ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Մայրենին՝ թվային ձևաչափով

Հայերենի ուսուցումը հայրենիքից դուրս ապրող երեխաների և այլ տարիքի անձանց համար, բնականաբար, որոշակի դժվարություններ է ներկայացնում։ Դրանք հաղթահարելու և հայոց լեզվի ուսուցումն առավել մատչելի ու հետաքրքիր դարձնելու նպատակով վերջերս ստեղծվել և գործարկվել է Արգամ Վերդյանի ու Կարինե Կատանյանի «Հայոց լեզու» հավելվածը։ Այն ժամանակակից թվային կրթական միջավայրում հայերենի դասավանդումը գայթակղիչ, հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու  հնարավորություն է։

Սփյուռքի ուսուցիչների համահայակական ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացել է նաև հավելվածի առցանց շնորհանդեսը, որին  մասնակցել են Սփյուռքում հայոց լեզու դասավանդող տասնյակ մասնագետներ, սփյուռքահայ կրթօջախների ներկայացուցիչներ։

Շնորհանդեսը բացել և ներկաներին ողջունել է Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիայի նախագահ Աննա Օսեպյանը, ապա ներկայացրել է հավելվածի հեղինակ, հայոց լեզվի ուսուցչուհի,  դասագրքերի հեղինակ Կ․ Կատանյանին։
Կարինե Կատանյանը նախ խոսել է հավելվածի ստեղծման նպատակի մասին, որն է՝ հայերենի ուսուցման մատչելիության ապահովումը ժամանակակից մեթոդներով, այն ինտերակտիվ ձևով գրավիչ ու հետաքրքիր դարձնելը։

Հավելվածի ստեղծումը հնարավոր է դարձել նախագծի նախաձեռնող, կազմակերպող և հովանավորող Արգամ Վերդյանի շնորհիվ։ Ա․ Վերդյանը հավելվածով թվայնացրել է Կարինե Կատանյանի «Սասունցի Դավիթ» այբբենարանը։ Մանկավարժի տարիների փորձն ու մասնագիտական հմտությունը «Հայոց լեզու» հավելվածով ստացավ ժամանակակից տեսք և հայերենի ուսուցման հետաքրքիր ու հասանելի հնարավորություն ստեղծվեց։ «Մեր գլխավոր նպատակն է, որ ուսուցումը լինի ոչ թե մեխանիկական, այլ հասկանալի, տրամաբանական և առավելագույնս արդյունավետ։ Այն մշակված է որպես ամբողջական, քայլ առ քայլ շարժվող համակարգ, որը նախնական մակարդակից սովորողին  տանում է դեպի ինքնուրույն խոսելու և հասկանալու փուլ և հանդիսանում է «Սասունցի Դավիթ» այբբենարանը  լրացնող ու ամրապնդող հարթակ: Հավելվածը համապարփակ է և զարգացնում է լեզվի չորս հիմնական հմտությունները՝ խոսել, կարդալ, լսել և գրել: Զուգահեռաբար ամրապնդվում է քերականությունը և հարստանում բառապաշարը», – նշել է հեղինակը, ապա՝ հավելել, որ այդ մեթոդով ուսումնական նյութի ընտրված կառուցվածքով գիտելիքն արագ և հիմնավորված ամրագրվում է երկարաժամկետ հիշողության մեջ, և ակնհայտորեն դաս առ դաս արձանագրվում է սովորողի  առաջադիմությունը:

Հավելվածի համահեղինակներն ընտրել են խաղային եղանակը` հայերենի հետաքրքիր ու արդյունավետ ընկալման նպատակով։ Թվային այս հարթակը ներառում է մայրենի լեզվի թեմատիկ լայն շրջանակ․ հնչյունաբանություն, բառագիտություն, քերականություն, խոսակցական պրակտիկա՝ հաշվի առնելով ոչ հայկական միջավայրում հայերենի գործածման առանձնահատկությունները։ Դասերում ներառված են հատուկ թեմատիկ բառեր և տեղեկատվություն Հայաստանի պատմական վայրերի՝ տաճարների և վանքերի մասին։ Հավելվածում օգտագործվում են լեզվախաղեր և շուտասելուկներ, խաչբառեր և տրամաբանական առաջադրանքներ։ Այն գործում է մեկ հիմնարար մեթոդական սկզբունքով. «Չյուրացնելով նախորդ դասը՝ մի՛ անցիր հաջորդին»: Նյութը դասավորված է այնպես, որ յուրաքանչյուր նոր դաս բնականոն կերպով կրկնում և զարգացնում է նախորդում ստացված գիտելիքը՝ ստեղծելով անխզելի շղթա, որն էլ հենց երաշխավորում է հայերենի սիստեմատիկ իմացությունը։

Հավելվածը պարզապես «տառեր սովորեցնող» խաղ չէ, այլ լիարժեք, մասնագիտական և մշակութային արժեքներով հարուստ լեզվական դասընթաց։ Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ շուտով լույս կտեսնի «Սովորիր հայերեն» ուսումնական ձեռնարկը՝ կազմված հավելվածի առաջադրանքների հիմքով՝ հարմարեցված գրքային պահանջներին։

Շնորհանդեսին ելույթ է ունեցել նաև հավելվածի համահեղինակ Արգամ  Վերդյանը՝ պատմելով գաղափարի իրագործման պատմության մասին և ներկայացնելով ծրագրի կիրառման հնարավորությունները, ապա՝ պատասխանելով կիրարկման վերաբերյալ մասնակիցներին հուզող հարցերին։

Մասնակիցներն արտահայտել էին իրենց երախտիքը հեղինակներին՝ հայերենի ուսուցման ժամանակակից ինտերակտիվ հնարավորության համար։ 

Կ․ Կատանյանի տարիների մանկավարժական փորձն ու Ա․Վերդյանի տեխնոլոգիական հմտությունները միավորվել են մեկ գաղափարի շուրջ, իրագործելով անչափ գեղեցիկ ու հայրենանվեր գործ՝ մայրենիի ուսուցման մատչելի ու ներգրավվող հավելվածի (Armenian1.ru) ստեղծում։  Հավատացած ենք, որ նման հարթակով մեր մայրենիով հետաքրքրվողների շրջանակը կընդլայնվի, և գրավիչ մեթոդով հայ գիրն ու խոսքը սահուն կերպով կդառնան Սփյուռքում ապրող  սերնդի հաղորդակցման միջոց ու հայապահպանման գործոն։

«Հայոց լեզու» հավելվածը հասանելի է բոլորի համար: Կարող եք այն անվճար ներբեռնել App Store-ից և Google Play-ից: Մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև լրացուցիչ օգտակար նյութեր կգտնեք  պաշտոնական կայքում՝ Armenian1.ru:

Մերի Հայրապետյան


Թողնել պատասխան