ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

 Երբ երգը փրկում է

Նկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

Հայրենիքից հեռու գտնվող մարդու համար շատ կարևոր է իմանալ ոչ միայն պատմական փաստեր հայրենիքի, այլև արժեքավոր տեղեկություններ մեր մեծերի մասին: Ծանոթանալով նրանց կյանքին՝ մենք տոգորվում ենք հայրենասիրությամբ, իմաստությամբ, ինչպես նաև հպարտությամբ մեր ազգի և նրա զավակների հանդեպ:

Ես մի չոր ծառ էի, 

Դու` գարնան արև, 

Քո սիրով ծաղկեցավ, 

Իմ ճյուղն ու տերև:

Քառյակը պատկանում է հայ երգիչ (տենոր) և թարգմանիչ Վահան Խաչատուրի Տեր-Առաքելյանի գրչին։ Վահան Տեր-Առաքելյանն աչքի է ընկել գեղեցիկ ձայնով ու երաժշտական փայլուն ընդունակություններով: Նա եղել է Կոմիտասի ամենասիրելի մեներգիչը: Մասնակցել է նրա երգչախմբի համերգներին Թիֆլիսում, Երևանում, Բաքվում՝ ներկայանալով Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի երգերի անզուգական կատարումներով։ 

Նա նաև մեծ թարգմանիչ էր. թարգմանել է Լ․ Տոլստոյի «Աննա Կարենինա», Յա․ Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Դ․ Ֆուրմանովի «Խռովություն» և այլ ստեղծագործություններ։ Հեղինակել է նաև մի շարք պատմվածքներ, առակներ ու բանաստեղծություններ, թողել է արժեքավոր կենսագրական հուշեր Կոմիտասի մասին («Անհիշաչար մարդը», «Կոմիտաս» ժողովածուները, 1931)։ Վահան Տեր-Առաքելյանն իր մշակութային և հայրենանվեր գործունեությամբ կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի հոգևոր արժեքների տարածման գործում, նա որպես հայ լուսավորիչ  արժանի է ամենայն գնահատանքի ու մեծարանքի: 

Հայտնի է մի հետաքրքիր դեպք Տեր-Առաքելյանի կյանքից, թե ինչպես երգը փրկեց նրա կյանքը: Վահան Տեր Առաքելյանն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկնում թուրքերին: Երեք ասկյար հրամայում են նրան տանել դաշտ և գնդակահարել: Երբ տեղ են հասնում, ասկյարներից մեկը հարցնում է, թե որն է նրա վերջին խնդրանքը մեռնելուց առաջ: Վահանը խնդրում է թույլ տալ երգել: Նրան թույլ են տալիս …

Մեջքով դեպի ասկյարները, դեմքով դեպի դաշտերը, ծառերն ու ծաղիկները, սարերն ու ձորերը՝ Վահանը երգում է… Երգում է «Դլե՜ յաման»-ը: Երբ ավարտում է, շուռ է գալիս դեպի թուրք զինվորներն ու ասում, որ պատրաստ է, կարող են կատարել իրենց սև գործը:  Նա զարմանքով տեսնում է, որ թուրք ասկյարների աչքերից արցունք է հոսում: Զինվորներից մեկը, որ գլխավորն էր, հուզված ձայնով դիմում է նրան. «Գնա՛, ախպե՛ր ջան, կյանքդ քեզ հալալ: Էդպես երգողի վրա մեր ձեռքը չի բարձրանա: Գնա՛, ուր աչքդ կկտրի, դու ազատ ես»:

Կարինե Եսայան

Leave a Reply