ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Կարինե  Յուրջանի Փիլոյան

Ծնվել եմ 1965թ հունիսի 22-ին  ՀՍՍՀ  Կիրովական(Վանաձոր) քաղաքում:

1972-1982 թթ․ սովորել եմ Կիրովականի մաթեմատիկայի թեքումով թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել եմ գերազանցությամբ: 

1982 թ․ ընդունվել եմ Կիրովականի պետական  մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, սովորել եմ նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում՝ ստանալով ինքնագործ թատերական խմբի ղեկավարի որակավորում:  1986 թ. գերազանցությամբ ավարտելով ինստիտուտը՝ աշխատել եմ Կիրովականի  թիվ 20 դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 

1988 թ․ դեկտեմբերյան երկրաշարժից հետո ընտանիքիս հետ  տարհանվել եմ Ռուսաստանի  Ադլեր քաղաքը, որտեղ շարունակել  եմ  մանկավարժական գործունեությունս, կազմակերպել բազմաթիվ բարեգործական համերգներ մեր հայրենակիցների համար, հայազգի երեխաներին ընդգրկել  եմ նաև մանկական թատերական խմբակում, որի ներկայացումները  մեծ  հետաքրքրություն էին  առաջացնում: Երկու տարի անց վերադարձել  եմ հայրենի քաղաք, աշխատանքի անցել  թիվ 20, ապա նորակառույց  թիվ 25 դպրոցում:  1992 թվականին  նշանակվել  եմ թիվ 27 դպրոցի փոխտնօրեն: 

1997 թ․ ընտանիքս տեղափոխվել  է Ռուսաստանի Դաշնության Նովոռոսսիյսկ քաղաքը,  աշխատանքի եմ անցել  քաղաքի թիվ 21 և 40  դպրոցներում՝ որպես հայոց լեզվի  ուսուցչուհի, ապա տեղափոխվել  եմ Անապա, սեփական նախաձեռնությամբ թիվ 4 և 6 դպրոցներում կազմակերպել   հայոց լեզվի դասընթացներ՝ անվճար հիմունքներով:

1999 թ․ հրավիրվել  եմ «Ցանք» մշակութային կենտրոն: 2007-2010 թթ․ միաժամանակ աշխատել եմ Հայկաձոր գյուղի թիվ 14 դպրոցում՝ պարապելով հայոց լեզու և հայրենագիտություն, կուբանագիտություն: Ղեկավարել եմ նաև սեղանի թենիսի խմբակ, որի սաներն  ունեցել են հաջողություններ քաղաքային և երկրամասային առաջնություններում: 

2016թ․, երբ Հայկաձորում բացվել է  Սուրբ  Գևորգ  հայ առաքելական եկեղեցին, պարգևատրվել եմ «Եկեղեցու շինարարության ակտիվ մասնակցության համար» հուշամեդալով: Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի հիմնադիրներից եմ: Իմ նախաձեռնությամբ  հայոց լեզվի և հայրենագիտության  խմբակ է վերաբացվել Սուպսեխ բնակավայրում:

Հեղինակ եմ «Հայերենի  20  դաս» ուսումնական ձեռնարկի, որը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից  որպես արագացված ուսուցման ձեռնարկ:

Անապայի հայ համայնքի   խորհրդի անդամ եմ 2015 թվականից, ղեկավարում եմ համայնքի կրթության ու մշակույթի բաժինները:

2020 թ․ հոկտեմբերի 17-ին հիմնել եմ «Իմ մայր» կանանց  բարեգործական միությունը,   2021 թ․ հունվարին՝  Անապայի   Տիգրան Ավդալյանի անվան  «Մուշ» կրթամշակութային կենտրոնը:  Պարգևատրվել եմ  Անապայի հայկական մշակույթի կենտրոնի, Պատգամավորների խորհրդի, Անապայի քաղաքապետի, Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ,  Կրասնոդարի երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի  սփյուռքի նախարարության  պատվոգրերով, Ռուսաստանի հայերի միության հուշամեդալով:

Leave a Reply