Արցախ-հալեպյան խնամիություն

Հայրս հայրենադարձ էր, նա խոսում էր արևմտահայերեն։ 1947 թվին «Պոբեդա» նավով ընտանիքի հետ Սիրիայի Հալեպ քաղաքից հայրենադարձվել էր Հայաստան։ Ապրել են Երևանում, «Մոնումենտ» կոչվող թաղամասում, որտեղ էլ մեծացա ես։
Մի անգամ դպրոցում պատահաբար ուսուցչին շնորհակալության փոխարեն ասացի՝ Ձեր վարձքը կատար, ինչի համար արժանացա ամբողջ դասարանի ծիծաղին, ուսուցիչն էլ չհասկացավ ասածս։ Երբ ծանոթացա մի երիտասարդի հետ (ապագա ամուսնուս), նրա հայրը ցանկացավ գալ մեր տուն և ծանոթանալ ընտանիքիս հետ։ Ապագա ամուսինս ծնվել էր Երևանում և ինձ պես ուսանող էր Երևանի բուհերից մեկում։ Թե որտեղից էին արմատներով, դա ինձ չէր հետաքրքրել։
Հայրս առհասարակ սուրճ խմում էր թեյի բաժակով, ասում էր՝ կոֆեն թագավորական բիդի խմել։ Նախքան այդ մարդկանց գալը, հայրիկիս համոզում էինք, որ նրանց սուրճ հյուրասիրելիս իրեն էլ բոլորի նման փոքր բաժակով տանք, քանի որ այդ մարդիկ տեղացի էին, կզարմանային ու կասեին, թե այդ մարդը «վեդրոյով էր կոֆեն խմում»։ Հայրս համաձայնեց մի պայմանով, որ հենց նրանք գնան, իրեն անմիջապես տանք թագավորական կոֆե։
Հյուրերը եկան․․․ Տուն մտնելով՝ ընկերոջս հայրն ասաց․
— Ա՛յ, բարև ձեզ, ես Աբոն եմ, հունց ը՞ք, հուվ ըք, վրդեղացի՞ ըք, մին պըտմեցիք, անջուկ օնենք։ Օզում ընք ծանոթանանք, տեսնենք հինչ ջուվար ըք։
Հայրս տիրապետում էր արաբերեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն լեզուներին, աշխատում էր թարգմանիչ, սակայն ոչինչ չհասկացավ։
— Ներս եգուր, եխպայր, աշեմ ի՞նչ կըսիս։
— Մհենգ դու իմ լեզուն հըսկանու՞մ չըս,— համառորեն հարցնում էր ընկերոջս հայրը։
— Ի՞նչ կ՛ուզէ այս մարդը ըսել, ու՞ր մէկը կը հասկանայ իր լեզուն, — տարակուսած հարցնում էր հայրս։ Օգնության եկավ մայրս, ասաց, որ մեր հյուրը հաստատ ղարաբաղցի է և խոսում է իրենց բարբառով։
— Է՜, ինչպե՞ս պիդի մենք զիրար հասկընանք,— զարմացավ հայրս։
Այդ պահին Աբոն ասաց իր կնոջը․
— Էս մեր հարթնեն հարը կլյոխ չըս ընգում՝ հայերեն ա խոսում, թա հայերեն չի՞ խոսըմ։
— Եգէք, նստինք սեղանին քովը, քիչ մը հանդարտուինք,— առաջարկեց հայրս։
— Մհենգ ես հսկանըմ ըմ հինչ ա ասում մեր խնամեն, բայց հըսկացվում չի՝ հինչ ա օզում,— բացատրում էր որդուն Աբոն։
Համեղ ընթրիքից հետո եկավ սուրճի պահը, անհանգիստ էինք, հանկարծ հայրս չասի՝ ինձ իմ մեծ բաժակով բերեք սուրճը։ Երբ սուրճը մեկնեցի Աբոյին, նա խնդրելով ասաց․
— Կարա՞լ չես, մատաղ ինիմ, ինձ չայի կռուշկավ բերես կոֆեն, ես էս կյուճուր ստաքանավ կոֆեից մի պեն էլ ա հըսկանում չում։
Հայրս, որ մինչ այդ պահը ոչինչ չէր հասկանում, հանկարծ սկսեց Աբոյի լեզուն հասկանալ․
— Օ, թուն ա՞լ թագավորական կխմե՞ս, դե ասա ղայդին մարդմըն ես, հոգիս հանաձ են երէկէն, թե պզդիկ բաժակով բիդի խմեմ կոֆեն։
Շփումը ջերմացավ, նրանք մեզ հրավիրեցին ղարաբաղյան ուտեստ՝ «կարկուտ» ուտելու (հայրս կարկուտ լսեց)․
— Եղբա՜յր, կարկուտն ինչպե՞ս բիդ ուտե՞նք, ադիգա ցյունին պես բան մըն է։
— Կորկոտ, խնամե ջան, կարկուտ չի, ձավարավ ղյաշանգ խորագ ա։
Վերջում Աբոն ասաց տղային․
— Յեր կենանք, հղե ինինք, հենցա թոռ ա օզում կյա։
— Օ, թոռ ունի՞ս, հղի՞ է,— ուրախ հարցրեց հայրս։
— Վեչ ես եմ հղի, վեչ կնեգս, խնամե ջան,— կատակեց Աբոն,— խոխեքս էլ հլա պսակված չեն։ Տու լեզուներ իմացող իս, մեր լեզուն էլ բիդի սվերես, հղեն՝ ճամփեն ա, թոռն էլ՝ անձրևն ա,— ամփոփեց Աբոն ու գնաց իրենց շենը։
«Սփյուռքի դպրոց» թերթի սրբագրիչ
Response
-
Հիացած եմ։Նվիրյալ ուսուցչուհի` `մայրենի լեզվի։Մենք քիչ ենք,սակայն մեզ հայ են ասաում։Կանք,պիտի լինենք,ուդեռ շատանանք։

Leave a Reply