությունը: Ես ցանկացա ստեղծել մի գիրք, որտեղ երեխան կսովորի իր գրական լեզուն, բայց չի մոռանա նաև այն ջերմ բարբառը, որով խոսում են իր տատիկն ու պապիկը: Դա մեր ինքնության մի մասն է, որը պետք է փրկել կորստից:

– Տիկի՛ն Սիմավոնյան, ի՞նչ կմաղթեք  Ձեզ հաջորդողներին և այն հայերին, որոնք ապրում են հայրենիքից հեռու:

– Մեկ բան միայն՝ երբեք թույլ չտաք, որ ձեր մեջ լռի հայերենը: Որտեղ էլ լինեք, պահպանե՛ք մեր լեզուն: Քանի դեռ հնչում է հայոց խոսքը, մենք անպարտելի ենք:

Հարգելի՛ ընթերցողներ, Ալեքսանդրա Սիմավոնյանի կյանքի 81-րդ հանգրվանը ոչ թե լռության, այլ իմաստության ու ստեղծագործական նոր թռիչքների շրջան է: Նա մեր օրերի այն հերոսն է, ում տեսնելիս ուժ ես ստանում, ումով հպարտանում ես և ում առջև խոնարհվում ես՝ հայոց լեզուն օտար երկնքի տակ վառ պահելու համար: Նրա համար հայրենիքը հեռվում է, բայց և սրտի մեջ։

Լուսինե Պետանյան


Թողնել պատասխան