Իմ ռուս — հայկական ընտանիքը

Հայրս հայ է, մայրս՝ ռուս։ Ապրել ենք և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Մեր ընտանիքում միսը ոչ թե պարզապես ուտեստ է, այլ՝ մի ամբողջ տոն։ Եթե տանը մսի հոտ չկա, հայրս ասում է․
— Տունը առանց մսի հոտի՝ ինչպես եկեղեցին՝ առանց մոմի։
Երբ Երևանում էինք լինում, յուրաքանչյուր շաբաթ օր մայրս գնում էր Մալաթիայի շուկա՝ իր հայտնի կարմիր պայուսակով։ Նա շուկայում բոլոր վաճառողներին անուններով էր ճանաչում։
— Վարդգես ջան, էս անգամ թարմ տավարի միս ունե՞ս, թե՞ նորից ուզում ես ինձ խաբել, — ծիծաղելով ասում էր մայրս։
Երբ նա տուն էր վերադառնում, բակը լցվում էր ուրախ ձայներով։ Մեր հարևանուհին՝ տիկին Սիրանը, միշտ գալիս էր հարցնելու.
— Վա՜յ, էս ի՞նչ եք պատրաստում, հոտը մինչև Արարատ է հասել։
Մենք սովորաբար խորոված էինք անում բակում։ Հայրս գրքային կերպար էր դառնում՝ ձեռքին մետաղյա շամփուր, գլխին՝ հին кепка։
— Խորոված անելը գիտություն է, ոչ թե աշխատանք, — ասում էր նա և լրջորեն շրջում մսի շամփուրները։
Մինչև հայրս կխորովեր միսը, պապիկս նստում էր սեղանի մոտ՝ մի փոքր ըմպանակ կոնյակով։
— Միսը առանց կոնյակի, նույնն է՝ ինչ երգն առանց դուդուկի,- ասում էր նա ու գոհ ժպտում։
Երբեմն, Մոսկվա մեկնելուց առաջ, մայրս ասում էր, թե պետք է մի շաբաթ դիետա պահի։
Հայրս անմիջապես պատասխանում էր.
— Լավ, կպահես մսային դիետա։ Ամեն օր միայն միս կուտես։
Երբ բոլորս նստում էինք սեղանի շուրջը, տատիկս միշտ ասում էր.
— Հիմա խորովածը տաք-տաք ուտենք, որ միսը ուրախանա։ Տխուր մարդուն միսը չի սիրում։
Եվ այդպես մեր տանը միսը ոչ միայն սնունդ է, այլև սեր, հումոր, երգ ու հիշողություն։
Ռոման Բիրյուկով
Մոսկվայի Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալի նյարդավիրաբույժ
«Հայոց լեզու» օնլայն դպրոցի ուսուցչուհի Լալա Սողոմոնյանի աշակերտ

Leave a Reply