ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Լուսինե Համլետի Պետանյան

Կան վայրեր, որտեղ գտնվելով մարդը սովորում է լռությանը: Ինձ համար այդպիսի վայր է եղել իմ հայրենի Մեծ Սեպասար գյուղը՝ ծվարած լեռների ստորոտում։ Այնտեղ ես ծնվել և մեծացել եմ ՝ լեռների, հանգիստ առավոտների, չափված կյանքի և պարզ, բայց ամուր արժեքների մեջ: Իմ մանկությունը լուռ ու լուսավոր է եղել, առանց կտրուկ շրջադարձերի, լցված խնամքով և այն զգացողությամբ, որ աշխարհում ամեն ինչ իր ժամանակն ունի: Հավանաբար, հենց այդ ժամանակ էր, երբ իմ մեջ հայտնվեց ներքին կայունությունը, որն էլ հետո պիտի օգներ ինձ չվախենալ փոփոխություններից: 

Ուսումը դարձավ իմ ճանապարհի բնական շարունակությունը։ Մեր գերդաստանում մանկավարժները շատ են, և ես մանկուց տեսել եմ, թե ինչպես գիտելիքը կարող է լինել ոչ միայն մասնագիտություն, այլև՝ մարդկանց սիրելու միջոց: Ինձ համար գլխավոր օրինակը միշտ մայրս է եղել։ Նայելով նրան՝ ես հասկացա, որ ուսուցիչը նա է, ով մնում է քո կողքին նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է, և հավատում է քեզ ավելի շուտ, քան ինքդ կհավատաս քեզ: Նա էր, որ ինձ սովորեցրեց յուրաքանչյուր մարդու մեջ տեսնել անհատականություն, հավատալ գիտելիքի ուժին և հասկանալ, որ խոսքը կարող է աջակցել, ոգեշնչել և փոխել ճակատագիրը: Ուստի մասնագիտության ընտրությունն ինձ համար ոչ թե երկմտանք էր, այլ՝ հանգիստ վստահություն։ 

Կյանքն ինձ տվեց մի ուղի, որտեղ շատ փորձություններ եղան. տեղափոխություն, նոր պայմաններ, նորից սկսելու անհրաժեշտություն մեկ այլ երկրում՝ նոր ռիթմով, նոր պատասխանատվությամբ․․․ Այս ամենը դարձան ոչ թե խոչընդոտներ, այլ նոր ուժեր բացահայտելու հնարավորություններ: 

Այսօր ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Աշխատում եմ որպես հայոց լեզվի ուսուցիչ և ղեկավարում եմ «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի ուսումնամեթոդական բաժինը: Այդ ճանապարհը հեշտ չէր, բայց այն ինձ սովորեցրեց գնահատել յուրաքանչյուր քայլ և յուրաքանչյուր նախաձեռնություն: Ինձ համար այն պարզապես աշխատանք չէ, այլ հնարավորություն է պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, սերունդների միջև կապը: Ես սիրում եմ մտածել, որ. «Օտար հողում իմ հայտնվելը մի մեծ առաքելություն է»։ 

Մասնագիտության մեջ ինձ համար գլխավորը մարդկային շփման ջերմությունն է։ Ես ուրախ եմ տեսնել, թե ինչպես է գիտելիքը դառնում հենարան, ինչպես են իմ ուսանողները, աշակերտները վստահություն ձեռք բերում, ինչպես են փոքր քայլերը վերածվում մեծ նվաճումների: Եվ վերջապես, ինչպես են վերականգնվում, կամ վերագտնվում արմատներին վերադառնալու վաղեմի կորսված երազանքները։ Հենց այդ պահերին ես հասկանում, որ ճանապարհը ճիշտ է ընտրվել, որ հենց դրանում է իրական երջանկությունը՝ լինել օգտակար և անհրաժեշտ: 

Տարիների ընթացքում գալիս է մի կարևոր հասկացողություն. նորից սկսելը չի նշանակում կորցնել: Երբեմն դա նշանակում է վերագտնել ինքդ քեզ: Աշխատանքը, համբերությունը և սեփական ուժերի հանդեպ հավատը կարող են փոխել կյանքը, նույնիսկ եթե ճանապարհը երկար է թվում… 

Սիրելի՛ ընթերցող. մի՛ վախեցիր կատարել առաջին քայլը, նույնիսկ եթե այն փոքր է: Յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է մի փոքր քայլից: Եվ եթե բաց սրտով ու վստահորեն գնաս, ճանապարհն անպայման կտանի դեպի իրական լույսը։

Leave a Reply