Լալա Սարգսի Սողոմոնյան

Ծնվել եմ Երևանում, ավարտել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը և հենց այդ տարին էլ սկսել եմ աշխատել սկզբում Երևանի Ն․Վ․ Գոգոլի անվան դպրոցում, հետո Լև Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Մանկությունս անցել է Զեյթունի բարբառի «մեջ», հայրս արմատներով Զեյթունցի էր, եղեռնի ժամանակ նրա ծնողները Զեյթունից փախել և բնակություն էին հաստատել Սիրիայի Հալեպ քաղաքում։ Դպրոցական ընկերներս երբ ինձ ուզում էին վիրավորել, ասում էին՝ ախպարի ճուտ։ Հայրենադարձները շատ էին օգտագործում «եղբայր» բառը, բայց դա ասում էին իրենց բարբառով՝ ախպար կամ ախպայ։ Այստեղից էլ «ախպար» բառը ստացավ «հայրենադարձ»-ի իմաստ։ Ես չէի վիրավորվում այդ խոսքերից, քանի որ ես իմ հոր դուստրն էի ու, այո՛, ախպարի ճուտ էի։ Հայրիկիս կողմի բոլոր բարեկամները խոսում էին Զեյթունի բարբառով, ինչն էլ պատճառ դարձավ հետագայում ատենախոսությանս թեմայի ընտրությանը՝ «Զեյթունի բարբառը»։
Երևանի Լև Տոլստոյի անվան դպրոցում հասցրեցի չսիրել անունս։ Պետական քննության ժամանակ մի աշակերտ մյուսին թղթիկ էր ուզում թաքուն փոխանցել, որը ընկավ հանձնաժողովի սեղանին, ուղիղ իմ առջև։ Շտապ թաքցրի թղթիկը, որ այդ աշակերտին չզրկեն քննությանը մասնակցելու իրավունքից։ Հետո բացեցի ու կարդացի նամակը․ «Ախպեր, օփիումը տեսել ա, որ արտագրում ես, զգույշ»։ Իհարկե օփիումը ես էի․․․ լալա նշանակում է սարի կակաչ ու նրա մեջ (իբրև թե) կա օփիում։ Այդ օրվանից անունս գրում եմ երկու լ-ով՝ Լալլա։
2000թ․ Երևանից ամուսնուս ու երկու դուստրերիս հետ տեղափոխվել եմ Մոսկվա՝ մշտական բնակության։ 2003թ․ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում հայերը հիմնեցին հայկական համայնք և բացվեց հայկական կիրակնօրյա դպրոց։ Իմ՝ հայերենը որպես օտար լեզու դասավանդումը սկսվեց այդ ժամանակ և դասավանդում եմ մինչ օրս, արդեն 23 տարի։ Այժմ աշխատում եմ իմ ստեղծած «Հայոց լեզու» օնլայն դպրոցում, ռուսախոս երեխաներին, հիմնականում մեծահասակներին, սովորեցնում եմ խոսել հայերեն։ Ստացել եմ ՀՀ Կրթության և Սփյուռքի նախարարությունից պատվոգրեր, գովասանագրեր և ՌԴ-ում երկու անգամ պարգևատրվել եմ հուշամեդալներով։ «Սփյուռքի ուսուցիչ» թերթի սրբագրիչն եմ, այսինքն՝ բոլոր տպագրվելիք նյութերը ես սրբում, մաքրում, պլպլացնում եմ հետո տպագրվում են մեր օնլայն թերթում։ Սիրով մեր թիմի հետ կանեմ ամեն ինչ, որպեսզի ընթերցողը, կարդալով մեր նյութերը, մի պահ իրեն Հայրենիքում զգա։ Հ․Գ․ Ես Հայրենիք բառը միշտ մեծատառով եմ գրում։

Leave a Reply