Վաստակաշատ մանկավարժի ուղին

Լուսյա Մարգարյանի մանկավարժական գործունեության հարուստ ուղին սկիզբ է առել Ջավախքի Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղից, որտեղ և ծնվել է 1960 թվականին:
1978-1981 թթ․ մասնակցել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացներին (գերմաներեն բաժին)՝ հեռակա ուսուցմամբ: Դասընթացն ավարտելուց հետո ընդունվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ:
1980 թվականից առ այսօր Լուսյա Մարգարյանը դասավանդում է Մեծ Սամսարի հանրային դպրոցում՝ սկզբից որպես գերմաներենի, ապա` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Տասնամյակների վաստակը նաև արտահայտվել է կրթօջախի կառավարման գործում։
1987-2010 թթ. զբաղեցրել է Մեծ Սամսարի հանրային դպրոցի փոխտնօրենի, ապա 2010-2022 թթ. ստանձնել է դպրոցի տնօրենի պատասխանատու պաշտոնը:
– Տիկի՛ն Լուսյա, ուրախ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ «Սփյուռքի դպրոց» թերթին, որի նպատակներից է բացահայտել իրենց աշխատանքն անխոնջ կատարող նվիրյալներին։ Ինչու՞ եք ընտրել ուսուցչի մասնագիտությունը:
– Ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն եմ ունեցել դեռ մանկուց: Մանկական խաղերի մեջ գերադասում էի «Դպրոց-դպրոց» խաղը, մեծ մասամբ ուսուցչի դերում ես էի լինում: Հետագայում իմ սիրելի ուսուցիչների օրինակելի կերպարներն ինձ ցույց տվեցին իմ ապագայի ճանապարհը:
– Եթե խոսենք ոչ թե ուսումնական ծրագրերի, այլ մարդկային գործոնների մասին, ի՞նչն եք գնահատում ամենից շատ:
– Կրթության ոլորտում ինձ ամենից շատ գրավեց երեխաների պարզ, անմիջական ու անկաշառ միջավայրը, շնորհալի երեխաների ստեղծագործական ներուժը, նրանց քննադատական, վերլուծական ու ստեղծագործական մտքի զարգացումը:
– Որքա՞ն ժամանակ եք դասավանդում և կարո՞ղ եք երկու խոսքով բնութագրել Ձեր անցած ճանապարհը։
– Շուրջ 46 տարի է, ինչ զբաղվում եմ ուսուցչությամբ: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում հաղթահարել եմ փորձություններ ու դժվարություններ, ունեցել անկումներ ու վերելքներ, բայց մնացել եմ հոգով՝ առույգ, սրտով՝ բաց, գոհ ու երջանիկ՝ ձեռքբերած վաստակով:
– Ձեր բազմամյա գործունեության ընթացքում ի՞նչն եք կարևորում:
– Ամենակարևորն ինձ համար աշակերտին կրթելն է, նրա մարդկային դրական տեսակը ձևավորելը:
– Ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել կրթական համակարգում վերջին տարիներին:
– Վերջին տարիների ընթացքում զգացել եմ մեծ ուշադրություն․ կրթության առաջընթացն ապահովելու նպատակով Վրաստանի ԿԳՄՍ նախարարության կողմից ուսուցիչների համար անց են կացվում վերապատրաստման դասընթացներ, դրամական պարգևներով խրախուսվում են առաջավոր ուսուցիչները: Օրեցօր աճում է որակավորում ստացած ուսուցիչների թիվը:
– Ո՞րն է Ձեր ամենասիրելի դասը կամ թեման։ Ինչպե՞ս եք բարդ թեմաները դարձնում սիրելի ու հետաքրքիր:
– Իմ ամենասիրված թեման եղել և մնում է մայրական սիրո թեման, որն ունի խոր արմատներ հայ գրականության մեջ. այն կյանքի հենասյունն է, խորհրդանշում է սեր, նվիրվածություն, անձնազոհություն:
– Կիսվե՛ք մեզ հետ՝ ինչպե՞ս կարելի է դասը հետաքրքիր դարձնել:
– Ուսուցման համար կիրառում եմ մտագրոհ, խմբային աշխատանք, բաց քննարկումներ, «հարց ու պատասխան» մեթոդները:
– Ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել Ձեր գործունեության ընթացքում:
– Իմ ամենամեծ դժվարությունն եղել է իմ կարիերան ընտանեկան կյանքի հոգսերին համատեղելը:
– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ուսուցիչներին:
– Չհոգնե՛լ, տոկա՛լ, փնտրե՛լ, ունենա՛լ ցանկություններին ու նպատակներին հասնելու ձգտում:
– Ինչպե՞ս եք գնահատում աշակերտների հաջողությունները. գնահատականն արտացոլո՞ւմ է արդյոք գիտելիքները:
– Սովորաբար գնահատում եմ՝ չափանիշ ունենալով նաև աշակերտի ինքնագնահատականը: Ուշադրությունից դուրս չեմ թողնում աշակերտի հաջողության ամեն մի մանրուք: Գնահատում եմ խոսքով, միավորով, պարտավորեցնելով: Ուսուցիչը պետք է նկատի աշակերտի լռությունը, տխրությունը: Իմ կարծիքով` գնահատելիս պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքները:
– Ինչպե՞ս ստեղծել առողջ մթնոլորտ դասարանում: Դպրոցում միայն կրթությո՞ւնն է կարևոր, թե՞ նաև աշակերտների և ուսուցիչների փոխըմբռնումը:
– Բարենպաստ միջավայրի ստեղծումը ոչ միայն ուսուցումն է ավելի արդյունավետ դարձնում, այլև օգնում է երեխային դառնալ հասարակության լիարժեք անդամ: Այդ նպատակով պետք է ապահովել ինչպես ֆիզիկական հարմարավետություն, այնպես էլ ջերմ ու սոցիալ-հոգեբանական մթնոլորտ, խրախուսել ջանասիրությունը, հաջողությունները, սահմանել վարքագծի կանոններ, կիրառել ինքնագնահատման մեթոդներ:
– Ի՞նչ դեր ունեն ծնողները կրթության մեջ: Ձեր գործունեության տարիների ընթացքում փոխվե՞լ են ծնող-ուսուցիչ հարաբերությունները:
– Ծնող-ուսուցիչ սերտ կապը նպաստում է աշակերտի ուսման առաջադիմությանը, վարքի բարելավմանը: Այդ կապի համագործակցության հաջողության դեպքում ծնողն ավելի է հասկանում երեխային, դառնում ավելի հոգատար, ուշադիր, նկատում երեխայի հնարավորությունն ու խնդիրները։
– Բացի գիտելիքներից ինչպիսի՞ արժեքներ եք փորձում փոխանցել Ձեր աշակերտներին:
– Սովորեցնում եմ լինել բարի, առաքինի, օրինակելի, կիրթ, հոգատար բոլորի հանդեպ, նվիրված լինել հայրենիքին՝ դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը:
– Ուսուցիչը և՛ սովորում է, և՛ սովորեցնում. բավականին երկար ճանապարհ եք անցել. ի՞նչ հաջողություններ եք ունեցել Ձեր մանկավարժական գործունեության ընթացքում:
– Իմ ուսուցչական կարիերայում իմ ամենամեծ հաջողությունը եղել է Ավագ ուսուցչի կարգավիճակի ձեռքբերումը։ Մասնակցել եմ ուսուցչի համար նախատեսված առարկայական և մասնագիտական հմտությունների զարգացման քննություններին և հաղթահարել քննական շեմը: Բարդ, միաժամանակ հետաքրքիր է եղել այդ ճանապարհը, որն ինձ տվել է գոյատևելու պայքարի ուժ և իմաստ իմ կյանքին:
– Ի՞նչ ծրագրեր կամ նախաձեռնություններ եք ցանկանում իրականացնել ապագայում:
-– Որպեսզի իմ կյանքի մնացած մասն իմաստ ու գույն ունենա, որոշել եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին. չկտրվել ուսուցումից ու կրթությունից, շարունակել իմ կարիերայի ճանապարհը…
Լուսյա Մարգարյանի 46-ամյա վաստակն ու անցած ուղին ապացուցում են, որ դպրոցը նրա համար եղել է ոչ թե պարզապես աշխատավայր, այլ կյանքի իմաստ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ նա այսօր էլ շարունակում է կրթել ու օրինակ ծառայել իր սաներին։

Թողնել պատասխան