Մեսրոպյան ուխտ.
Գիտելիքի, գրի և դպրության տոնը Սփյուռքում

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկ է, Գիտելիքի օր, այլև յուրատեսակ ուխտագնացություն դեպի մեր արմատները, դեպի ազգային ինքնության ակունքները։ Սա գիտելիքի, գրի և դպրության տոնն է, օր, որն առանձնակի խորհուրդ, առաքելություն և կշիռ ունի հատկապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։
Եթե հայրենիքում դպրոցի զանգը հնչում է որպես ամենօրյա կրթության բնականոն շարունակություն, ապա Սփյուռքում յուրաքանչյուր հայկական կրթօջախի, կիրակնօրյա դպրոցի կամ մշակութային կենտրոնի դռների բացվելը հերոսություն է: Սփյուռքի պայմաններում հայկական դպրոցն այն ամրոցն է, որտեղ պաշտպանվում և սերնդեսերունդ է փոխանցվում մեր ամենամեծ գանձը՝ մայրենի լեզուն ու մեսրոպյան ոսկեղենիկ տառերը։
Գիրն ու դպրությունը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի գոյատևման, հարատևման և ինքնության սնուցող ակունքը։ Այսօր էլ օտար ափերում հայ մանկավարժն ու կրթության կազմակերպիչը կատարում են նույն վեհ առաքելությունը։ Նրանք հաճախ սահմանափակ ժամանակում և հեռավորության պայմաններում հրաշքներ են գործում՝ ոչ միայն տառեր ու քերականություն սովորեցնելով, այլև հայ մանուկների հոգում վառ պահելով հայրենիքի կանչն ու հայ լինելու հպարտությունը։
Այսօր աշխարհն արագ է փոխվում, և Սփյուռքում հայեցի կրթություն կազմակերպելը պահանջում է նոր մոտեցումներ, արդիական մեթոդներ ու անսպառ համբերություն: Սակայն անփոփոխ է մնում գլխավոր նպատակը՝ թույլ չտալ օտարացման քամիները մարեն հայկական օջախների կրակը:
«Սփյուռքի դպրոց» պարբերականը սրտանց շնորհավորում է Սփյուռքի բոլոր նվիրյալ մանկավարժներին, մեթոդիստներին, ծնողներին և, իհարկե, սիրելի աշակերտներին գիտելիքի, գրի և դպրության տոնի առթիվ։
Մաղթում ենք ձեզ տոկունություն, անկոտրում կամք և ստեղծագործական եռանդ։ Թող նոր ուսումնական տարին լինի հայապահպանության հզորացման և նոր ձեռքբերումների տարի։ Քանզի քանի դեռ աշխարհի ցանկացած ծայրում հնչում է հայերենը, ապագայի հանդեպ մեր հույսն անմար է։

Թողնել պատասխան