
***
Բացատի խորքում՝ անտառի փեշին,
Իմ արահետն է, գնամ, ջուր բերեմ,
Մամռապատ քարին լուռ հենվեմ ծնկով,
Հողոտ մատներով պաղ ջրին գերեմ։
Իմ խենթ կարոտը ես լուռ բարուրեմ,
Մեր խնկածաղկի անուշ բուրմունքով,
Ու հոգիս կիզող բոցը ես մարեմ՝
Մեր պաղ աղբյուրի վճիտ ցայտանքով։
Թելատ հուշերս ափիս մեջ սեղմած՝
Օգնեմ, որ տատս ճախարակ մանի,
Ու թանոտ ձեռքով դողդոջուն, զգույշ,
Տատս խնոցուց կարագը հանի։
Մայրս էլ հունցի խմորը մութով,
Որ արշալույսին փռից հաց հանի,
Օրհներգվի օրը հացի բուրմունքով,
Ու հայրս շաղով գնա հունձ անի։
Նոր բացվող օրվա շքեղ հմայքից
Նորից խենթանա սիրտս պատանի,
Բակի շներն էլ անհերթ կլանչեն,
Ու տատս սիրով կաթը մերանի։
Աշնան գույներով պատկերներ վրձնեմ,
Հոտաղի երգը տարածվի օդում,
Սիրած աղջկա համար հավաքած
Մորու փնջերը թաքցրած ծոցում։
Հետո երեկոն հուշիկ ու մարմանդ՝
Վառվող ափերով դաշտից հավաքեմ,
Ծեքծեքող աստղեր, ձեր տանն ու կտրին՝
Հուշիս թելերով զգույշ կարկատեմ։
Արթուր Փայտյան
Համազգային հայ կրթական և մշակութային միության
ՌԴ կառույցի ներկայացուցիչ

Leave a Reply