Աիդա Սուրենի Մարկոսյան

Ծնվել, մեծացել և սովորել եմ Երևանում: Ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը՝ ֆրանսերենի ուսուցչի որկավորմամբ: Ապա ավարտել եմ նաև Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան հոգելեզվաբանության գծով:
Երևանում քիչ եմ աշխատել՝ մեկ տարի: Հետո տեղափոխվել եմ Մոսկվա ու ֆրանսերեն եմ դասավանդել Մոսկվայի տարբեր բուհերում:
Թեկնածուական ատենախոսությունս՝ խոսակցական հայերենի հոգելեզվաբանական առանձնահատկությունների վերաբերյալ, պաշտպանել եմ ՍՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում: Ավելի ուշ, օտար լեզվի (ֆրանսերենի) դասավանդման մեջ արդեն հմտացած, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել եմ դոկտորական ատենախոսություն՝ օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի գծով: Հիմա թոշակառու եմ:
Ի մի բերեցի ռոմանա-գերմանական կրթությունս, հայագիտական հետազոտության փորձս, օտար միջավայրում ֆրանսերենի դասավանդման տասնամյակների արդյունքներս և ձեռնամուխ եղա հայերենի՝ իբրև օտար լեզվի դասագրքի ստեղծմանը: Նպատակս էր՝ Սփյուռքում մեծացած անձանց կամ մեր հայ երիտասարդների, օրիորդների հետ ամուսնացող մեծահասակներին հայերեն սովորեցնելու համար ունենալ օտար լեզուների դասավանդման փորձարկված մեթոդով կառուցված դասագիրք:
Անվանեցի «Կռունկ Հայաստանի», որ այս դասագրքով հայերեն պարապողները … «խաբրիկ մը» ստանան Հայաստանից, հայությունից:
Դասագիրքը բաղկացած է երեք մասից ու մի հավելվածից, որտեղ հավաքել եմ դասագրքում ներկայացված քերականությունը և բառարանը: Գրված է ռուսախոս սովորողների համար:
Իմ դասագրքով հայերեն դասավանդելու հնարավորություն եմ ունեցել Ռումինիայում՝ Բուխարեստի համալսարանում: Ռումինիայում դասավանդելիս պատրաստել եմ նաև դասագրքի ռումինական տարբերակը՝ ռումինախոսների համար, որը լույս է տեսել Բուխարեստի համալսարանի հրատարակչության ջանքերով:
Ավա՜ղ, սփյուռքը սփռված է, և թղթե «Կռունկը» ամեն տեղ չէ, որ կարող է թռչել: «Թղթե «Կռունկը» չի թռչի, բայց էլեկտրոնային «Կռունկը» կթռչի» — մտածեցի ես ու որոշեցի ստեղծել հայերենի՝ իբրև օտար լեզվի ուսուցման առցանց հարթակ:
Շուտով տասը տարի կլինի, ինչ այն գործում է ռուսախոսների համար: Ներկայումս աշխատում եմ հարթակի նյութերը հասանելի դարձնել նաև անգլիախոսների համար:
Հաճույքով ընդունեցի թերթի գլխավոր խորհրդատու լինելու հրապուրիչ և պատվավոր առաջարկը։

Leave a Reply