Ուսումնական նյութեր՝ Սփյուռքի համար

Հարգելի՛ սփյուռքահայ ուսուցիչներ, անհրաժեշտ և շատ սպասված լուր ունենք․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից գործածության է երաշխավորվել Կարինե Եսայանի ՌԴ հայկական կրթօջախների մեկօրյա, երկօրյա դպրոցների և լրացուցիչ կրթության խմբակների միասնացված «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» դասընթացի մոդուլային ծրագիրը։
Ծրագրի լրամշակողներն են՝ Թամարա Թովմասյանը (կրթության փորձագետ, ՀԳԱԱ գիտակրթական միջազգային ուսումնական կենտրոնի «Կրթության կառավարում» բաժնի դասախոս, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կրթական ծրագրերի գլխավոր մասնագետ, դասագրքերի հեղինակ և համահեղինակ, ՀՀ) և Ջուլիետա Գյուլամիրյանը (մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ):
Ծրագրի բոլոր դրույթները քննարկվել և համաձայնեցվել են Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների մեթոդական միավորման 2024-2025 ուսումնական տարվա IV նիստում:
Ծրագրի նպատակն է եռամյա կրթության շրջանակներում ապահովել հայերենի նպատակային ուսուցումն ու հաղորդակցվելու կարողության զարգացումը: Այն ներառում է մեկօրյա, երկօրյա և լրացուցիչ կրթության խմբակներում հայոց լեզվի, գրականության և հայրենագիտության դասավանդման հայեցակարգը, նշված առարկաների հիմնական նպատակները, խնդիրները, ուսուցման բաղադրիչները, նորույթները, արդիականությունը, սովորողին ներկայացվող պարտադիր պահանջները՝ նրանց գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ծավալի սահմաններում, և առաջարկվող գրականության ցանկը:
Առաջին՝ «Կրթական ծրագրի հիմնական բաղադրիչները. ծավալը, բովանդակությունը, պլանավորումը» բաժինը ներառում է․
· Ներածական մաս,
· Ծրագրի նորույթը, արդիականությունը և մանկավարժական նպատակահարմարությունը,
· Ծրագրի առանձնահատկությունները,
· Ծրագրի մակարդակը, իրականացման ծավալը և ժամկետները,
· Ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները,
· Ծրագրի բովանդակության մակարդակները, նրա իրականացման շրջանակը և ժամկետները (Ծրագիրն իրականացվում է 3 տարում),
· Ծրագրի նպատակը և խնդիրները,
· Ուսումնական ծրագիրը։
Սույն ծրագիրը նախատեսված է 7 — 18 տարեկան սովորողների՝ կիրակնօրյա (մեկօրյա), երկօրյա և լրացուցիչ խմբերի համար: Այն ներառում է 3 տարիքային խումբ՝ 7-9, 10-13, 14-18:
Ըստ ծրագրի՝ հայերենի դասավանդումն իրականացվում է ռուսալեզու միջավայրում, որպես օտար լեզու, ռուսաց լեզվի հիմքի վրա:
Երկրորդ՝ «Կազմակերպչական և մանկավարժական պայմանների համալիր, ներառյալ սերտիֆիկացման ձևերը» բաժինը ունի հետևյալ խորագրերը՝
· Ծրագրի ժամանակացույցը,
· Վերահսկման ընթացակարգերի ժամկետները,
· Ծրագրի իրականացման պայմանները,
· Վերահսկողության և սերտիֆիկացման ձևերը,
· Կրթական արդյունքների ամփոփման ձևերը,
· Կրթական արդյունքների ներկայացման և ցուցադրման ձևերը,
· Մեթոդական նյութեր,
· Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևերը,
· Ուսումնաօժանդակ գրականություն,
· Ուսուցման ալգորիթմ։
Այս ծրագրի հիման վրա Կարինե Եսայանի ստեղծած յուրաքանչյուր դասագիրք փորձարկվել է հեղինակի կողմից երկար տարիներ: Դասագրքերը նախատեսված են երկու ուսումնական տարվա համար:
Նախադպրոցական տարիքի սովորողների համար նախատեսված է «Կարդա և գրիր հայերեն» ուսումնական ձեռնարկը: Այն ընդգրկում է 20 դասեր, որոնք համեմված են գեղեցիկ ու հետաքրքիր հեղինակային երգերով ու բանաստեղծություններով, երկխոսություններով, թեմատիկ հետաքրքիր ու գունագեղ նկարներով, որը հեշտացնում և հետաքրքիր է դարձնում ուսումնական գործընթացը:
Դպրոցականների առաջին ուսումնական տարվա դասագրքերը գրված են տարիքային վերոհիշյալ երեք խմբերի համար: Դրանք են՝
7-9 տարեկան՝ «Կարդա´ և գրի´ր հայերեն», 10-13 տարեկան՝ «Այբբենարան» և «Սովորում եմ գրել հայերեն» (աշխատանքային տետր), 14-18 տարեկան՝ «Հանրագիտակ այբբենարան» և «Սովորում եմ գրել հայերեն» (աշխատանքային տետր):
«Կարդա´ և գրի´ր հայերեն» գիրք-տետրով աշխատանքի ուսուցման սկզբնական փուլի խնդիրն է ծանոթացնել հայոց այբուբենին, տառերին ու հնչյուններին, ձևավորել ճիշտ հնչարտաբերում, ներդնել մինիմում բառապաշար, մշակել ընթերցանություն, բանավոր խոսքի հիմնական և ճիշտ հմտություններ:
«Այբբենարան» ուսումնական ձեռնարկում ավելանում են բանավոր խոսքի զարգացման բաժինը, ինչպես նաև հայերենի քերականության բազային գիտելիքների համակարգված ուսուցումը:
«Հանրագիտակ այբբենարան» ձեռնարկը տառուսուցման, գրուսուցման, քերականության և բանավոր խոսքի զարգացման հետ միասին ընդհանուր տեղեկություններ է պարունակում հայ ժողովրդի փառավոր անցյալի և ներկայի, մշակույթի, արվեստի նշանավոր գործիչների մասին: Ձեռնարկում զետեղված են նաև խաչբառեր, վարժություններ, շուտասելուկներ, առածներ, թևավոր խոսքեր, երկխոսություններ: Այս ամենն ավելի դյուրին ու հետաքրքիր է դարձնում ուսուցումը:
Երկրորդ ուսումնական տարվա համար նախատեսված են «Մայրենի 2» և «Հայոց լեզու» դասագրքերը:
«Հայոց լեզու» գիրք-տետրը հայոց լեզվի ուսուցման, լեզվական տարրական գիտելիքների և լեզվական կարողությունների ձևավորման նպատակ ունի, բովանդակում է հայոց լեզվի բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, ուղղագրություն, բառագիտություն, բառիմաստաբանություն, բառակազմություն, ձևաբանություն, շարահյուսություն: Այն կարող է գործածվել գրաճանաչությունից հետո՝ «Մայրենի 2» ընթերցարանին զուգընթաց, ինչպես նաև առանձին:
«Մայրենի 2» դասագիրքն իր տեսակով մայրենի լեզվի ընթերցարան է, որը հաջորդում է «Այբբենարանին»: Քանի որ Սփյուռքի դպրոցներում դասարանները միակազմ չեն և կարող են ընդգրկել տարիքային տարբեր խմբերի աշակերտների, ուստի մայրենի լեզվի ուսուցումը կարող է սկսվել տարիքային տարբեր խմբերից: Այդ իսկ պատճառով դասագրքում ընդգրկված ստեղծագործություններն ու ամբողջ բովանդակությունը, ընդհանուր առմամբ, հասանելի կարող են լինել տարբեր տարիքի գրաճանաչ սովորողների համար։ Ընթերցարանի յուրահատկություններից է ռուսերեն և հայերեն համադրությամբ կազմված լինելը, խիստ հայրենագիտական ու հայրենասիրական բովանդակությունն ու էությունը:
Երրորդ ուսումնական տարվա դասագիրքը տպագրական ընթացքի մեջ է:
Բոլոր դասագրքերի հիմնական նպատակն է բացի հայոց լեզվի ուսուցումից՝ Հայրենիքից հեռու ապրող հայ երեխային ծանոթացնել նրա պատմությանը, աշխարհագրությանը, բնությանը, մշակույթին, դավանած արժեքներին, սովորույթներին և ավանդույթներին, ճանաչելի դարձնել իր ինքնությունը, արթնացնել ազգային ինքնագիտակցություն։
Դասագրքերի խիստ հայրենագիտական բնույթն ու հայրենասիրական ուղղվածությունն այսօր առավել կարևոր և պահանջված է գլոբալացվող աշխարհում մեծացող հայ երեխայի ճիշտ դաստիարակության համար:
Մեթոդիստ-մանկավարժ Կարինե Եսայանի հեղինակային դասագրքերը ստեղծվել են հեղինակի երկարատև տքնաջան աշխատանքի, համայնքի խնդիրների հաշվառման և երեխաների հետ աշխատանքում ձեռք բերած փորձի հիման վրա, ինչպես նաև հայ երեխայի հայեցի կրթության ու դաստիարակության հույժ անհրաժեշտ տեսլականով:
Response
-
😍

Leave a Reply