ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

«Որթատունկ» դպրոցի 5-ամյա ուղին և մշակութային ձեռնարկները Դոմոդեդովոյում

«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է» աստվածաշնչյան այս տողերը, որոնք հիշեցնում են, որ մարդն ունակ է հոգևոր պտուղներ տալ միայն Քրիստոսին հավատարիմ մնալով, տարիներ առաջ յուրօրինակ պատգամ ու ներշնչանք դարձան Քրիստինա Կարապետյանի համար, և նա հիմք դրեց մի կարևոր ու հայրենանվեր նախաձեռնության։ Այդ աստվածային հուշումով Դոմոդեդովո քաղաքում սկսվեցին հայկական շաբաթօրյա դպրոցի ստեղծման աշխատանքները։ Ճանապարհը բարդ էր ու պատասխանատու, լի բազմաթիվ խոչընդոտներով, ու այսօր արդեն այդ աշխատանքի արգասիքը հանդիսացող «Որթատունկ» դպրոցը բոլորեց իր գործունեության 5-ամյակը։

Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի հոբելյանական տարելիցներին ընդառաջ՝ դպրոցն իր ուրույն ու կարևոր ներդրումն ունեցավ տոնական միջոցառումների շարքում։ Ուսումնական տարվա վերջում կազմակերպված հանդիսությունն ամբողջությամբ նվիրված էր Կոմիտաս վարդապետին։ Ներկայացվեց մեծանուն արվեստագետի կյանքի դրամատիկ ու դաժան ուղին, ինչպես նաև նրա անգնահատելի դերը հայ ժողովրդի կյանքում, որի շնորհիվ հայ մշակույթի բացառիկ նմուշները ձեռք բերեցին համաշխարհային ճանաչում՝ դառնալով համամարդկային  մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Թումանյանական շունչը համակել էր ոչ միայն հոբելյանական տարելիցը, այլև ողջ դասապրոցեսը՝ սկսած գիրք նվիրելու ավանդույթից մինչև թատերականացված բեմադրություններ։ «Որթատունկ» դպրոցի սաները տիկնիկային թատրոնի ձևաչափով հանդիսատեսին ներկայացրին «Չարի վերջը» հեքիաթը՝ այն համեմելով ժամանակակից ռեժիսորական լուծումներով ու մոտիվներով։

Իսկ այս ուսումնական տարին դպրոցը եզրափակեց «Կախարդական լավաշը» թատերական ներկայացմամբ։ Նախաձեռնության հեղինակ Մարի Մնացականյանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ գաղափարը կյանքի կոչվեց «Որթատունկում»՝ ներգրավելով կրթօջախի բոլոր սաներին։ Բեմից հանդիսատեսին փոխանցվեց հայկական գյուղական աշխարհի կոլորիտը, պատերազմի դաժան հետևանքները, դժվարին ուղին միայնակ հաղթահարելու ձգտումն ու անկոտրում կամքը։ Ներկայացման մեջ առանցքային տեղ ունեին մոր աղոթքի անբացատրելի ուժն ու լավաշի գերբնական, սրբազան հատկությունները։ Մշակութային այս գեղեցիկ տոնն ավարտվեց հայկական ավանդական հարսանիքի հանդիսավոր արարողությամբ։

Քրիստինա Բաղդասարյան
Քաղաք Դոմոդեդովոյի
հայկական շաբաթօրյա «Որթատունկ» դպրոց

Թողնել պատասխան