ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հայաստանի բարձրասլաց կռունկը

Անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքենսն ասել է․ «Աշխարհի ամենակարևոր մարդիկ ամենահամեստ մարդիկ են»։ Ամեն անգամ Աիդա Մարկոսյանի նման մարդկանց հետ առնչվելիս նորից եմ համոզվում իմ սիրած ասույթներից մեկի իսկության մեջ։ 

Աիդա Սուրենի Մարկոսյանը ծնվել է 1952թ․ հունվարի 22-ին Երևանում։ 1974 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը։ 1978 թ․ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է զբաղվել բանասիրությամբ՝ խորացնելով իր գիտելիքներն ու հմտությունները: 1983 թ. ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում պաշտպանել է բանասիրական գիտությունների թեկնածուի ատենախոսություն՝ «Խոսակցական լեզվի շարահյուսության հոգելեզվաբանական առանձնահատկությունները» թեմայով, իսկ մանկավարժության դոկտորի աստիճան նրան շնորհվել է 2004  թ․ «Երկրորդ լեզվի տիրապետումը որպես տեսական և լեզվաբանական դիդակտիկական խնդիր» հազվագյուտ աշխատանքի համար Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Օտար լեզուների և տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և լեզվաբանական դիդակտիկայի ամբիոնում ստացել է պրոֆեսորի պաշտոն։ Այստեղ նա երկար տարիներ  զբաղվում էր ապագա մանկավարժների պատրաստմամբ և դասավանդման մեթոդների ուսումնասիրությամբ: Հրապարակել է արժեքավոր աշխատություններ և ֆրանսերենի, հայերենի, օտար լեզվի ուսուցման մեթոդների, երկլեզվության, խոսակցական լեզվի տեսության և այլ հարակից բնագավառների վերաբերյալ տասնյակ գիտական հոդվածներ։ Նրա գործունեությունն ընդգրկում է ոչ միայն ռուսական, այլև միջազգային համատեքստեր, ինչը նրան դարձնում է մանկավարժության և լեզվաբանության ոլորտում ականավոր գործիչ:

Աիդա Մարկոսյան  տաղանդավոր լեզվաբանի և մանկավարժի կատարած մեծագույն աշխատանքը հայոց լեզվի և հայկական մեծածավալ Սփյուռքի համար հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդելու մեթոդիկայի գիտական զարգացումն է։ Խորանալով երկլեզվության և խոսակցական լեզվի տեսության մեջ՝ նա  միջազգային փորձը բերում է օտարախոսին դասավանդման ասպարեզ: Լինելով մանկավարժության դոկտոր, հոգեբան, տիրապետելով օտար լեզուների դասավանդման մեթոդներին` Աիդա Մարկոսյանը, զարգացնելով իր մոտեցումը, 1998 թ․ հրատարակեց «Կռունկ Հայաստանի» խորագիրը կրող հայերենի՝ որպես օտար լեզվի առաջին համակարգված դասագիրքը Ռուսաստանում: 

2012-2018 թթ. Ա. Ս. Մարկոսյանը հայոց լեզու է դասավանդել Ռումինիայի մայրաքաղաքի՝ Բուխարեստի համալսարանում: Այս շրջանը կարևոր փուլ էր նրա կարիերայում, քանի որ նա ոչ միայն փոխանցում էր իր գիտելիքները, այլև ակտիվորեն աշխատում էր իր «Կռունկ Հայաստանի» ձեռնարկի ռումիներեն թարգմանության վրա: 2013-2017թթ. Բուխարեստի համալսարանի հրատարակչությունում հերթով լույս տեսան «Կռունկ Հայաստանի» դասագրքի բոլոր չորս մասերը ռումինախոսների համար: Այս հրատարակությունը զգալիորեն ընդլայնեց օտարազգի ուսանողների համար հայերենի հասանելիությունը։ Ռուսաստանում դասագիրքը վերահրատարակվեց  2011 թ․, իսկ 2023 թ․ սկզբին լույս տեսավ դասագրքի երրորդ՝ թարմացված քառորդդարյա փորձն ամփոփող հրատարակությունը, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման պահանջարկը։ 

«Կռունկ Հայաստանի»-ն բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի, համապատասխանում են A1 և A2, B1 և B2, C1 և C2 մակարդակներին:

Ներածական դասընթացը (ութ դաս) թույլ է տալիս տիրապետել հայոց այբուբենի տառերին, ծանոթանալ քերականության հիմունքներին և հիմնական բառապաշարին։ Հիմնական դասընթացը (ութ դաս) ապահովում է հայերենի իմացության շեմային մակարդակը։ Առաջանցիկ դասընթացը (ութ դաս) ներառում է ավելի բարդ քերականական նյութի ուսումնասիրություն և բառապաշարի ընդլայնված քանակի յուրացում։ Հավելվածը կազմված է քերականական տեղեկատուից և ուսումնական բառարանից:

Դասագրքում ներկայացված է հայերենի՝ զրոյից փուլ առ փուլ լիարժեք յուրացման համակարգ, որի լսանյութերը հասանելի են առցանց։

 «Կռունկ Հայաստանի»-ն օգտակար է.

  • մեծահասակներին, ովքեր կսովորեն հայոց լեզուն անձնական, ընտանեկան կամ մասնագիտական նպատակներով, 
  • լեզվին մասամբ տիրապետող հասուն մարդկանց, ովքեր ցանկանում են լիարժեք յուրացնել հայերենի դժվար ասպեկտներն ու ծածկել հայերենի իմացության բացերը,
  • ուսուցիչներին, ովքեր օգնում են լեզվաբանական կուրսերի և կիրակնօրյա դպրոցների ուսանողներին, վերաբնակիչներին, միգրանտներին՝ մշակելով դասընթացներ կամ անհատական ծրագրեր նրանց համար:

Գիրքը պարունակում է ճաշակով ընտրված ուսուցողական կամ գեղարվեստական տեքստեր, պատկառելի հայրենագիտական նյութ, սիստեմատիկ գիտա-հանրամատչելի քերականություն։ Շոշափվում են կենցաղային բոլոր թեմաները, որոնք ներկայացված են տեսողական պարզ ձևերով, լսանյութերի զուգահեռմամբ։

Մեր օրերում, երբ արհեստավարժն ու սիրողականը խառնվել են, երբ ամեն բնագավառում բարձրարժեքը կարող է մնալ ստվերում, իսկ էժան-պոպուլյարը՝ մասսայականացվել և թմբկահարվել, հասարակության գիտակից խավի համար առավել ևս ցանկալի ու պահանջված են դառնում  «Կռունկ Հայաստանի» դասագրքի մակարդակի արժեքավոր գործերը։

Տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված ՝ Ա. Ս. Մարկոսյանը ստեղծել է եզակի առցանց կրթական հարթակ․  https://armenian-language.org/, որը հնարավորություն է տալիս իր մեթոդաբանությամբ սովորել հայոց լեզուն: 2018-2023 թթ. համագործակցել է «Թումանյան օնլայն» հայոց լեզվի առցանց դպրոցի հետ, ինչը ևս նշանակալի ներդրում էր որակյալ  ուսուցիչների պատրաստման գործում:

Մեթոդաբանական խոր ըմբռնումը, լեզվական գործընթացի և ուսուցման մեթոդների գիտական մոտեցումները անսահման կարևոր են մանկավարժության բնագավառում: Գտնում ենք, որ հայկական կիրակնօրյա դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ, եթե անգամ չունի ուսանողական խմբեր և չի դասավանդում Ա․ Մարկոսյանի դասագրքով, անպայման պետք է ուսումնասիրի այն, իր՝ ուսուցանողի մտահորիզոնը, հմտությունները, լեզվական գիտելիքների պաշարը զարգացնելու համար։ 

Աիդա Սուրենի Մարկոսյանը հայրենասեր, հայասեր մանկավարժի և գիտնականի տիպական օրինակ է, որի դասագրքի յուրաքանչյուր տեքստ, յուրաքանչյուր վարժություն և առաջադրանք, ուսուցողական հմտություններից բացի, նաև մեղմ շշնջում է Հայաստանի մասին։ Շշնջում է առանց պարտադրելու, և սա, վստահաբար, ավելի առինքնող հնար է, քան տասնյակ բարձրագոչ լոզունգանման կոչեր միասին վերցրած։ 

Երբ լեռնագնացների կամ հետազոտողների խմբի ամենահմուտը և քաջն անցնում է առաջ և, փշառատ մացառները սանձելով կամ անանցանելի ձյունաշերտերը ճեղքելով բացում է առաջին արահետը, այդ արահետով առաջանալն արդեն դառնում է հեշտ և մատչելի։ 

«Կռունկ Հայաստանի» դասագրքին հաջորդել են տասնյակ աշխատանքներ, սակայն այսօր և միշտ արժանին պետք է մատուցել մեր լեզվի տարածման առաջին պիոներին՝  նոր արահետ, նոր հորիզոն բացողին:

Մեծագույն հայերից մեկը՝ Ռուբեն Սևակը, գրել է․ «Հայ է ոչ թե նա, ում ծնողներն են հայ, այլ նա՝ ում երեխաներն են հայ»։ Սա պետք է նշանաբան լինի Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար։ Ամեն անգամ, ընթերցելով Աիդա Մարկոսյանի դասագրքի ընծայագիրը. «Հայ ծնողներիս և ռուս զավակներիս», պարուրվում եմ անբացատրելի ուժեղ հուզմունքով․ երանի՜ մեր բոլոր զավակները հայ լինեն․․․ «Կռունկ Հայաստանի»-ն պայքարելու է սրա համար միշտ և շարունակելու է ճանաչողական «խաբրիկներ» բերել «մեր աշխարհէն»։ 

«Կռունկ Հայաստանի» դասագիրքը կարելի է գնել՝

Երևանում՝ Epigraph խանութ-սրահում https://www.facebook.com/epigraph.stationery/
https://www.instagram.com/epigraph.artshop/

Մոսկվայում՝ «ArkMedia» հրատարակչության կայքում՝ https://arkmedia.ru/shop

Բուխարեստում՝ համալսարանի հրատարակչության կայքում https://editura-unibuc.ro/?s=limba+armeana&post_type=product&fbclid=IwY2xjawQ176dleHRuA2FlbQIxMABzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe-5WjEjhlMLhNtUsEtJGRGVgqykEFR_fyHrsMqRtbVKa8sFguW1b13_ris5Y_aem_CmIYV-SsfITvt8Y8IRB1nA

Երազիկ Հարությունյան

Leave a Reply