Երբ դասարանը շնչում է հայրենասիրությամբ

Մեր ուսուցչությունը Սփյուռքում հանրակրթության դաշտում չէ։ Սփյուռքի հայկական դպրոցը պարտադրված կրթություն չէ, այն կամավոր ընտրություն է։ Մեր կողքին տարիներով հավաքվում և մնում են այն աշակերտները, որոնց մտքերը և գաղափարները, որոնց դավանած արժեքները հարիր են մերին։ Նրանք գալիս են մեր հետևից, հարստանում են մեզնով և հարստացնում մեզ։ Մենք փորձում ենք նրանց վարակել հայրենասիրությամբ, հոգեկան ջերմ կապով փոխանցել նրանց այն զգացմունքներն ու լիցքերը, որ ունենք Հայաստանի նկատմամբ։
Իմ աշակերտներից տասը տեղափոխվել են Հայաստանում ապրելու։ Ես սա համարում եմ իմ երկարամյա մանկավարժական աշխատանքի ամենաշոշափելի արդյունքը։ Մեկը երջանկահիշատակ, իր կյանքը 44-օրյա պատերազմում հայրենիքին նվիրած և հավերժացած Սպարտակ Արևջանյանն էր․․․ մնացած ինը, փառք Աստծո, ապրում, աշխատում և շենացնում են Հայոց աշխարհը։ Ամեն հանդիպում նրանց հետ հոգու տոն է։ Ուզում եմ ներկայացնել նրանցից երկուսին։
ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կրասնոդարի «Արմատ» դպրոցի 2017 թ․ շրջանավարտ
HAYK media ԶԼՄ-ի Երևանի գրասենյակի ղեկավար
Ես ծնվել եմ Երևանում, ծնողներս՝ նույնպես։ Մայրիկիս նախնիները սասունցիներ են, գաղթել են Սասունից Ցեղասպանության ժամանակ։ Հայրիկիս հայրական կողմը բնիկ գյումրեցիներ են, իսկ հայրիկիս մայրը գանձակցի է։ Նրանց ընտանիքը Գանձակից է տեղափոխվել Երևան մինչև 90-ականների ջարդերը։
Երբ ես քառասուն օրական էի, ընտանիքս տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ անցավ իմ մանկությունը, ու ձևավորվեցին առաջին պատկերացումներս։ Դեռ փոքր տարիքից ապրում էի այն համոզմամբ, որ մի օր անպայման վերադառնալու եմ Հայաստան։ Այդ միտքը միշտ ուղեկցել է ինձ։ Տասներեք տարեկանում վերադարձա հայրենիք, այստեղ ավարտեցի հանրակրթական դպրոցը, բարձրագույն կրթություն ստացա Երևանի պետական համալսարանում, դարձա ռուսաց լեզվի և գրականության մասնագետ։
7-8 տարի հետո ընտանեկան հանգամանքների բերումով, կրկին տեղափոխվեցինք Ռուսաստան։ Ես 21–22 տարեկան էի, շատ ծանր շրջան էր ինձ համար։ Ես, անկեղծ ասած, ինձ կորցրել էի։ Չէի կարողանում հարմարվել նոր իրականությանը, չէի ուզում դուրս գալ տնից։ Ունեի շատ ծանր ներքին ապրումներ, և երբեմն թվում էր, թե այդ վիճակը վերջ չի ունենա։ Սակայն․․․ այդ ընթացքում ծնողներս աշխատանքի մտան «Արմատ» դպրոցում, և ես սկսեցի երբեմն այցելել նրանց՝ օգնելու համար։ Սկզբում ես կողքից էի դիտում հայկական կյանքը։ Հետո իմ կյանքում տեղի ունեցավ շրջադարձային պահ․ հանդիպեցի իմ ուսուցչին՝ տիկին Երազիկին։ Նա ինձ կանչեց իր «Գարեգին Նժդեհ» խմբի դասերին, և իմ կյանքը շուռ եկավ 180 աստիճանով։ Դասարանը շնչում էր հայրենասիրությամբ։ Այդ միջավայրը դարձավ ինձ համար մի յուրահատուկ աշխարհ, որտեղ ես աստիճանաբար վերագտա ինձ։ Ես կարողացա դուրս գալ ծանր հոգեվիճակից, գտնել իմ տեղը և նորից զգալ կյանքը։ Հայկական դպրոցը կարևոր դեր ունեցավ իմ կյանքում թե՛ հոգևոր, թե՛ մտավոր առումներով, ամրապնդեց ազգային ինքնագիտակցությունս։ Ես շարունակեցի ապրել մեր ստեղծած փոքրիկ հայրենիքում, որը դարձավ իմ ուժի, ջերմության և երազանքների աղբյուրը։
Օտար երկրում ապրելով՝ միշտ գիտակցում ես, որ պատկանում ես մեկ այլ ժողովրդի, մեկ այլ մշակույթի։ Դու քեզ զգում ես որպես մի մեծ և վառ ինքնության մասնիկ։ Նույնիսկ բակում խաղալիս մենք տարբերվում էինք մյուս երեխաներից ոչ միայն արտաքինով կամ ազգանունով, այլև մեր դաստիարակությամբ, ընտանեկան արժեքներով և այն սահմաններով, որոնք մեզ համար բնական էին։ Շատ բան, ինչ ընդունելի էր մեր հասակակիցների համար, ինձ ու եղբորս պարզապես վայել չէր, որովհետև ծնողներս մեզ դաստիարակել էին հայկակա՛ն արժեհամակարգով։ Դժվար պահեր եղել են։ Երբեմն դպրոցում մեզ ծաղրում էին միայն այն պատճառով, որ հայ էինք, կոչում էին տարբեր վիրավորական մականուններով, փորձում էին մեզ առանձնացնել։ Երբեմն ինքներս մեզ ևս հարց էինք տալիս՝ ինչու ենք մենք տարբերվում, ինչու չենք կարող լինել բոլորի նման։ Այդ հակասական զգացողությունները, հավանաբար, բնական են հայրենիքից հեռու մեծացող յուրաքանչյուր երեխայի համար, դրանք երբեմն բարդույթներ են ծնում։
Տարիների ընթացքում այդ հարցերի պատասխաններն ինքնաբերաբար եկան։ Հասկացա, որ մեր տարբեր լինելը ոչ թե թերություն էր, այլ առանձնահատկություն, որը պետք էր գնահատել և պահպանել։ Այն, ինչ մանկության տարիներին թվում էր բարդություն, ժամանակի ընթացքում դարձավ հպարտության աղբյուր։ Այսօր վստահ կարող եմ ասել, որ հայ լինելը միայն իմ կենսագրության մասը չէ։ Դա իմ ինքնության հիմքն է, իմ մտածողության, արժեհամակարգի և աշխարհընկալման կարևորագույն առանցքը։ Եվ որքան ավելի եմ ճանաչել աշխարհը, այնքան ավելի խորն եմ հասկացել, թե որքան մեծ արժեք է ունենալ սեփական արմատներ և դրանք կրել արժանապատվությամբ։
Երբ օտար երկրում շրջագայելիս ինձ հարցնում են, թե որ երկրից եմ, ես միշտ հպարտությամբ եմ պատասխանում՝ Հայաստանից եմ, հայ եմ։ Այդ պահին ինձ համար շատ կարևոր է ներկայացնել իմ երկիրը։ Ես ուրախանում եմ, երբ մարդիկ ճանաչում են Հայաստանը կամ գոնե լսել են նրա մասին։ Իսկ երբ չեն ճանաչում, փորձում եմ պատմել, բացատրել, նույնիսկ քարտեզի վրա ցույց տալ և ներկայացնել մեր երկրի գեղեցկությունը։ Հաճախ հեռախոսահամարներ եմ փոխանակում մարդկանց հետ և մեծ ջերմությամբ առաջարկում, որ Հայաստան գալու դեպքում անպայման կապ հաստատեն ինձ հետ․ ես սիրով կօգնեմ, ցույց կտամ տեսարժան վայրերը։
Եթե հնարավորություն ունենայի ընտրել իմ ազգությունը կամ վերածնվել, միևնույն է, կցանկանայի նորի՛ց լինել հայ։ Ոչ թե որովհետև դա հեշտ է, այլ որովհետև դա իմն է՝ իմ արմատը, իմ ուժը և իմ պատմությունը։
Վերջնականապես Հայաստան տեղափոխվելու որոշումը իմ կյանքում ձևավորվեց ներքին երկարատև պայքարի արդյունքում, հատկապես այն մարդկանց հետ շփումներում, ում ճանաչել և սիրել էի հենց հայկական դպրոցում։ Աշխատանքի անցնելուց հետո կյանքս կարծես սահմանափակվել էր տուն-աշխատանք կաղապարով։ Չնայած պրոդյուսերական աշխատանքս «Հայք մեդիա» հարթակում ևս Հայաստանի ու հայկականության շուրջն էր, չէի զգում առաջ շարժվելու ներշնչանք և շոշափելի իմաստ։ Հայաստան վերադառնալը աստիճանաբար գաղափարից վերածվեց ներքին անհրաժեշտության։
Մեկ տարի շարունակ ես անընդհատ կրկնում էի, որ ուզում եմ տեղափոխվել Հայաստան և ապրել այնտեղ։ Այդ ցանկությունը կամաց-կամաց վերածվեց հստակ որոշման։ Ծնողներս արդեն հասկանում էին, որ դրանք պատահական խոսքեր չեն, այլ իրական ներքին կարիք։
Մի անգամ հայրս ասաց, որ խոսքից գործի անցնելու ժամանակն է։ Նրա խոսքերը ինձ համար դարձան գործելու ներքին խթան։ Ի վերջո հասունացավ պահը․ գնացի և հայտարարեցի տնօրենիս, որ պատրաստվում եմ տեղափոխվել Հայաստան։ Նա սկզբում լուրն ընդունեց զարմանքով, հաջորդ օրը հանգիստ լսեց ինձ և ասաց, որ ողջունում է իմ որոշումը, գնահատում է իմ աշխատանքը, վստահում է ինձ և պատրաստ է աջակցել՝ աշխատանքս Հայաստանում շարունակելուն։ Նա առաջարկեց ինձ գրասենյակ բացել Երևանում և զարգացնել լրատվական գործունեություն՝ հիմնելով և ղեկավարելով «Հայք Մեդիա» տեղեկատվական ալիքի մասնաճյուղ։ Դա ինձ համար մեծ հնարավորություն էր և շատ մեծ պատասխանատվություն։ Ես պետք է ոչ միայն ընտելանայի ծնողներիցս հեռու ապրելուն, այլև ղեկավարեի գործընթացներ և ինքնուրույն ձևավորեի աշխատանքային միջավայր։ Լրացուցիչ դժվարություն էր նաև լեզվի հարցը․ իմ մտածողության առաջին լեզուն դեռևս ռուսերենն էր, դա երբեմն խանգարում էր մասնագիտական միջավայրում։ Այս փորձությունը ինձ ստիպեց շատ արագ աճել թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով։ Հիմա հայրենիքում ես ինձ զգում եմ լիովին ազատ և հանգիստ։ Այստեղ ես ինձ զգում եմ տանը:
Որտեղ էլ լինեմ, նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ երկրում, միշտ վերադարձը Հայաստան ինձ համար առանձնահատուկ պահ է։ Ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Հայաստանի հողի վրա, ես զգում եմ մի յուրահատուկ թեթևություն և ներքին խաղաղություն։ Արդեն չորս տարի է, ինչ տեղափոխվել եմ, բայց մինչ այսօր դժվարանում եմ հավատալ, որ իսկապես ապրում եմ իմ հայրենիքում, և այն դարձել է իմ առօրյան։ Դա ինձ համար մեծ երջանկություն է։
Հայրենիքը ինձ դարձրեց ավելի հասուն, շրջապատեց ինձ բազմաթիվ ընկերներով և հարազատ մարդկանցով։ Հայրենիքում ապրելով՝ ես սկսեցի հավատալ հրաշքների, սկսեցի սիրել կյանքը այնպես, ինչպես երբեք չէի սիրել նախկինում։ Ես սկսեցի մարդկանց մեջ ավելի շատ տեսնել դրականը, և դա օգնեց ներքնապես ավելի խաղաղ ու վստահ զգալ ինքս ինձ։ Ես պարզապես սկսեցի լիարժեք շնչել։ Եվ երևի հենց հասուն տարիքում հայրենիք տեղափոխվելը, ապրելը այն երկրում, որը քո սրտինն է, ամենամեծ երջանկությունն է, որ կարող է ունենալ մարդը։
Ես իմ երկրի հետ ապրում եմ նրա նորագույն պատմության ամենաբարդ փուլերից մեկը։ Ես տեսնում եմ Հայաստանը տարբեր կերպ՝ ուժեղ և խոցելի, ոգեշնչող և երբեմն վիրավորված։ Տեսնում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են ամեն ինչ տալ հայրենիքի համար, և մարդկանց, ովքեր կորցրել են հավատը։ Տեսնում եմ ցավ, անհանգստություն, հիասթափություն, բայց միևնույն ժամանակ՝ աներևակայելի տոկունություն։ Ես հավատում եմ, որ որքան էլ դժվար լինեն ժամանակները, Հայաստանը ունի վերականգնվելու, ուժեղանալու և իր տեղը գտնելու ներուժ։ Եվ դա կախված է ոչ միայն մեծ որոշումներից, այլև յուրաքանչյուր մարդու փոքր քայլերից, պատասխանատվությունից և հավատից։
Սփյուռքում ապրող հայ երիտասարդներին կցանկանայի փոխանցել մի պարզ, բայց շատ կարևոր միտք. երբեք չմոռանա՛ք, որ դուք հայ եք։ Հայ լինելը պարզապես ազգություն չէ, այլ մեծ պատասխանատվություն է և, միաժամանակ, մեծ օրհնություն է։ Եթե երբեմն ձեզ օտար եք զգում, դա ոչ թե թուլություն է, այլ հնարավորություն՝ դառնալու ավելի ուժեղ։ Դուք ձեր ազգի մշակույթի կրողն եք օտար միջավայրում, և ձեր յուրաքանչյուր քայլ, վարք ու վերաբերմունք ձևավորում է նաև այն պատկերացումը, որը մարդիկ կունենան հայերի մասին։ Հայերենը սովորելը, պահպանելը և փոխանցելը ամենամեծ արժեքներից մեկն է, որ կարող եք տալ հաջորդ սերունդներին։ Մի՛ վախեցեք նաև հայրենիք վերադառնալու կամ այստեղ ապրելու գաղափարից։ Եթե կա ցանկություն, փորձե՛ք․ չփորձելը և հետո ափսոսալը շատ ավելի ծանր է։ Ինչպես հաճախ ասում են՝ հայ է ոչ միայն նա, ով այս պահին իրեն հայ է համարում, այլ հայ է նա, ում երեխան և թոռը նույնպես հայ են լինելու։ Այդ շարունակականությունն է ապահովում ազգի ուժը։
Քամալյան Մարիա
Կրասնոդարի «Արմատ» դպրոցի 2018 թ․ շրջանավարտ
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ուսուցչուհի
Իմ նախնիները Հայաստանի Արմավիր քաղաքից են, բայց ես ծնվել և մեծացել եմ Կրասնոդարի մարզում։ Ավարտել եմ Կրասնոդարի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն, օտարերկրյա գրականություն բաժինները՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։
Տանը միշտ ինձ հետ խոսում էին հայերեն, բայց մայրենի լեզվով գրել-կարդալ չգիտեի։ Արդեն համալսարանում, երբ տարբեր ազգերի գրականության շարքում ուսումնասիրում էի նաև հայ գրականությունը, շատ վատ զգացի, որ ստիպված եմ իմ ռուս համակուրսեցիների նման հայկական ստեղծագործությունները կարդալ թարգմանությամբ։ Այդ պահին որոշեցի սովորել մեր այբուբենը։
Ես համոզված եմ, որ ազգությունը կարևոր դեր է խաղում մարդու կյանքում։ Արմատների միջոցով մենք ստանում ենք դարերով կերտված այն արժեքներն ու բնավորության գծերը, որոնք բնորոշ են մեր ազգին։ Մեր ներաշխարհի մաս է դառնում պատմական հիշողությունը, մեր ավանդական բարքն ու մշակույթը։ Ես սիրում եմ մեր երկիրը, մեր ազգը, հարգում եմ հայ ժողովրդի անցած ճանապարհը և հպարտությամբ եմ կրում իմ ազգությունը։ Չեմ մոռանում նաև հորական տատիկիցս եկած ռուսական արմատները և չեմ կարող չգնահատել այն ամենը, ինչ Ռուսաստանը տվել է ինձ՝ ծնված օրվանից մինչև 24 տարեկան լրանալս․ հարազատ միջավայր, տուն, ընկերներ, կրթություն, առաջին աշխատանքային փորձ։
Ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ սկսել հաճախել Հայկական դպրոց։ Երբ ընդունվեցի «Մեծ Մհեր» խումբ, դասարանը շնչում էր հայրենասիրությամբ։ Այդ միջավայրը օգնել է ինձ կայացնել իմ կյանքի կարևորագույն որոշումը, ճակատագրական ընտրությունը: Ես կարողացա համոզել իմ հարազատներին և տեղափոխվել Հայաստան։ Առաջին զգացողությունը հայրենիքում այն էր, որ ես ՏԱՆՆ եմ, այլևս ոչ մի տեղ չեմ ուզում մեկնել։
Երևանում ես հարմարվեցի սպասածից հեշտ և արագ։ Շատ կարևոր էր ինձ համար իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը, քանի որ ոլորտն ընտրել եմ սրտով։ Արդեն յոթ տարի է, ինչ աշխատում եմ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, դասավանդում եմ ռուսաց լեզու։
Հայրենիքում գտել եմ նաև իմ անձնական երջանկությունը․ իմ սերը, իմ ընտանիքը, իմ օջախը։ Իմ և ընտանիքիս ապագան ես կապում եմ միմիայն Հայաստանի հետ, ինչքան էլ այս պահին դժվար լինի նույնիսկ երազանքների միջոցով գծագրել մեր երկրի ճանապարհը։ Վերջին շրջանում դաժան օրեր շատ ենք ապրել, ունեցել ենք աննկարագրելի կորուստներ և հիմա լուրջ փոփոխությունների ճանապարհին ենք։
Այս պահին միայն մեկ համոզմունք ունեմ․ մենք կարող ենք օգտակար լինել մեր երկրին, ժողովրդին նրանով, որ յուրաքանչյուրս իր տեղում ազնիվ, արդար ու որակով կատարի իր գործը, ներդնի իր թեկուզ փոքր լուման․ բժիշկը ճիշտ բուժի, ուսուցիչը երեխային տա մրցունակ գիտելիքներ ու կյանքի ճիշտ օրինակներ, դատավորը զերծ մնա կաշառքից… Եվ այդպես շարունակ։ Պետք չէ օդը ալիքել բարձր խոսքերով, անհրաժեշտ է անվերջ աշխատել ու արարել։
Սփյուռքի հայկական դպրոցների սիրելի՛ աշակերտներ, ապրե՛ք երջանիկ, եղե՛ք հաջողակ, հասե՛ք բարձունքների ձեր ասպարեզում… Բայց որտեղ էլ լինեք, մի՛ մոռացեք ձեր արմատների մասին, հոգով հավատարիմ մնացեք ձեր ազգին և ձեզ հասանելի չափով փորձեք օգտակար լինել ՄԵՐ երկրին։




Թողնել պատասխան