Հայրենիք

Հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից, հարազատներից, սիրելիներից, մտերիմներից ու իմ շրջապատից։ Հետո շարունակվում է իր պատմությամբ, շնչով, իր հոգով, մեր հինավուրց և հյուրընկալ տներով, ուրույն բառ ու բանով, ամենագեղեցիկ բնաշխարհով, հայրենի հող ու ջրով։
Ես հպարտ եմ, որ հայ եմ և ապրում եմ Ջավախքում։ Ջավախքը Վրաստանի փոքրիկ հարստությունն է, ուր ապրում ենք մենք` հայերս, գերակշիռ բնակչութամբ։ Ախալքալաք քաղաքն ունի իր յուրովի գեղեցիկ և տեսարժան վայրերը՝ պատմական Ախալքալաքի Ռաբաթ բերդը, Տաշվանկայի բլուրը, իսկ Աբուլի կատարից արևն առաջինն է ժպիտով նայում իմ հայրենի գյուղ Դիլիսկային։
Հյուրասեր և հյուրընկալ հայ մարդիկ են իմ երկրացիները։ Մարդ մի անգամ պետք է լինի Ջավախքում, զգա լեռների վեհությունը և շնչի այն օդը, որ շնչել են Ջիվանին ու Տերյանը, Դեմիրճյանն ու Հովհաննես Քաջազնունին, իսկ Գուսան Հավասին Աբուլի լանջին սեր է գովերգել։
Ջավախքս հզոր է հայրենասեր ու եռանդով լի երիտասարդներով, տաքարյուն ու համարձակ տղերքով, համեստ ու հեզ աղջիկներով։ Երիտասարդներին միշտ թև ու թիկունք են ծնողները, տատ ու պապերը` հայրենի հողի մշակները։ Ջավախքի ուժը հենց երիտասարդության մեջ է, որոնք ամենուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի պատիվը։
Յուրաքանչյուր մարդ պետք է գա ու իր սեփական աչքերով տեսնի ու զգա այս հրաշալի վայրի առանձնահատկություններն ու գեղեցկությունը։
Աշխարհասփյուռ հայերիս մայր հայրենիքն է Հայաստանը։ Հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայկյան ազնվազարմ արյունը։ Հայ կոչվելը ինձ համար շատ մեծ հպարտություն է։ Երբ պատերազմ է տիրել Հայաստան աշխարհում, Ջավախքը միշտ կանգնել է մայր Հայաստանի կողքին։ Հայաստանը առանց Ջավախքի, ինչպես հրացանն առանց փամփուշտի։
Մեզանով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողն ու պաշտպանողը։ Ուրեմն եկեք լինենք միասնական՝ աշխարհի տարբեր անկյուններում գտնվելով հանդերձ, ուս ուսի տված պայքարենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, չմոռանանք մեր ազգը, կրոնը, մեր լեզուն ու ազգային-քրիստոնեական արժեքները։ Մենք միասնական ենք աշխարհի բոլոր անդաստաններում՝ Ջավախք լինի, թե Սփյուռք և աշխարհի բոլոր կողմերում, ուր կա գեթ մի տարագիր հայ և ուժեղ ենք մեր հայրենի բնօրրանով։ Պետք չէ հեռանալ օտար ափեր, այլ, հակառակը, պետք է մնալ ու է՛լ ավելի շենացնել մեր հին ու նոր Ախալքալաքը` իր շեն գյուղերով, հողի բույրով, բարիքով և կրթության լույսով լցնել մեր Ջավախք լեռնաշխարհի հարուստ շտեմարանը։
Հ.Գ.
Ավա՜ղ, Արայի երկիր Արցախս շաքար էր, որ մնաց շան բերանում։
Հավատում եմ, որ մի օր կբացվեն դռներն հուսո…
Ադամյան Կարինե
12֊րդ դասարանի աշակերտուհի
Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոց,
Հայոց լեզվի և գրականության ավագ ուսուցչուհի` Վարդենիկ Գաբրիելյան

Թողնել պատասխան