Միայն ուսուցիչ-ծնող դաշինքը կպահպանի հայի ինքնությունը

Մենք ինչո՞ւ ենք հեռանում հայրենիքից… որովհետև այնտեղ դժվա՞ր է ապրել. որովհետև ձգտում ենք ապրել ավելի հզոր և կայացած երկրո՞ւմ. որովհետև դարերի ընթացքում մեր և ուրիշների մեղքով սեղմված, կուչ եկած տարածքը ճնշո՞ւմ է մեր սահման չճանաչող, տիեզերաչափ մտքի թռիչքն ու ճախրանքը. որովհետև անհանդուրժո՞ղ ենք յուրայինի սխալի կամ անբարյացակամության հանդեպ և օտարի անտարբերությունը գերադասում ենք հարազատի խեթ հայացքի՞ն. որովհետև հեռուները ձգո՞ւմ են չճանաչված հրապույրի կամ երևակայական խոստումների նրբերանգներո՞վ, թե՞ առանց կարոտի չենք կարողանում ապրել… Պիտի հեռանանք, որ սիրե՞նք, լավ է միայն այնտեղ, ուր մենք չկա՞նք։ Ո՞ւմ ենք թողնում մեր հարազատների բոսոր արյան գնով ազատագրված հազարամյա հայրենիքը, որ այսօր նորից երիտասարդի անվստահությամբ մեծ աշխարհում կայանալու հենարաններ է փնտրում, ո՞ւմ…
Եկեղեցու բակում թևածող դասամիջոցյան մտորումներս ընդհատվում են անծանոթ փոքրիկի վախվորած ձայնով․
— Մայրի՜կ, որտե՞ղ ենք եկել, — մոր փեշից քաշում և շշնջում է փոքրիկ տղան։
— Հայկական եկեղեցի, այստեղ կարող ես հայերեն խոսել… — պատասխանում է մայրը և մի տեսակ մեղավոր ժպտում։
— Մայրի՜կ, Հայաստա՞ն ենք եկել։ Կարելի՞ է ջուր խմել, — աշխուժանում է փոքրիկը՝ ցույց տալով ցայտաղբյուրը։
— Այո՜, Հայաստան ես եկել, տղա՜ս, — չեմ կարողանում չմիջամտել, — և եկեղեցու բակի պուլպուլակի ջուրն էլ ուղիղ Երևանից է այստեղ գալիս։
— Հա՞, — մի պահ ապշած դեմքիս է նայում երիտասարդ կինը, հետո, հասկանալով հարցի անմտությունը, նորից ժպտում է մեղավոր ժպիտով ու հարցնում, — դուք այստեղ ռուսերեն չե՞ք սովորեցնում, երեխան պետք է սովորի, որ դպրոց գնա, մենք Հայաստանից նոր ենք եկել, նա ռուսերեն չգիտի։
— Մենք այստեղ հայերեն ենք սովորեցնում, իսկ ինչո՞ւ եք եկել Հայաստանից։ Չէ՛, չնեղանաք, նույն բանը Դու՛ք կարող եք ինձ հարցնել, ուղղակի գուցե մի նոր պատասխան ունեք…
— Աշխատանք չկա…
— Իսկ այստեղ կա՞։
— Դե մի բան կգտնենք, ինչ գործ պատահի կանենք։ Դուք էժան կացարանի տեղ չգիտե՞ք…
Այստեղ մի բան կանենք, այստեղ ամեն ինչ կանենք՝ բեռնակրություն, պահակություն, բանվորություն, կվարձենք մի համեստ կացարան՝ առանց տարրական հարմարությունների, կամաչենք երեխաների հետ փողոցում խոսել, որովհետև ռուսերեն չգիտենք… ոստիկաններից կթաքնվենք, որովհետև համապատասխան փաստաթղթեր չունենք, բայց հայրենիք չենք վերադառնա, այնտեղ դժվար է ապրել… «զատո» մի քանի տարի հետո կտեղավորվենք, մեր երեխաները արդեն ամեն ինչ կունենան… Օրերը կրկնվում են, տարիները պատճենվում են, պատմությունը անողոք դասեր է տալիս, իսկ մենք համառորեն շարունակում ենք նու՛յնը, նու՛յնը, նո՜ւյնը…
Համաշխարհային տարաբնույթ խմորումների խառնարանում մի կողմից փորձում ենք ինտեգրվել համընթաց հոսանքներին, մյուս կողմից կղզիացնել այն ամեն ազգայինը, որ միայն մերն է՝ դարերից ու հազարամյակներից ավանդված։
Մենք՝ ուսուցիչներս, հասկանում ենք, որ ռուսախոս երեխային շաբաթական մեկ երկու դասաժամի ընթացքում հայերեն մտածել դժվար թե հնարավոր լինի սովորեցնել, եթե ընտանիքը իր օջախում համառորեն չկղզիացնի լեզուն և բարքերը։
Փորձ է արվում անել անհնարինը։ Վերջին տասնամյակներում ստեղծվել են օրապահանջ ուսումնական նյութեր։ Պարբերաբար, նորաձևությանը համընթաց, որոնվում են նոր մեթոդներ և ուղիներ։ Բոլոր պատեհ առիթներով գովերգվում են մեր ապրելակերպի և կենցաղային սովորությունների առավելությունները։ Պարզաբանվում է այն փաստը, որ ազգային պատկանելության հստակ գիտակցումը ապահովում և սնուցում է սկիզբ, արմատներ ունենալու և դրանց կապված լինելու անհատի ապրումը, հոգեբանական անվտանգության և կայունության զգացումը։
Ծնողը պետք է երեխային ուղարկի հայկական դպրոց, որպես տոնի, հաճելի հաղորդակցման, համոզված լինի, որ այնտեղ նրան սիրում են, հասկանում են, միշտ պատրաստ են օգնել։ Ուսուցիչը պետք է ստեղծի անկեղծ և անկաշկանդ մթնոլորտ։ Լեզվամտածողությունը ազգային երևույթ է և արժեք․ մայրենի լեզվի, հարազատ մշակույթի հետ ամենամակերեսային շփումն անգամ պետք է պարգևի հոգեկան ներդաշնակություն և բավարարվածություն։
Սիրելի՛ մայրեր, ձեր հեռախոսներն ու համակարգիչները լցրեք հայեցի՛ տեսանյութերով, հայկակա՛ն բարձրարժեք որակյալ երգերով, սովորե՛ք և երգե՛ք ձեր բալիկների համար մեր անկրկների օրորոցայինները, ընտանեկան դիտումներ կազմակերպե՛ք և քննարկե՛ք հայկական մուլտֆիլմեր և հայրենագիտական տեսանյութեր։
— Անունդ ի՞նչ է, — նորից կտրվելով իմ խոհերից՝ հարցնում եմ խոշոր աչքերով, երկար ունքերով սպիտակամաշկ տղային։ Վախվորած նայում է մորը, ապա շշնջում.
— Տիգրան։
— Բա՛րձր ասա, Տիգրա՛ն, գնացինք, այստեղ մեր դպրոցն է, ես քեզ կսովորեցնեմ ռուսերեն, մի քիչ կսովորես, հետո միասին կվերադառնանք Հայաստան, ուզո՞ւմ ես։ Տիգրաններ այստեղ պետք չեն, տիգրաններ մեր երկրում են պետք, համաձա՞յն ես։
Աշխուժացած գլխով է անում… Ինքը չի ուզում շշուկով խոսել և ընկերներ չունենալ, ինքն ուզում է ազա՜տ վազվզել հարազատ բակում և սպասել մոր՝ բակով մեկ հնչող կանչին՝ Տիգրա՜ն, տուն արի, Տիգրա՜ն, արի՜ տո՜ւն… Տո՜ւն…
Լու՛յս առավոտի…
Արեգա՛կ արդար…
Աստվա՜ծ ճշմարիտ,
Երկրպագողն ենք մենք քո զորության,
Ների՛ր մեղսական տենչանքները մեր,
Եվ ցո՜ւյց տուր ուղին ներդաշնակության։

Թողնել պատասխան