ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Դասավանդի՛ր Հայրենիք

Մենք՝ Սփյուռքի ուսուցիչներս, մեր աշակերտներին դասավանդում ենք ոչ թե կոնկրետ մի առարկա, այլ՝ Հայրենիք։ Ուրեմն եկե´ք պատրաստենք մեր առաջին գրատախտակը։

Կարծում եմ՝ գրատախտակի առաջին տողում պետք է գրենք․
ՀԱՅԵՑԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 
Այս երկրագնդի որ ծայրում էլ լինենք, պետք է մշակենք ազգային կրթության հայեցակարգ, մեր հազարամյակներում թրծված ազգագրության գոհարները և բանահյուսության ադամանդները, մեր ավանդական մաքրամաքուր արժեքները փոխանցենք մեզ հաջորդող սերունդներին։

Երկրորդ տողում ցանկալի է գրել․
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ 
Եթե ուզում ենք հային հայ պահել, ուրեմն մեր եկեղեցիներին և համայնքներին կից պետք է ստեղծենք հայեցի կրթական օջախ։ Այս դպրոցը պետք է դառնա հայի տուն, հոգիների մերձեցման և ընդհանուր կյանքով ապրելու խարիսխ, արմատները ամրացնելու եզերք, որից սկսվում, տարածվում, ձգվում են շատ կարևոր որոնումների ճանապարհներ։ 

Երրորդ տողում կհայտնվի մի նվիրական բառ․
ՈՒՍՈՒՑԻՉ
Նա նվիրյալ է, որն իրականացնում է հոգեշահ, ինքնազոհողություն պահանջող աշխատանք։ Նա պետք է ձևավորի հայի տեսակ, պատանու նուրբ հոգում ցանի մեր ազգային արժեհամակարգի առողջ սերմերը։ 
Ինչքան փոքրանում է մեր ժողովրդի կենցաղավարման բնիկ տարածքը, իսկ այժմ այն հասել է նվազագույնի, այնքան մեծանում է ուսուցչի պատասխանատվությունը՝ սերունդներին փոխանցելու Հոգևոր Հայաստանի բազմաշերտ էությունը և նրա անսասան հիմքի վրա Պատմական Հայաստանը վերադարձնելու բաղձանքն ու նպատակասլացությունը։

Չորրորդ տողում գրելու ենք․ 
ԱՇԱԿԵՐՏ
Նա այստեղ պետք է ստանա անսահման սեր և ջերմություն, դաստիարակվի որպես Հայրենիքի զինվոր՝ տարբեր ասպարեզներում։ Նրա ներաշխարհը պետք է համահունչ լինի Հայրենիքի դեսպանի էությանը։ Նրա գերագույն նպատակը պետք է դառնա Հայրենադարձությունը։

ԵՎ մեր այսօրվա գրատախտակի վերջին ամենահիշվող տողում եկեք գրենք․ 
ՀԱՅՐԵՆԻՔ 
Հայրենիքը չեն ընտրում, ինչպես՝ ծնողներին, ճակատագիրը մեզ պարգևել է հրաշալի հայրենիք։ Մեր պատմությունը ազնիվ է և հերոսական։ Մեր դարավոր սովորույթները  մաքուր են, առաքինի և արդար։ Հայկական մշակույթը միշտ էլ զարմացրել ու հիացրել է գիտակից աշխարհին։ 
Մեր եկեղեցին մեր հայրենասիրության, վերընթաց հավատի, ազգային ինքնության խորհրդանիշն ու ներշնչարանն է։ 
Ողջ հայկական աշխարհը իր միասնության մեջ անպարտելի է, ի վիճակի է լուծելու իր բոլոր խնդիրները։

Մեր առաջին գրատախտակը պատրաստ է։ Շուտով կհնչի դպրոցի զանգը, ուսուցիչը դուրս կգա ուսուցչանոցից և կմտնի դասարան՝ ազդարարելու սկիզբը այն հրաշքի, որ կոչվում է ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍ։

Եկեղեցու զանգերի հետ 
Վստահ ղողանջող, 
Հայաստանի խորհրդանիշ 
Խաչքա՛ր մի կանչող։ 

Հայրենաշունչ գիտելիքով 
Զինված լիուլի՝ 
Նոր աշխարհ ես մեր դեմ բացում 
Ամեն կիրակի։ 

Հայրենաբույր մեր սուրբ օջա՛խ, 
Կարո՛տ չխամրող, 
Մեր հոգսաշատ առօրյայից 
Պոկված լույսի շող։ 

Արմատները մեր սնուցող 
Մեսրոպյան դարբնո՛ց,
Մեր մտերմիկ, ջերմ ու պայծառ 
Հայկական դպրո՛ց։

Երազիկ Հարությունյան, բգթ, գրքերի և ծրագրերի հեղինակ

Response

Leave a Reply