Լույսի առաքյալը. Մխիթար Սեբաստացի — 350

Մխիթար Սեբաստացին հայ իրականության մեջ վաղուց արդեն լոկ պատմական անուն չէ. այն լուսավորության, անկոտրում կամքի և ազգային ինքնության պահպանման խորհրդանիշ է։
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիայում։ 1701 թվականին Կոստանդնուպոլսում նա հիմնադրել է Մխիթարյան միաբանությունը։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտի հրովարտակով Մխիթարյաններին է շնորհվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Այդ ժամանակից ի վեր կղզին պատկանում է միաբանությանը։ 1773 թվականին մի քանի Մխիթարյան հայրեր անջատվում են Վենետիկի Մխիթարյաններից և տեղափոխվում Տրիեստ, այնտեղից էլ՝ Վիեննա։ Այժմ գործում են և´ Վենետիկի, և´ Վիեննայի Մխիթարյանները, որոնք 2000 թվականին վերստին միավորվել են։
Այս տարի լրանում է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը։ Այդ առթիվ ձեզ ենք ներկայացնում Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահանի հետ արված հարցազրույցը՝ Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության մասին։
— Հա՜յր Վահան, եթե փորձենք Մխիթար Սեբաստացուն դիտարկել ոչ թե որպես պատմական հեռավոր կերպար, այլ որպես մարդ և առաջնորդ, բնավորության ի՞նչ յուրահատկություն թույլ տվեց նրան զրոյից ստեղծել մի կառույց, որը դիմակայեց դարերի փորձություններին։
— Մխիթար Սեբաստացին դեռ մանկուց ունեցել է հոգևոր կրթության ծարավ։ Նա նախ սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում, ապա շրջել է տարբեր վանքերում, եղել Էջմիածնում, Սևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում և այլուր։ Նա ցավով նկատում էր, որ հայերի շրջանում կրթական մակարդակը ցածր է, և դա տխրեցնում էր նրան։ Ինքն այնքան շատ էր կարդում, որ 18-20 տարեկանում գրեթե կուրացել էր։ Մի անգամ նրան հայտնվում է Մարիամ Աստվածածինը։ Մխիթարը խնդրում է, որ իր աչքերն ապաքինվեն, որպեսզի կարողանա ծառայել իր ժողովրդին։ Եվ հանկարծ լսում է սուրբ Մարիամի ձայնը՝ եղիցի՜ (թող լինի)։ Հենց այս ժամանակ էլ նրա գլխում ծնվում է միաբանություն հիմնելու գաղափարը։ Այսպիսով, կարող ենք ասել, որ Մխիթար Սեբաստացու սերն ազգի, կրթության նկատմամբ և հայ ազգին հոգևոր լուսավորություն բերելու ձգտումը այն կարևոր շարժիչ ուժերն էին, որոնք ընկած են Մխիթարյան միաբանության ստեղծման հիմքում։
— Սեբաստացին իր գործունեությունը ի՞նչ նշանաբանով սկսեց։ Ինչպե՞ս է այսօր Մխիթարյան միաբանությունը պահպանում այդ հոգևոր առանցքը ժամանակակից աշխարհիկացվող հասարակության մեջ։
— Մխիթար Սեբաստացու նշանաբանը կարելի է համարել հետևյալ միտքը, որը պատկանում է հենց նրան. «Ա´զգ իմ, քեզ ծառայելը ինձ համար փառք ու պատիվ է»։ Մեզ համար էլ, որպես 21-րդ դարի Մխիթարյան հայրեր, այս սկզբունքն առաջնային է։
— Մխիթարյան վարժարանները դարեր շարունակ եղել են հայապահպանության դարբնոցներ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է «Մխիթարյան կրթական մեթոդի» այն գաղտնիքը, որն այսօր էլ կարող է օրինակելի լինել Սփյուռքի մերօրյա դպրոցների համար։
— Մեթոդը պարզ է՝ սիրով սովորեցնել և սեր սերմանել հայոց լեզվի, մշակույթի և ավանդույթների նկատմամբ։
— Սեբաստացին հավատում էր, որ լուսավորությունը պետք է հասանելի լինի բոլորին։ Ինչպե՞ս է միաբանությունն այսօր կապ պահում Սփյուռքի երիտասարդ սերնդի հետ, որը հաճախ հեռացած է հայերենից և ավանդական մշակույթից։
— Կապը պահվում է գլխավորապես մեր դպրոցների միջոցով։ Մխիթարյան վարժարաններ և ճեմարաններ են գործել աշխարհի տարբեր անկյուններում։ Հիմա, ցավոք, դրանց մի մասը փակվել է։ Այժմ Մխիթարյան կրթական հաստատություններ են գործում Հայաստանում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում և Արգենտինայում։ Հետաքրքիր է, որ Արգենտինայում Մխիթարյան վարժարանի աշխատանքները համակարգում են վարժարանի նախկին սաները, որոնցից շատերը նաև վարժարանի այսօրվա աշակերտների ծնողներն են։
— Սուրբ Ղազար կղզին հաճախ անվանում են «Հայաստանը Վենետիկի մեջ»։ Եթե Մխիթար Սեբաստացին այսօր տեսներ կղզին և միաբանության ներկայիս վիճակը, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ ամենաշատը կհպարտանար և ի՞նչ խորհուրդ կտար մեզ։
/Հայր Վահանն իրեն բնորոշ համեստությամբ հաշվում է, թե ինչպիսի գործեր պետք է արվեին, որ իրենք՝ մոտ 20 մխիթարյան հայրերը, չեն հասցնում անել։ Այդպես էլ հնարավոր չի լինում նրանից ստանալ պատասխան, թե ինչով կհպարտանար Մխիթար Սեբաստացին, քանի որ Հայր Վահանն իրենց ամբողջ արածին չափազանց համեստորեն է վերաբերվում։ Հավանաբար, այս հարցին ավելի լավ կպատասխանեն հայագետները և Մխիթարյան հայրերի հետ շփվող հայերը, որոնք չափազանց երախտապարտ են այն ամբողջ գիտակրթական և հասարակական գործունեության համար, որ ծավալել և ծավալում են հայրերը։/
— Երևի խորհուրդ կտար, որ երիտասարդներին ավելի շատ ներգրավեինք մեր աշխատանքներում։
— Ինչպե՞ս եք տեսնում հայագիտության և հատկապես Մխիթարյանների գործունեության ապագան թվային դարաշրջանում։
— Մենք էլ ենք փորձում հարմարվել նորագույն տեխնոլոգիաների բերած փոփոխություններին և լավագույնս օգտագործել դրանք։ Օրինակ՝ Գալույստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ և ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցելով թվայնացնում ենք մեր հսկայական տեքստային պաշարները՝ սկսելով թերթերից։ Դա հնարավորություն կընձեռի մեր հսկայական գրադարանային հարստությունը հասանելի դարձնել հասարակական լայն շերտերին և այն հայագետներին, որոնք չունեն հնարավորություն՝ ֆիզիկապես մեզ այցելելու։
— Կա՞ Մխիթար Սեբաստացու կյանքից քիչ հայտնի դրվագ կամ պատմություն, որը Ձեզ համար ամենահատկանշականն է և լավագույնս բնութագրում է նրան։
— Մխիթար Սեբաստացու հայրը նրան տարել էր մի 70-ամյա վարդապետի մոտ ուսանելու։ Երբ որոշ ժամանակ անց հայրը գալիս է Մխիթարին տեսնելու, հարցնում է վարդապետին, թե ինչպես է որդին իրեն դրսևորում։ Վարդապետն ասում է.
— Ես նրան ոչինչ չեմ կարող սովորեցնել։
Հայրը զայրանում է՝ կարծելով, թե Մխիթարն իրեն այնքան վատ է պահում, այնքան վատ է սովորում, որ ուսուցիչը նրան անհույս է համարում։ Վարդապետը, հասկանալով, որ Մխիթարի հայրն իր խոսքերը սխալ հասկացավ, ասում է.
— Նա յոթ տարեկանում արդեն գիտի այնքան, որքան ես՝ 70 տարեկանում։ Հետևաբար, ոչինչ չունեմ նրան սովորեցնելու։
— Ի՞նչ է նշանակում լինել Մխիթարյան միաբանության անդամ 21-րդ դարում։ Դա միայն ավանդույթների պահպանո՞ւմն է, թե՞ կա նաև նոր առաքելություն, որը թելադրում է ժամանակը։
— Տարբեր միաբանություններ ունեն տարբեր սոցիալական նպատակաուղղվածություն, օրինակ՝ հիվանդների կամ մանկատան երեխաների խնամում, աղքատներին օգնել և այլն։ Մխիթարյան միաբանության հիմնական ուղղվածությունն ի սկզբանե եղել է գիտա-կրթական, լուսավորչական գործունեությունը։ Հետևաբար, ինչպես գիտա-կրթական ոլորտում աշխատող ամեն հաստատության, այնպես էլ մեր առաքելությունն առաջին հերթին գիտելիքի պահպանումն ու փոխանցումն է, բայց, իհարկե, նաև զարգացումը։
Հարցազրույցի վերջում Հայր Վահանը պատմեց, որ մի քանի տարի առաջ դիմել են Հռոմի պապին՝ Մխիթար Սեբաստացու սրբադասման խնդրանքով։ Հայր Վահանը ներկայացրեց մի աղոթք, որը տեղադրված է ներքևում։ Այն համաքրիստոնեական աղոթք է։ Եթե մեր ընթերցողների կյանքում այս աղոթքի շնորհիվ հրաշքներ լինեն, նրանց խնդրանքն առ Աստված կատարվի, կարող են այդ մասին գրել ներքևում նշված էլեկտրոնային հասցեին։ Սա կարագացնի Մխիթար Սեբաստացու սրբադասման գործընթացը։
Զրույցն ավարտվեց Հայր Վահանի հետևյալ խոսքերով. «Թեպետ մենք ապրում և գործում ենք Սփյուռքում, բայց մեր սիրտը բաբախում է Հայաստանում»։

Հարցազրույցը վարեց Անահիտ Սաֆարյանը
Հոդվածի հեղինակ՝ Գոհար Զոհրաբյան

Leave a Reply