ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հռիփսիմե Անդրանիկի (Մարկոսյան) Վարդևանյան

Ես՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանս, «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի «Բառ ու բան» խորագրի պատասխանատուն եմ։ 

Ծնվել եմ Վրաստանի բերդաքաղաք Ախալցիխեում։ Ամուսնացած եմ, ունեմ երկու մանկավարժ աղջիկ։ 

Ավարտել եմ Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Ապրում եմ Ռուսաստանի Դաշնության  Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայաբնակ  Չալթր գյուղում, որտեղ բնակչության 60%-ը հայեր են, ում  նախնիները գաղթել են Անիից։ Նրանք, 800 տարի հեռու ապրելով պատմական հայրենիքից, չեն կորցրել լեզուն, ավանդույթները և մշակույթը, խոսում են Նոր Նախիջևանի յուրահատուկ բարբառով, այն պարտադիր կարգով փոխանցում սերնդեսերունդ։ 

15 տարի է, ինչ աշխատում եմ Չալթր գյուղի № 1 հանրակրթական դպրոցում, դասավանդում եմ հայոց լեզու, գրականություն և պատմություն։ 

Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ նաև Մյասնիկյանի շրջանի «Զարյա» շաբաթաթերթում որպես հայկական էջի լրագրող։

Դպրոցում աշխատելու առաջին տարիներին դասաժամերին խոսում էի միայն գրական արևելահայերեն, որը շատերին անհասկանալի և օտար էր թվում։ Կազմակերպում էի տարբեր բնույթի միջոցառումներ, գրական երեկոներ, հայրենասիրական երգերի մրցույթներ, որ աշակերտների մեջ սեր ներարկեմ դեպի հայոց լեզուն։ Սակայն տարեցտարի հայ աշակերտների քանակը պակասում էր, որն ինձ անասելի ցավ էր պատճառում։ Կարճ ժամանակ անց հասկացա, թե որն է գաղտնիքը։ Առաջնահերթություն էր իմ՝ տեղի բարբառին տիրապետելը։ Արագ սովորեցի անեցիների բարբառն ու հասա նվիրական իմ նպատակին՝ գրական հայերեն սովորեցնելու սուրբ գործին։ Հիմա ոչ թե աշակերտներիս թիվը պակասում է, այլ օրեցօր ավելանում է։ Նոր Նախիջևանի բարբառը միջնորդ հանդիսացավ նյութը բացատրելու գործում՝ առանց ռուսերենի թարգմանության։ Ինչպես մեծ Հ․ Թումանյանն է ասել․ «ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է ճիշտ ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու»: Այս բանաձևը շատ լավ է աշխատում, ինձ տվեց «առատ բերք»։ 

Ռուսաստանում ապրելու իմ գլխավոր առաքելությունը հյութալի պտուղներ աճեցնելն է՝ հօգուտ Հայաստանիս։

Leave a Reply