ՎԱՑՅՈՒԽԸ
/Նոր Նախիջևանի բարբառով/
(Ծուպու յանկան մեծ պատրաստության մեջ է)։

ԾՈՒՊՈՒ — Տեր Աստված, աս փոթառանքն ալ մեմը անցներ․․․ Հանա թոռս ասօր սաղ-սելամեթ տասնում թասարանը վերչացուց, իդա մեր հինութվան հայերեն լուզուն ալ չիսորվենալե սպտռեցավ տակի։ Մեկ քաննադն ալ՝ ինչե՞ս գլա իդա իրեն լուզուն չիկիտցած, գասին։
(Մեմ ալ կնայիս դամբըռդոց-դռլդոց էլլավ։)
ԾՈՒՊՈՒ-Հանա մեր Ազատլման էգավ։
ԱԶԱՏԼՄԱ-Հաքա, Ծուպու, ասա մուրադըդ։
ԾՈԻՊՈՒ-Սա թոռիս խասեվեթներս է շտե, Վացյուխիս․․․
ԱԶԱՏԼՄԱ-Խոզ է ի՞նչ է, Վացյուխ կասիս։
ԾՈՒՊՈՒ- Բաբին է շտը խաբահաթը, դհա չիմեռած անունը դուվից․․․
ԱԶԱՏԼՄԱ -Մաշտուդ անունը Վացյուխ է մեգե՞ր։
ԾՈՒՊՈՒ -Վաշտերես է․․․ Իդա ուզենալով Վացյուխ կասինք շտը։
ԱԶԱՏԼՄԱ -Էդև՞, ի՞նչ կուզե Վացյուխըդ։
ԾՈՒՊՈՒ -Նա կուզե մեգե՞ր, ես կուզիմ, ես։ Իդա թոռըս վաժադունը վերչացուցածին ամբես թուխտ կուզինք, որ գոյա թոռս հիչ մեր լուզուն չիդե։
ԱԶԱՏԼՄԱ — (Պապկային մեչեն հանից մեքադ վկայական)։ Նա՜, ուզացածիդ պես է։ Վացյուխներուդ, կյանքի տուռը պանալու քեներըդ, մեմալ-մեմալ նայեցեք, սալթն վրան մնացած ձեր լուզույով խոսք, յա չենե գիր չըմնա․․․ (Ծուպուն ստագը տուվից)։
ԾՈՒՊՈՒ -Հաձո, Վաչե՛, հանե Վացյուխիս, ժաշտեցուր բալայիս, արիցեք հոս․․․ Տեր Աստված, մուրադիս հասա, չարը խափանից, բարին կատարից․․․ Հաբա քուկուդ լուզուդ կասին որ, մեմա չին ասի․․․ Վոյի՞ն պետք է գալիս․․․ Սաղ չորստիներս ալայ չեշիտ օլնը-օլնը լուզուներ կան․․․ (Նես մտան Վաչեն, Վացյուխը) Բալաս, մուրադներուս հասանք դա։ (Կուտա վկայականը)։ Հայդը շինը ամուր կոխե ոտքիդ վրան, բալաս, մինք էդևդ կայնած ինք․․․
ՎԱՑՅՈՒԽ -Օրինավո՞ր պան է գայիս սիվիգնալ․․․
ԾՈՒՊՈՒ -Էնգը օրնավորն է, բալաս․․․ Հա, մաշտ, պիր հոս հալավի, ոտքի շչոտկաները․․․ (Վաչեն վազից, պերից)։ Հայդը, բալաս, ել գայնե սա աթոռքին վրան, Վաչե, տուն ալ բաշլայե բալայիս թափելու։
ՎԱՉԵ -Ի՞նչ կա, հաքա, սա․․․
ԾՈՒՊՈՒ -Սուս, տղիս խսմեթին տիմացը չելլիս։ Մեչը մնացած սաղ մեր լուզույով պաները պիտ հանինք։ (Բաշլայեցին մաշտ ու կին Վացյուխին վրայեն հայերեն գիրերը թափեցնելու)։ Հայդե մեմը մեծա ասա, բալաս։
ՎԱՑՅՈՒԽ -Մե․․․
ԾՈՒՊՈՒ -Շուտ արա մազերը սանդռե։ Հա, հանա էղավ, «Բաբի» ասա յա․․․
ՎԱՑՅՈՒԽ -Բի․․․
ԾՈՒՊՈՒ -Ջեբերդ ինչի՞ թեռս արած չիս, հոքիս․․․ Թուֆլիներդ թեռս արա յա մեմը․․․ Հաձո՜, մաշտ, շուտ արա թոզի մաշինը պիր, վով կիդնա վդե գրած, մնացած պաներ կան։ Հայդե շինը պռոբ արա մեմը ասելու յա «բաբի»։ (Վացյուխը պերանը կպանա, համա ձանը չէլլի)։ «Հավ, կով, Աստված․․․» Հանա եղավ շտե, բալայիս բարբեցինք․․․ Հայդը, բալաս, աշխարք մըտիր, կյանք տեսիր, մինք հետդ ինք։ Վա՜յ, մինք ի՞նչ պիտ անինք առանց բալայիս․․․
ՎԱՉԵ — Հաքա, դհա պան չմնաց, մեմը չենե՞ ֆալջի Հոռոսմային կանչիմ։
ԾՈՒՊՈՒ — Շուտ պան արա։ Հային խելքը վերչը կուգա, կասիննը, խոշտ է, դա։
ՀՈՌՈՍՄԱ -Ձեր Վացյուխը հանա ջամփա ընկած գեշտա․․․ Հանա կեղին սրթին հասավ, տիմացը մեքամ իսան էլլավ, կասե տղիդ՝ «Պարև, կդռիջ, ասա մուրադըդ»։ Վացյուխը կասե․ «Դիպլոմ գուզիմ»։
ԾՈՒՊՈՒ -Ադբես սորվեցուցիլ ինք, ախռ։
ՀՈՌՈՍՄԱ -Բաբիներուդ լուզուն կիդի՞ս,-ասաց իսանը։ Չէ, չիդիմ,- կասե տղադ։ Ադբեսենը,- կասե իսանը,- նա, մեքատ հեքիմի դիպլոմ։ Առավ դիպլոմը Վացյուխը, կնաց առչով։ Տիմացը մեքամ ուրիշ իսան էլլավ, կասե․ «Պարև, կդռիջ, ասա մուրադըդ»։ «Մաշին գուզիմ»,- կասե Վացյուխը։Իսանը կասե․ «Բաբիյիդ լուզուն կիդիս ախռ․․․»։ «Ջարի դեյին ալ լանը՝չիդիմ»> ,-կասե Վացյուխը։ Հանա սա «Վոլգան» քուգուդն է։ Հանա ձեր Վացյուխը մեկ մաշին ծուկով կուգա։
ԾՈՒՊՈՒ —Կարդորա դա բալաս։ Ծուկերը զիյան գլան դեյին կվախենա դա․․․
ՀՈՌՈՍՄԱ -Վա՜յ, ձեր Վացյուխը հանա ջուրին տագը սազերուն մեչը թալաշմիշ գլա։ Քովը մեքամ Ծովի մար կուգա և կասե․ «Կդռիջ, ասա մուրադըդ»։ «Ստեղեն էլլելու ջամփան ցուցուր դա․․․»,- խեղջլեմիշ գլա Վացյուխը։
ԾՈՒՊՈՒ -Թո հանե, թո հանե բալայիս․․․
ՀՈՌՈՍՄԱ -Ծովի մարը կասե․ «Սա ջուրեն քուգուդ բաբիներդ խոտի գեշտային, նաքա ջուրին դագը, քարերուն վրան յռղախով գրածին վդեյեն անցնելու պետք էղածը»։ «Ինչե՞ս գրերով գրված է սյա․․․ Ինչքան ուռումիշ գլամ, կաշտալու չիմ լա վու․․․»։
ԾՈՒՊՈՒ -Էյ դա, բալաս․․․
ՀՈՌՈՍՄԱ –«Ջուրին դագի ծուկերեն,կառավիտներեն տեք իրենց լուզուն կիդին, տուն ալ լուզուդ չիդիս․․․ Առ սա գիրքը, նիստ սիտեղը «այբ-բեմ-գիմ-դա»-ն սորվե, գեշտաս, անգից ալ կկաշտաս ջամփան վդեխեն էղածը․․․ Աս գիրքը 1600 տարի քուգուդ բաբիներուդ խելք, միտք,նամուս, գիր, խոսք սորվեցուցիլ է․․․»,- կասե Ծովի մարը։
ԾՈՒՊՈՒ -Առ, բալաս, գուդանը․․․
ՀՈՌՈՍՄԱ — Վա՜յ չէ, մեձաս ինձի կանիձե, նա ինձի ասիլ է դաժե չիմոդգնամ,- գասե Վացյուխը։ Ծովի մար․ «Տուն լուս աշխարք տեսնելու աժժանի չիս, թյու՜ էրեսիդ․․․»։ Ձեր տղան դհա ջուրին դագը կեցիլ է։ (Ժողոդվեցավ, գնաց ֆալջին)։
ԾՈՒՊՈՒ -Վա՜յ, մաշտիք, Վացյուխես խասսա՜նք․․․
ՎԱՉԵ -Գուզեի՛ր, գուզեի՛ր, մաշտ արիր, հանա տղիս․․․
ԾՈՒՊՈՒ -Տուն ալ դհա էրած սիրտիս վրան գուձու տաքտեղ կցանիս․․․
Վա՜յ, մաշտիկ, էգիր բալաներուդ, թոռներուդ ջուրին դագը հայվաններուն պերանի մազդակի էղածը չուզիք, սաղ-սելամեթ գեցածը գուզիք, մեր առաչվան հայնակ լուզուն մի մոռցունուք․․․ Ա՜խ, Վացյուխս․․․ Վա՜խ, Վացյուխս․․․
Հարստացրեք ձեր բառապաշարը բարբառային բառերով
Փոթառանք- փոթորիկ
Սպռտեցավ-ազատվեցավ
Խասեվեթ-հոգս, դարդ
Խաբահաթ-մեղավոր
Վաժադուն-դպրոց
Չորստին-չորս կողմ
Չեշիտ-տեսակ
Օլնը-օլնը-տարրբեր-տարբեր
Գալաջի-խոսել
Շչոտկա-խոզանակ
Բաշլայել-սկսել
Օխտարմիշ էղիր-փորձիր նորից
Յոնոմիշ լալ-ճամփա ընկնել
զնաչիտ տակ-ուրեմն այսպես
Սրթին-կատար
Իսան-մարդ
Ջարի դեյին- դեղի չափ
Կարդորա-շտապել
Սազերուն մեչը թալամիշ գլա- տիղմի մեջ խրվել
Յռղախ- եղան, գյուղատնտեսական գործիք, որով հավաքում են խոտը
Ուռոմիշ-չաչարվել
Կառավիտ-խեցգետին
Խասսել-ավարտել
ՎԱՑՅՈՒԽԸ
(գրական տարբերակը)
(Ծուպու մորաքույրը շատ խառն էր։)
ԾՈՒՊՈՒ — Տեր Աստված, այս փոթորիկը ե՞րբ պիտի անցնի․․․Ահա թոռս ավարտեց տասներորդ դասարանը և վերջապես ազատվեց մեր հին հայերեն լեզվից։ Մի քանիսն էլ ասում են, թե մարդ ինչպե՞ս կարող է իր լեզուն․․․, ասում են, էլի՛։
Հանկարծ դմդմբոցի ձայն լսվեց ։ (Ներս մտավ գուշակ Ազատլման։)
ԾՈՒՊՈՒ- Ահա մեր Ազատլման եկավ։
ԱԶԱՏԼՄԱ- Ա’յ Ծուպու, ասա մուրազդ։
ԾՈԻՊՈՒ- Թոռիս մասին եմ դարդ անում, Վացյուխիս․․․
ԱԶԱՏԼՄԱ- Խո՞զ է, խոճկո՞ր է, ի՞նչ է, որ թոռիդ Վացյուխ ես ասում։
ԾՈՒՊՈՒ- Պապիկն է մեղավոր, դեռ չմեռած իր անունը դրեց։
ԱԶԱՏԼՄԱ — Ամուսնուդ անունը Վացյո՞ւխ է։
ԾՈՒՊՈՒ -Չէ, Վարդերես է․․․ բայց շատ սիրելուց Վացյուխ ենք ասում
ԱԶԱՏԼՄԱ -Հետո, ի՞նչ է ուզում Վացյուխդ։
ԾՈՒՊՈՒ -Նա չի ուզում, ես եմ ուզում ։ Թոռիս դպրոցն ավարտելուց հետո, մի այնպիսի թուղթ — վկայական ենք ուզում, որտեղ գրված լինի, որ նա հայերեն ոչ մի բառ չգիտի։
ԱԶԱՏԼՄԱ — (Թղթապանակի միջից հանեց մի վկայական)։ Վերցրու, ուզացածիդ պե՞ս է։ Վացյուխներուդ, կյանքի դուռը բանալու ժամանակ, հատ-հատ նայեցեք, նրա վրա հայերեն խոսք ու գիր թող չմնա․․․ (Ծուպուն փող տվեց գուշակողին)։
ԾՈՒՊՈՒ -Է՜հ, Վաչե՛, զարթնեցրու Վացյուխիս, բալայիս, եկեք այստեղ․․․ Տե՛ր Աստված, մուրազիս հասա, չարը խափանվեց, բարին առաջնորդեց․․․ Հիմա, սրանից հետո, էլ չեն ասելու՝ քո լեզուն, քո լեզուն․․․ Ո՞ւմ է պետք քո հայերենը․․․ Ամեն չորս կողմն էլ տարբեր տեսակ-տեսակ լեզուներ կան․․․ (Ներս են մտնում Վաչեն ու Վացյուխը)։ Բալաս, մուրազներիս հասանք, վերջապես։ (Տալիս է վկայականը)։ Հիմա ամուր կանգնիր ոտքերիդ վրա, բալաս, մենք քո հետևը կանգնած ենք․․․
ՎԱՑՅՈՒԽ — Տեսնես, պետքակա՞ն բան է սա․․․
ԾՈՒՊՈՒ — Ամենապետքական բանն է, բալաս․․․ Վա՜յ, մարդ, այստե՛ղ բեր կոշիկի խոզանակը․․․ (Վաչեն վազեց, բերեց)։ Արի, բալաս, կանգնիր աթոռի վրան, Վաչե՛ դուն էլ սկսի՛ր թոռիս վրայից թափ տալ ամեն հայկական բառ։
ՎԱՉԵ — Ի՞նչ մնաց, ոչ մի բան․․․
ԾՈՒՊՈՒ — Սուս, տղայիս բախտի դեմը չելնես։ Մեջը մնացած բոլոր հայերեն բառերը պիտի հանենք։ (Սկսեցին մարդ ու կին Վացյուխի վրայեն հայերեն գրերը թափ տալ)։ Այ հիմա, ասա՝ «տատիկ», բալա՛ս։
ՎԱՑՅՈՒԽ -Տա․․․
ԾՈՒՊՈՒ — Շուտ արա, ա՛յ մարդ, մազերը սանրե։ Ահա, հիմա եղավ, «պապիկ» ասա, տեսնեք․․․
ՎԱՑՅՈՒԽ — Պա․․․
ԾՈՒՊՈՒ — Գրպաններդ թարս չես արել, հոգիս․․․ Կոշիկներդ էլ թարս արա, շուտ արա արագացրու․․․ Ա՜յ, մարդ, դու շուտ գնա փոշեկուլը բեր, ո՞վ իմանա, հո բան չմնաց, որ մի հայկական տառ էլ անգամ չմնա։ Ա՜յ, հիմա փորձենք, ասա «պապիկ»։ (Վացյուխը բերանը բաց է անում, բայց ձայն դուրս չի գալիս)։ «Հավ, կով, Աստված․․․» Ահա, հիմա եղավ, բալայիս դատարկեցինք․․․ Դե հիմա, բալաս, աշխարհ մտիր, կյա՛նք տես, մենք քեզ հետ ենք։ Վա՜յ, մենք առանց բալայիս ի՞նչ պիտի անենք․․․
ՎԱՉԵ — Ա՛յ կնիկ, տեսնես էլի բան չմնա՞ց վրան, կարո՞ղ է գուշակ Հոռոսմային կանչեմ։
ԾՈՒՊՈՒ – Արա՛գ շարժվիր։ Հայի խելքը վերջում է գալիս, որ ասում են՝ ճիշտ է երևի։
ՀՈՌՈՍՄԱ — Ձեր Վացյուխը ահա ճանապարհ ընկած գնում է․․․ Ահա գյուղի ծայրին հասավ, դիմացը մի մարդ ելավ ու ասում է․ «Բարև, կտրի՛ճ, ասա՛ մուրազդ»։ Վացյուխն աում է․ «Դիպլոմ եմ ուզում»։
ԾՈՒՊՈՒ — Ախր, այդպես ենք սովորեցրել։
ՀՈՌՈՍՄԱ — Պապիկներիդ լեզուն գիտե՞ս,- հարցրեց մարդը։
— Չէ, չգիտեմ,- ասում է տղադ։
— Եթե այդպես է,- ասում է մարդը,- ա՛ռ մի հատ բժշկական դիպլոմ։ Առավ դիպլոմը Վացյուխը, գնաց առաջ։ Դիմացը մի հատ ուրիշ մարդ դուրս եկավ ու ասում է․
— Բարև, կտրի՛ճ, ասա՛ մուրազդ։
— Մեքենա եմ ուզում,- ասում է Վացյուխը։ Մարդն հարցնում է․
— Պապիկներիդ լեզուն երևի գիտե՞ս․․․։
— Դեղի չափ էլ, որ պետք գա, չգիտեմ,- պատասխանում է տղան։
— Ահա «Վոլգա» մակնիշի մեքենան քոնն է, տեսնում եմ Ձեր տղան մեքենայի բեռնախցիկում լիքը ձուկ լցած գալիս է։
ԾՈՒՊՈՒ — Բալաս շտապում է, որ ձկները չփչանան հանկարծ, դրանից է վախենում․․․
ՀՈՌՈՍՄԱ — Վա՜յ, վա՜յ, ձեր Վացյուխը ջուրն ընկավ։ Վա՛յ, ձեր Վացյուխը տիղմի մեջը խրված ձեռքերն է թափահարում։ Նրան մի Ծովամայր է մոտենում և ասում․
— Կտրի՛ճ, ասա՛ մուրազդ։
— Այստեղից դուրս գալու ճանապարհն ասա,- հանգիստ ձայնով ասում է Վացյուխը
Ծուպու — Թող հանե, թող հանե բալայիս։
ՀՈՌՈՍՄԱ — Ծովամայրը ասում է․
— Այս ճանապարհով քո նախնիները և պապերը խոտ հավաքելու էին գնում, նրանք ջրի տակ՝ քարերի վրա, եղանով գրել են, թե որտեղից է պետք անցնել։
Վացյուխն էլ նեղվում է․
— Ի՞նչ գրերով է գրված սա․․․ Ինչքա՜ն չարչարվում եմ, չեմ կարողանում կարդալ․․․
ԾՈՒՊՈՒ — Վա՜յ, բալաս․․․
ՀՈՌՈՍՄԱ — Ջրի տակ ձկները, խեցգետիններն անգամ գիտեն իրենց լեզուն, դուն քո լեզուն չգիտես․․․ Վերցրու այս գիրքը, նստիր այստեղ և սովորիր «այբ-բեմ-գիմ»-ը, դրանից հետո կգնաս և կկարդաս, թե որն է ճիշտ ճանապարհը․․․ Այս գիրքը 1600 տարի քո պապիկներին սովորեցրել է խելք, շնորհք, միտք, նամուս, գրել ու կարդալ,- ասում է Ծովամայրը։
ԾՈՒՊՈՒ — Առ, շուտ վերցրու, տղաս․․․
ՀՈՌՈՍՄԱ — Վա՜յ չէ, տատիկս ինձ բան կասե, կանիծի, նա ինձ ասել է, որ հայերեն գրքերին չմոտենամ,- ասում է Վացյուխը։
Ծովամայր․ — Դուն լույս աշխարհ տեսնելու արժանի չես, թու,՜ քո երեսին։ Ձեր տղան մինչև հիմա ջրի տակ խեղդվում է։ (Գուշակը հավաքվում է ու գնում)։
ԾՈՒՊՈՒ — Վա՜յ, մարդի՛կ, Վացյուխիս կորցրինք․․․
ՎԱՉԵ — Ուզո՛ւմ էիր, ուզո՛ւմ էիր, «մարդ դարձրիր տղայիս․․․»
ԾՈՒՊՈՒ — Դուն էլ այրված սրտիս վրա կծու տաքդեղ ես ցանում․․․Վա՜յ, մարդիկ, որ Ձեր երեխաները, թոռները, ջրային կենդանիների բերանի ծամոն չդառնան, ողջ-առողջ մնան, մեր առաջվա հայերեն լեզուն չպիտի մոռանան, այլ անպայման պիտի իմանան․․․ Ա՜խ, Վացյուխս․․․ Վա՜խ, Վացյուխս․․․
Հեղինակ՝ Արշակ Պոպովյան
Մշակումը՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանի
Response
-
Բարբառը մեր լեզվի հարստությունն է։ 《Բառ ու բան 》 խորագրի նյութերը կարդալիս կարծես ժամանակի մեջ տեղափոխվեմ ու գնամ դեպի մեր ակունքները։

Թողնել պատասխան