ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հայրենիք

Հայրենիք… ինչքա՜ն մեծ իմաստ, ինչքա՜ն նշանակություն կա այս բառի մեջ, նրա ամեն տառի մեջ սեր կա, սեր այն երկրի հանդեպ, որը հոգուդ ապաստարանն է։ Նշանակություն չունի՝ որտեղ ես ծնվել կամ որտեղ ես ապրում․ քանի երակներումդ հոսում է հայի արյունը, փնտրելու ես Հայրենիքդ, հայերենը և ամեն անգամ հայի ու հայերենի հանդիպելիս ուրախանալու ես այնպես, ասես Հայաստան ես գտել։ Ուր էլ գնաս, որտեղ էլ փնտրես, հայրենիքի նման  ջերմ անկյուն չես գտնի, ուր հոգիդ հանգիստ է, ու քո պապական տանը լինելու երջանկությամբ ես պարուրվում։ 

Ես` Արամե Պետրոսյանս, ծնվել ու մեծացել եմ Արցախի ամենագեղեցիկ, դրախտային ու գողտրիկ անկյունում` Ամարասի հովտում ծվարած Մաճկալաշեն գյուղում, մի վայր, ուր քրիստոնեությունը, մաշտոցյան գիրն ու գրականությունը կանթեղի նման լույս են սփռել ու տարածվել։

Ինչքա՜ն դժվարությունների միջով է անցել հայ ազգը, ինչքա՜ն արցունք ու զոհեր է տեսել։ Յուրաքանչյուր հայի աչքերում կան պատկերներ, հիշողության անջնջելի պահեր, որոնք մեր հոգում ցավ են թողել։ Սուտ է, որ ասում են` ժամանակը բուժում է։ Ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքը դեռ ցավում է ու չի սպիանում։ Մարդը չի կարող մոռանալ այն, ինչ զգացել է սեփական մարմնի վրա։ Երևի չի եղել հայի համար այնպիսի ժամանակաշրջան, որ նա ապրի հանգիստ ու խաղաղ։ Բայց նա չի հանձնվել, միշտ պայքարել է և չի թողել իր հավատն ու հայրենիքը։

Հային տրված է ունենալ երկու հայրենիք՝ ապրել օտարության մեջ ու զգալ մայր հայրենիքի կարոտը։ Ապրելով Ռուսաստանի Դաշնությունում` ինձ համար այն դարձել է երկրորդ հայրենիք։

2020թ. չարաբաստիկ պատերազմից հետո տեղափոխվել և ընտանիքով հաստատվել ենք Կրասնոդարի երկրամասում, հաճախում եմ Գուլկևիչի հայկական կիրակնօրյա դպրոցը։ Մասնակցել եմ օլիմպիադաների և զբաղեցրել մրցանակային տեղեր, իսկ Կրասնոդարում՝ բացառիկ առաջին տեղը։ Միայն  օտարության մեջ ապրած ու ապրող հայերը կհասկանան, թե օտար երկրում ինչքան դժվար է պահպանել հայությունը, հայ ավանդույթները, լեզուն, մշակույթը, մանավանդ, երբ շրջապատված ես օտարազգի մարդկանցով, սակայն ամենակարևոր ցանկությունդ հոգիդ հայ պահելն ու հայ ազգին նվիրված լինելն է։

Արամե Պետրոսյան, 14 տարեկան, 

Կրասնոդարի երկրամաս, քաղաք Գուլկևիչ,

 ուսուցչուհի՝  Գայանե Էռնեստի Հակոբյան


Թողնել պատասխան