ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Մայրենիին նվիրված միամսյակ

«Քեզնով պիտի հպարտանամ,
Քեզնով պիտի ես հայ մնամ»․․․

Հայոց լեզուն մեր անկողոպտելի գանձն է, մեր անընկճելի հայրենիքը: Հայ ժողովուրդը կորցրել է գահ և թագ, զորք և իշխանություն, բայց չի կորցրել լեզուն ու հավատը, քանի որ ազգային ինքնության և մեր լինելիության կարևոր նախապայմանը ՄԱՅՐԵՆԻՆ է: Մաքուր ու գեղեցիկ հայերենով խոսելու և հայեցի մտածելու ակունքը ընտանիքն է, առաջին հերթին՝ հայ մայրը: Եվ պատահական չէ, որ Գարեգին Նժդեհն ասել է․ «Հայ մայրերի ափերում է հայրենիքի փրկությունը»։ 

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ փետրվարի 21-ն ընդունվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այն նշվում է նաև Հայաստանում: Մայրենիի պահպանման առաջնահերթությունը կարևորվում է կրթական հաստատություններում, մանավանդ՝ Սփյուռքում։ Այդ օրը Սփյուռքի բոլոր դպրոցներում տոնական տրամադրություն է: Աշակերտները խոսում, գրում, մտածում են մայրենիով, արտասանում ու երգում են, հաղորդակցվում են արևմտահայերեն և արևելահայերեն, զգում նաև քաղցրահունչ բարբառների ջերմությունն ու մեղեդայնությունը․․․

Մոսկվայի հայկական եկեղեցու հովանու ներքո գործող Սբ. Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի և Սբ. Ներսես Շնորհալու անվան Հայորդյաց տան սաները մեծ սիրով ու հոգատարությամբ են նշում այդ օրը: Ուսուցչուհի Երանուհի Ղազարյանը նշեց, որ արդեն տասը տարի է, ինչ Հայորդյաց տանը նշվում է մայրենիին նվիրված միամսյակը:   Ուսուցիչները մեկ ամսվա ընթացքում անց են կացնում բաց դասեր, միջոցառումներ, գրական-երաժշտական երեկոներ, թատերական ներկայացումներ և այլն: 

Դրանցից մի քանիսին անդրադառնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո խոսնակ Ալվարդ Նազարյանը: Նա պատմում է, որ ուսուցչուհի Երանուհի Ղազարյանի առաջին դասարանում (11-14 տարեկաններ) անցկացրած բաց դասը միայն մայրենիի փառաբանություն չէր, այն տանում էր դեպի պատմության քառուղիները,  մեր արմատները, դարավոր եկեղեցու ակունքները, դեպի այն լուսավոր մշակույթն ու կենցաղը, որի մեջ ապրել ու արարել են մեր նախնիները և որպես սրբազան ժառանգություն՝ մեզ կտակել մեր լեզուն ու հավատը, որը  «Ազգ է պահում ու միավորում»,- ինչպես ասում էր մեծն Խ. Աբովյանը:

Ուսուցչուհի Սուսաննա Կիրակոսյանի երկրորդ դասարանի սաները (11-14 տարեկաններ) փայլում էին հայերենի իմացությամբ։ Նրանք ներկայացրին տառերի դերը լեզվակրության մեջ, անկաշկանդ գրեցին, օրինակներով բացատրեցին լեզվի կանոնները։ 

Հայորդյաց տունը, որը դարձել է Մոսկվայի և շրջակա քաղաքներում ապրող հայերի համար ներկայանալի կրթօջախ, իր պատերի ներսում ամբարելով հոգևորն ու ազգայինը՝ դասեր է տալիս մեր անցյալի, մեր ժողովրդի ու մեր ինքնության ամենախորքային շերտերի մասին։

Ուսուցչուհի Ջեմմա Կիրակոսյանի սաները՝ ցուցադրելով իրենց ճարտասանական հմտությունը, բանաստեղծություններ ներկայացրին հայերենի ճոխ գանձարանից, բեմադրեցին Ղազարոս Աղայանի «Հայելու մասին» հեքիաթը՝ ընդգծելով ինքնաճանաչողության կարևորությունը։  

Ոչ միայն Մայրենի լեզվի օրը կամ միամսյակը, այլև ողջ տարին պետք է   հիշենք, որ լեզուն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն սովորում ենք, պահպանում, փոխանցում և ապրեցնում։

Մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը պատգամել է․

«Ու, տե՛ս, որդի՛ս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս․․․
Քո Մայր լեզուն չմոռանա’ս … »։ 

Ալվարդ Նազարյանը նշեց, որ, միամսյակի արդյունքներն ամփոփելով, կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Քերովբե քահանա Բարսեղյանն ասաց. «Հատկապես Սփյուռքում մայրենի լեզուն չմոռանալը գիտակցված, նվիրական ու սուրբ գործ է։ Մենք պետք է միշտ հայերեն խոսենք, հաճախ կարդանք հայերեն գրքեր, որովհետև ամեն մի նոր կարդացած գիրք, յուրացրած ամեն մի նոր բառ հաղթանակ է մոռացության ու անտարբերության դեմ»:

Խոնարհումի են արժանի Հայորդյաց տան բոլոր ուսուցիչները՝ մայրենիի նկատմամբ սիրո, մեծ հոգատարության և տարածման գործում ցուցաբերած նախանձախնդիր ջանքերի համար:

Սփյուռքի դպրոցներում ուսուցիչներն իրենց անձնվեր աշխատանքով, սիրով ու նվիրվածությամբ, անսակարկ պատասխանատվությամբ սերունդներին են փոխանցում մեր ազգային հարստությունը, մեր ինքնուրույնության դրոշմը, քանզի լեզուն պահպանվում է սովորելով, հասկանալով, վերարժևորելով։ Լեզուն ինքնին անգին զարդ է և խնամքի, սիրո կարիք ունի: Սիրե՛նք, պահպանե՛նք և գալիք սերնդներին փոխանցե՛նք մեր աննման ժառանգությունը՝ ոսկեղենիկ հայ գիրն ու մայրենի լեզուն:

Կարինե Եսայան                                                                                                                              

Leave a Reply