ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Գիտելիքները կմոռացվեն, ոգին կմնա

Այսօր «Սփյուռքի դպրոց» թերթի «Ուսուցչանոցի» հյուրն է  Գալինա Թեմուրի Սարգսյանը։ Նա ծնվել է 1950 թ․ հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում, ուսուցչի ընտանիքում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Բանասիրական ֆակուլտետը և վերադարձել Լեռնային Ղարաբաղ: 1972-1983 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ճարտարի միջնակարգ դպրոցում: Բարեխիղճ աշխատանքի և ակտիվ հասարակական գործունեության համար ընտրվել է ուսուցիչների հանրապետական վեցերորդ համագումարի պատվիրակ և պարգևատրվել ՀամԼԿԵՄ «Լավագույն կոմերիտական ուսուցիչ» շքանշանով: 1983 թ․ տեղափոխվել է ՌԴ, Կրասնոդար։ Այստեղ նա հրավիրվել է աշխատանքի հայկական համայնք՝ որպես տնօրենի տեղակալ, կրթության և մշակույթի բաժնի վարիչ։ Նա  մի քանի հանրակրթական դպրոցների կից բացել է հայոց լեզվի դասարաններ,  հիմնել է կիրակնօրյա հայկական դպրոց, հայ կանանց խորհուրդ, երիտասարդական կազմակերպություն՝ սերտ կապեր հաստատելով տեղական կազմակերպությունների, երկրամասի հայկական համայնքների, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ հյուպատոսության, մամուլի, նոտարական գրասենյակների հետ, ամեն կերպ աջակցել արտագաղթած հայրենակիցներին: Աշխատել է և մինչև օրս էլ աշխատում է որպես թարգմանիչ։ Գալինա Թեմուրովնայի կազմակերպած օլիմպիադաները, մրցույթները, ամենամսյա գրական երեկոները և տարբեր միջոցառումները համախմբել են Կրասնոդարի երկրամասի հայ մտավորականությանն ու երիտասարդությանը, նպաստել նրանց հոգևոր և բարոյական դաստիարակությանը: ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի լավագույն ուսուցիչ» համահայկական մրցույթի դիպլոմակիր է: Երկու անգամ պարգևատրվել է «Ակնառու ծառայությունների համար» հուշամեդալով: Ամուսնացած է, ունի երեք որդի, գրում է բանաստեղծություններ և պատմվածքներ:

Տիկի´ն Գալինա, Դուք Կրասնոդարի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայ երեխաների և պատանիների ուսուցիչն եք, այստեղ շատերը, «Հայկական համայնք» ասելով, Ձեզ են պատկերացնում։ Ո՞վ էր Գալինա Սարգսյանը մինչև Ռուսաստան տեղափոխվելը։ 

Իմ հայրենի Կաղարծի գյուղի դպրոցն ավարտել եմ գերազանց։ Որ պետք է դառնայի ուսուցիչ, դեռ մանկուց էի որոշել,  թե ո՞ր առարկայի, երկար չէի կարողանում կողմնորոշվել, ստեղծագործելուս շնորհքը փաստարկելով՝ հայրս վերջ դրեց երկմտանքիս։ Ստեղծագործել սկսել եմ երրորդ դասարանից։ «Իմ հայրենիք» քառատողս տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում՝ «Ստեղծագործում են մանուկները» խորագրի տակ։ Դրանից հետո անընդհատ ոգևորված գրում էի։ Հիշում եմ՝  7-րդ դասարանում պոեմ եմ գրել այն մասին, թե ինչպես են թուրքերը իմ պապիկի հորը սպանել ջրաղացում․ պատկերացնո՞ւմ եք։ Բայց հետո, մեծանալով, մտածել եմ, որ իմ  պոեմներն ու բանաստեղծությունները շատ պարզունակ են, և ոչնչացրել եմ։ Շա՜տ ափսոս։ Ինստիտուտն ավարտելուց հետո ուզում էի մնալ Երևանում, բայց ամուսինս, որ նույն ինսիտուտն էր ավարտել, համոզեց վերադառնալ Արցախ։ Գնացինք աշխատելու ամուսնուս գյուղում՝ Ճարտարում։ Ինքը դասավանդում էր պատմություն, ես՝ հայոց լեզու և գրականություն։ 

Ո՞ր թվականին եք տեղափոխվել Արցախից Ռուսաստան և ի՞նչ ակնկալիքներով։ Ի՞նչն էր պակասում Արցախում։ Ի՞նչ որոնումներ ձեզ բերեցին օտար աշխարհ։ 

Ոչ մի ակնկալիք չունեի Կրասնոդարից։ Ես արդեն այնտեղ շատ բան էի ստեղծել։ Ընտանիք, երեք որդի, գիտական թեզի պլան էի մշակել, սիրված, կայացած ուսուցիչ էի։ Դպրոցի 40 տարվա տնօրենը ինձ պատրաստում էր իրեն փոխարինելու համար։ Եղել եմ Ուսուցիչների Հանրապետական 6-րդ համագումարի պատգամավոր, պարգևատրվել Կոմերիտական կազմակերպության կողմից, ընդունվել կոմկուսի շարքերը․․․ Սակայն, 81-83թթ․ հայ ժողովրդի պատմության փոխարեն Ադրբեջանի պատմություն մտցրեցին Արցախի հայկական դպրոցների ծրագրում։ Ամուսինս, լինելով պատմաբան, լավ էր հասկանում Ադրբեջանի քաղաքականությունը, Արցախի համար կանխորոշում էր Նախիջևանի ճակատագիրը։ Մտքներովս չէր անցնում, որ Արցախը այլ ճակատագիր է ունենալու։ Մի կողմից էլ՝ խանութների դատարկությունը, Արցախում բնակավայրից բնակավայր և անգամ մեր սփռված գյուղում տնից դպրոց տեղաշարժվելու դժվարությունները լավ ապագա չէին հուշում։ «Եղիշե» բերդի տակ գտնվող մեր տնից մինչև Ճարտարի միջնակարգ դպրոց հինգ կմ ճանապարհ էր, որ մենք ամեն օր ոտքով անցնում էինք երկու անգամ։

1983-ի ամռանը մեկնեցինք Երևան՝ մեր սիրելի քաղաքը, փորձեցինք գրանցվել քաղաքում, ամուսնուս հարազատ եղբայրները և մորաքույրը ապրում էին Երևանում, բայց չստացվեց, քաղաքը գրեթե փակ էր, իսկ առանց գրանցման աշխատանք գտնելը՝  անհնարին։ Վերադարձանք Արցախ, այդ ամռանը ամուսնուս դասընկերները Կրասնոդարից եկան գյուղ, հավաքվեցին ու գովեցին Կրասնոդարը։ Ամուսինս տուն եկավ ոգևորված և հայտարարեց, որ մեկնում ենք Կրասնոդար։  

Առաջին տարին, իհարկե, շատ ծանր էր։ Երբ սեպտեմբերի 1-ին միացրի հեռուստացույցը, խեղդվում էի արցունքներից։ Գոռս 5-րդ դասարանում էր սովորում, Նարս՝ 4-րդ, ռուսաց լեզվին չէին տիրապետում, Վաղարշս ընդամենը 3-տարեկան էր, իհարկե, ես աշխատել չէի կարող, զբաղված էի երեխաներով։ Մինչև 1989 թ․ փնտրտուքների մեջ էի, ընտանիքիս օգնելու համար այլևայլ աշխատանքներ էի կատարում։ Հայոց լեզվի մասին խոսք չէր կարող լինել, անպատմելի ծանր էր՝ թողնել սիրելի մասնագիտությունս։ 

  Ինչպե՞ս հղացավ հայոց լեզվի ուսուցումը այս օտար աշխարհում շարունակելու միտքը, ինչպե՞ս դրվեց սկիզբը։ Հետսովետական շրջանում Դուք Կրասնոդարում բացեցիք առաջին հայոց լեզվի դասարանը․ ի՞նչ հիմնական նպատակներ ունեիք այդ գործունեությունը սկսելով, ո՞րն էր ոգևորության աղբյուրը։ Ա՞յլ պատկերացումներ կային, թե՞ ճանապարհը կանխորոշված էր և տարավ ձեզ։

1989 թվի գարնանը մի հրաշալի տղա՝ Գագիկ անունով, եկավ  մեր տուն ու ասաց, որ իրեն ասել են իմ մասին, և իրենք՝ մի խումբ հայերով, ուզում են բացել հայկական դպրոց։ Ես անսպասելիությունից և ուրախությունից ապշել էի։ «Կոմսոմոլսկի» թաղամասի  83-րդ դպրոցի  տնօրենը՝ Շտուրբա Վիտալի Ալեքսանդրովիչը, սիրալիր համաձայնել էր աջակցել հայոց լեզվի խմբակների կազմակերպմանը։ Ապրիլի 1-ին գնացի 83-րդ դպրոց։ Հավաքվել էին  հայ ծնողներ և երեխաներ։ Այդտե՛ղ ծանոթացա մեր քահանա Տեր Դանիելի հետ։  Գրառեցինք ցանկացողներին, բաժանեցինք խմբերի, նշանակեցինք օրերը, ժամերը և սկսեցինք պարապել, անգամ ամռանը արձակուրդ չգնացինք։ Բոլորս շատ խանդավառված էինք։ Ո՛չ ծրագիր ունեի, ո՛չ գիրք ունեի, ոչինչ չունեի ձեռքիս տակ, ինքս կազմեցի ամեն ինչ։ Մտածեցի, որ եթե հայոց լեզու եմ սովորեցնում, պետք է նաև գրականություն և պատմություն սովորեցնեմ, մեր ժողովրդական երգն ու պարը  սովորեցնեմ և ինչքան հնարավոր է հայացնեմ երեխաներին։ 

Երեք տարի հետո Պաշկովկայում կազմավորվեց հայկական համայնք, որը 7-րդ դպրոցում բացեց հայկական դասարաններ ու ինձ հրավիրեց աշխատելու այնտեղ։  Մի տարի համատեղում էի, այնուհետև, տնօրենի փոխվելուց հետո, 83-րդ դպրոցում փոխվեց նաև վերաբերմունքը մեր նկատմամբ, և խմբակները փակվեցին։ Միջին թվով 30-50 աշակերտ էին սովորում այդ դասարաններում։ Երբ առաջին միջոցառումը կազմակերպեցի, դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր մեր բառ ու բանին, երգ ու տաղին կարոտ հայերով։ Սա նախադեպը չունեցող միջոցառում էր Կրասնոդարում։

Պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս դասարանը աստիճանաբար վերաճեց հայկական դպրոցի, ի՞նչ ուղղություններով էր աշխատում դպրոցը, ինչպե՞ս դարձավ կայացած կառույց և ի՞նչ դեր էր խաղում  Կրասնոդարի հայկական կյանքում։

2003 թ․-ին Կրասնոդարի Պաշկովկա թաղամասում ձևավորվեց կայուն Հայ համայնք։ Շենք վերցրին, և ինձ կանչեց համայնքի առաջին նախագահը՝ Արմեն Վալոդյաևիչը, նայեց դեմքիս ու ասաց․   «Հը՞, Գալինա Թեմուրովնա, ինչի՞ց սկսենք»։ Ես վստահ պատասխանեցի՝ դպրոցից։ Հեշտ է ասել, սակայն ինչպե՞ս հավաքել երեխաներ և պատանիներ։ Այն ժամանակ դեռևս չկային այսօրվա հաղորդակցական հնարավորությունները։ Ես ոտնատակ եմ տվել ամբողջ Պաշկովկան, մանկապարտեզները, դպրոցները, անցնում էի բակերով ու թաղամասերով, հարցնում՝ որտեղ են հայեր ապրում, հարցուփորձ անում, հայտարարություններ տարածում։ Երբ եկավ այն շաբաթ օրը, որ նշանակել էինք, հուզմունքիս չափ չկար։ Նստել էի դասարանում ու սպասում էի, աստիճաններին հնչող ամեն ոտնաձայնի հետ  տրոփում էր սիրտս։ Ով ինչ-որ բան զրոյից չի սկսել, չի հասկանա, Դուք կհասկանաք։

Առաջին տարին հավաքվեց 3 խումբ։ Դասավանդում էի հայոց լեզու, հայ երգ, ես լավ երգում եմ և գիտեմ հայկական ժողովրդական երգերի մեծ մասը։ Համալսարանից ուսանողներ հրավիրեցի, որոնք երեխաներին տարբեր հմտություններ էին սովորեցնում՝ նկարել, պարել, նվագել, ասեղնագործել։ Անտաղանդ հայ երեխա չունենք, նրանց ուղղակի պետք է զարգացնել։ Անընդհատ մտածում էի՝ ինչով հրապուրել պատանիներին։ Հրավիրեցի իմ մարզիչ որդուն, որի բացած թենիսի և ըմբշամարտի խմբակները տասնյակ աշակերտներ բերեցին կենտրոն։ Տարազներ կարեցինք, հայկական խորհրդանիշներ սարքեցինք, Երիտասարդական կազմակերպության հիմք դրեցինք։ Երեխաներին գրավելը և կենտրոն բերելը քիչ էր, ես ծնողներին էլ էի գրավում, կազմակերպեցի Կանանց կոմիտե։ Ամեն ամիս հավաքվում էինք։ Ծնողները իրենք էլ էին կարոտ հայ երգին, հայ խոսքին, անմիջական հաղորդակցության։ 

2004 թ․ արդեն ունեցանք երգի ուսուցիչ՝ Գագիկ Զալինյանը, որը կոնսերվատորիական կրթությամբ արհեստավարժ երաժիշտ  և երգահան էր։ 2004 թ․ սկսեցինք գրական-գեղարվեստական երեկոներ կազմակերպել, որին մասնակցելու համար գալիս էին երկրամասի տարբեր բնակավայրերից։ 2006 թվին մեր կենտրոն աշխատանքի ընդունվեց պարուսույց Ալեքս Դնոյանը։ Նրա ստեղծած «Արին-բերդ» պարի համույթը նոր թափ հաղորդեց դպրոցի մշակութային կյանքին։ Այս խանդավառությունն ու վերելքը շարունակվեց մինչև 2017 թվականը։ Քանի՜ հայկական ընտանիքներ են ստեղծվել դպրոցում կայացած ծանոթությունների արդյունքում։ Սեր և ջերմություն կար մեր դպրոցում, ինչպես համերաշխ ընտանիքում։ Ես այնտեղ ավելի շատ էի լինում, քան մեր տանը։ Պատկերացրեք՝ շաբաթվա 7 օրն էլ աշխատում էի․ շաբաթ և կիրակի օրերը՝ դպրոցում, մնացած հինգ օրերը՝ որպես թարգմանիչ։ 2012 թ․-ին առողջական խնդիրներ ծագեցին, բժիշկն ասաց, որ պետք է թեթևացնել ծանրաբեռնվածությունս, արդեն 62 տարեկան էի։  Ես միշտ լիովին տրվում էի դասին, ոչ մի անգամ ժամավաճառություն չեմ արել,   երբ զգացի, որ 3-րդ դասին արդեն հոգնում եմ և նայում եմ ժամացույցին, հասկացա, որ պետք է թողնեմ դասավանդելը։ Սակայն մինչև 2017 թ․ շարունակել եմ կազմակերպել դպրոցական միջոցառումները և առայսօր աշխատում եմ որպես թարգմանիչ։  

Տասնամյակների ընթացքում հայեցի կրթություն եք տվել հարյուրավոր աշակերտների․ ի՞նչ ծրագրերով և ուսումնական նյութերով եք առաջնորդվել։ 

Ես  1989-ին եմ սկսել, ոչ մի ուսումնական նյութ և ձեռնարկ չունեի։ Ունեի գրատախտակ, կավիճ, տետրեր, գիտելիքների պաշար, մտապահած հարյուրավոր բարձրարժեք երգեր ու բանաստեղծություններ և իմ մանկավարժական ճկունությունն ու վարպետությունը։ Ծրագրերը կազմում էի ինքս, ուսումնական նյութերը համակարգչով հավաքում էինք և բազմացնում։ Գրքեր ես ունեցա 2003 թվին, երբ  կազմավորվեց Պաշկովկայի Հայ համայնքը։ 

Դուք բազմաթիվ միջոցառումներ եք կազմակերպել, ո՞րն է տպավորվել և մնացել Ձեր հիշողության մեջ։

Շատ և գունագեղ էին օրացուցային, հայրենասիրական  միջոցառումները։ Աշխատում էի, որ դրանք լինեին ուսուցողական և տպավորիչ։ Ամենաշատը կարևորել եմ Կրասնոդարի երկրամասում ապրող հեղինակների գրքերի շնորհանդեսները․ կոնսերվատորիական կրթությամբ արհեստավարժ երաժիշտ, երգահան և ստեղծագործող Սիմոն Ներսիսյանի, բանաստեղծ Պատրիկի, Մարտուն Ալեքսանյանի․․․ Տասնյակ մարդիկ այլ քաղաքներից գալիս էին այդ երեկոներին մասնակցելու և հեռանում էին՝ լցված հայ գրականությամբ և գեղարվեստով։ Դրանք միավորում էին տարբեր սերունդների, երիտասարդներն  ու տարեցները սովորում էին միմյանցից, համակվում նույն զգացողություններով։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդիրներ և ի՞նչ մարտահրավերներ ունի այսօր Սփյուռքի դպրոցը և այդ կտրվածքում ո՞րն է Սփյուռքի հայ ուսուցչի առաջնային առաքելությունը։ 

Սփյուռքի ուսուցչի և Սփյուռքի դպրոցի առաջին առաքելությունը երեկ, այսօր, վաղը և միշտ հայ երեխայի մեջ հայ ոգի դաստիարակելն է։ Հայ երեխան պետք է իմանա, որ երեք անմար սրբություն պետք է վառ պահի իր ներաշխարհում՝ Հայոց լեզուն, մեր Հավատը և մեր Հայրենիքը։ Գիտելիքները կգան ու կգնան, կմոռացվեն կամ կհիշվեն, բայց ոգին կմնա։ 

Գիտեմ, որ Հայրենիքի կարոտը երբեք չի մեղմացել։ Ինչի՞ նկատմամբ է ամենամեծ կարոտը։ Կարողանու՞մ եք բանաստեղծությամբ փարատել այդ կարոտը։ Ի՞նչ եք երազում։

Կարոտը նույնն է, ուղղակի հիմա ավելի է թանձրացել Արցախի կորստով։ Մեր գյուղն եմ կարոտում, մեր հանդերը, մեր դպրոցը, իմ դպրոցական տարիները։ Անփարատելի է այդ կարոտը։ Իմ ստեղծագործությունները բխում են կարոտից և սիրուց, դրանց մեջ ես եմ։ Բանաստեղծություններս ես հրատարակեցի արդեն մեծ տարիքում։ Մի տեսակ ամաչում էի, որ նաև սիրո մասին եմ գրել։ Սակայն մեր սերունդը այնպես է դաստիարակված, որ սերը մեզ համար հոգի է, ոչ թե՝ մարմին, ինձ թվում է, շատերը կհասկանան դա,  հետևաբար  տարիքը նշանակություն չունի։ 

Հիմա իմ միակ երազանքը իմ հայրենիքի խնդիրների լուծումն է և՛ Հայաստանում, և՛ Արցախում, թե ինչպես կլուծվեն այդ խնդիրները, ես չգիտեմ։ Իմ երազանքն այն է, որ ես կարողանամ գնալ Արցախ։ Ամեն անգամվա պես հասնեմ Երևան և շարունակեմ ճանապարհս դեպի Արցախ, հիանամ մեր մարտիկների ազատագրած չքնաղ հայրենիքով․․․ Մտնեմ մեր գյուղը, մեր ջրից խմեմ, մեր փողոցներով քայլեմ, մեր փոշին շնչեմ, իմ դպրոցը տեսնեմ, մեր տանը մի անգամ քնեմ, բացեմ մեր լուսանկարների ալբոմը, այցելեմ ծնողներիս, հարազատներիս  գերեզմաններին, հայրիկիս հետ խոսեմ։ Ես մեր գյուղից հեռացել եմ, երբ 17-տարեկան էի։ Վերջին այցելությանս ժամանակ հասկացա, որ իմ ճանաչած գյուղը լիովին տեղափոխվել է գերեզմանատուն։ Ուզում եմ, որ մեր գյուղերը կենդանանան և փթթեն, ուզում եմ, որ Մեծ տունդարձ լինի․․․


Հարցազրույցը վարեց Երազիկ Հարությունյանը

Leave a Reply