«VIENNA HAY» ցուցադրություն՝ Վիեննայի թանգարանում
2025 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2026 թվականի փետրվարի 8-ը Վիեննայի թանգարանում (Wien Museum) կայացավ Վիեննայի հայ համայնքին նվիրված ցուցադրություն՝ «Vienna Hay» անվամբ։ Այն հիմնականում կազմակերպվել էր Վիեննայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների և Վիեննայի թանգարանի աշխատակիցների կողմից։ Թեպետ ցուցադրությունը տեղի ունեցավ թանգարանի Համայնքային ցուցասրահում, որը տարածքով այնքան էլ մեծ չէ, սակայն դրա կազմակերպման և իրականացման գործընթացը տևեց շուրջ երկու տարի։

Նկար 1: «Vienna Hay» ցուցադրությունը Վիեննայի թանգարանում։ Նկարը՝ Վիեննայի թանգարանի էջից։
Ցուցադրության նպատակն էր ներկայացնել համայնքի պատմությունը և ցույց տալ Վիեննայի հայ համայնքի առօրյան։ Համայնքի ներկան փորձ էր արվել բացահայտել նկարներով և հարցազրույցներով, իսկ անցած ճանապարհը ցուցադրված էր քարտեզների և ուղեկցող տեքստերի միջոցով։ Ցուցադրության շրջանակում Վիեննայի թանգարանում հարցազրույցի ֆորմատով կազմակերպված դասախոսություններով հանդես եկան ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագութը և «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հեղինակ, նույնպես ավստրիացի, Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը։

Նկար 2: 1933 թվականին Մխիթարյան հայրերից Մեսրոպ Հապոզյանին Ֆրանց Վերֆելի կողմից եւ իր ստորագրությամբ նվիրված «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը։ Նկարը՝ Վիեննայի թանգարանի էջից։
Կազմակերպվեցին նաև երկու քաղաքային շրջայցեր, որոնց նպատակն էր այցելել վիեննահայերի հետ առնչվող վայրեր։ Առաջին շրջայցի ընթացքում այցելուները սկսեցին Դանիել Մոսեր սրճարանի մոտից և քայլեցին դեպի Kolonizgasse 11։ Դանիել Մոսեր սրճարանի տեղում, ըստ ավստրիացի պատմաբան պրոֆ. Կառլ Թեփլիի [1], 1685 թվականին Յոհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուրյան) բացել է Վիեննայի առաջին սրճարանը։ Kolonizgasse 11 հասցեում են տեղակայված հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցին և 1981 թվականին հիմնադրված Վիեննայի «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը։ Այն նաև հայկական համայնքային մի քանի կառույցների կենտրոնն է։

Նկար 3: Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Նկարը՝ Վիքիպեդիայից։
Երկրորդ շրջայցը սկսվեց Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտից և շարունակվեց դեպի Մխիթարյան միաբանություն։ Երկու շրջայցերի ժամանակ էլ ներկաների մեծամասնությունը ազգությամբ ոչ հայ տեղացիներ էին։
Ցուցադրությունը բավականին մեծ արձագանք գտավ ավստրիական մամուլում։


Նկար 4։ Ֆրանց Վերֆելի կիսանդրին Վիեննայում դրվել է 1998 թվականին Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախաձեռնությամբ։ Ամեն տարի ապրիլի 24-ին Վիեննայի հայերը հավաքվում են այստեղ։ Նկարում երեւում են Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու եւ հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանության հոգեւոր սպասավորները, որոնք միասնաբար հարգանքի
տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նկարը՝ Վիեննայի թանգարանի էջից։
Նկար 5։ Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանը։ Նկարը՝ Վիքիպեդիայից։
[1] Karl Teply, Die Einführung des Kaffees in Wien: Georg Franz Koltschitzky, Johannes Diodato, Isaak de Luca (Verein für Geschichte der Stadt Wien, 1980), 106.
Վիեննայի և Ֆլորենցիայի համալսարանների գիտաշխատող, Վիեննայի Հովհաննես Շիրազ դպրոցի փոխտնօրեն

Leave a Reply