ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Արցախյան եղերերգ

Նկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

Իմ մանկության հեռուներից 

Մի այծապոչ ծամով աղջնակ՝

Բոբիկ ոտքերն ցողաթաթախ, կանչում է ինձ:

Ուզում է, որ իր մոտ գնամ,

Ուզում է, որ իր մոտ մնամ,

Իր հետ վազեմ հանդի մեջքը գոտևորող կածաններով:

Ասում է, թե՝ մեզ լավ ծանոթ թփերի տակ 

Մանուշակներն է՛լ չեն բուրում, 

Թառամել են՝ անտես, անքաղ,

Թրթնջուկի զոխը արդեն կոշտացել է, է՛լ չի ուտվի,

Իսկ մորին էլ խռովել ու ծիլ չի տվել հողի խորքից…

Ասում է, թե տունտունիկը կիսատ մնաց,

«Տունը» քանդվել, իսկ տիկնիկն էլ՝ թևատ ու մերկ,

Տրորվել է ցեխերի մեջ:

Թե մոռացել, ճիշտ չենք խաղում պահմտոցին,

Այսքան երկար պահ ենք մտել, 

Մեզ փնտրում է ու չի գտնում.

Սխալ է դա, ամեն խաղ իր կանոնն ունի…

Իմ մանկության հեռուներից

Մազը խռիվ մի աղջնակ կանչում է ինձ:

Ասում է, թե բլրի լանջին, 

Որտեղ տատը ուրց էր քաղում,

Որտեղ մեղուն ծաղկի գրկում ճոճք էր գցել,

Եվ ոսկի էր թիթեռնիկն իր թևից մաղում, 

Խելառ քամին պար է բռնել,

Քշել-տարել ժապավենն իր հյուսքին դրած,

Իսկ մայրիկն էլ չի երևում, որ տուն կանչի,

Որ զայրանա, բայց գիրկն առնի,

Քամուց պաղած թուշիկները պաչիկներով տաքացնի,

Նոր ժապավեն դնի ամուր հյուսված ծամին…

Եվ ինչ լավ է՝ նա չգիտի,

Որ մայրիկը հեռու-հեռու մի քաղաքում,

Տանն ուրիշի, նստած իր տան նկարի դեմ,

Արցունքով է օրը մաշում,

Իսկ արցունքի կաթիլն ամեն

Սուր կացնի պես սիրտն է տաշում…

Իմ մանկության հեռուներից

Կուլան գրկած մի աղջնակ ձայն է տալիս:

Ասում է, թե էլ չի երգում աղբյուրն հանդի,

Թե լցվել է գուռը աշնան տերևներով, 

Ցամաքել է ակը, ասես, ջուրն էլ ճամփան իր չի գտնում:

Էլ չի տեսնում իր հայելում

Երջանկացած աղջնակի շիկնանքը ալ,

Եվ տղայի սիրտը այրվող չի հովացնում ջրով իր պաղ:

Նախրապան ու հովիվ չկա, 

Չկա հանդվոր՝ տոթից խեղդվող,

Ոչ էլ մոշի դույլերն ուսած ծարավ կանայք…

Եվ աղբյուրը ցամաքել է մենությունից, 

Ու քիչ վարում, ջրարխի մոտ,  

Որտեղ պիտի ջրկոտեմը փարթամանար, 

Բացուխուփ է բերանն արել հողը ծարավ

Ու մնացել հազար տեղից ճաքած շրթով, 

Ճաքած սրտով…

Իմ մանկության հեռուներից 

Քերծված ծնկով մի աղջնակ կանչում է ինձ:

Ասում է, թե հավաքվել են վերին թաղում,

Նանոն ձիու սանձը քաշել, թողել է, որ հանգստանա,

Թոնրահաց ու պանիր բերել,

Բենոն թափած ընկույզներն է մեջտեղ բերել,

Վարսի տատը խաղողի ճութն առել եկել

Ու կանչում է Իշխան դայուն, որ միանա

 «Անճարների քեֆ-խնջույքին», 

Հետո մի քիչ խելքի բերի, թե չէ ծառին 

Չի հասցնում ոչ սալորը հասունանա,

Ոչ խնձորի թուշը կարմրի, ոչ ընկույզը կեղևատվի…

Եվ միայն ես այնտեղ չկամ:

Ու չգիտի իմ խենթուկը, որ եթե կամ՝ այնտե՛ղ միայն,

Ամուր ձուլված մեր քերծերին,

Հանդի ցամքած աղբրի ակին,

Ավերակված թոնրի շրթին, 

Հող ու քարին՝ մեր տան, բակի…

Իմ մանկության հեռուներից 

Գրքերն ուսած մի աղջնակ ձայն է տալիս:

Ասում է, թե վաղուց արդեն 

Պիտի հնչեր զանգը դասի, 

Միջանցքներում «ասպատակող հեծյալները»,

Դասարանում անմեղ դեմքով հավաքվեին,

Եվ ուսուցչի խիստ հայացքը հանդիմաներ

Տնայինը արտագրող աշակերտին…

Բայց… դպրոցի դուռը փակ է,

Ոչ ուսուցիչ, ոչ աշակերտ, ոչ ոք չկա,

Հայրիկն անգամ…

Ու չգիտի աղջնակն այն,

Որ ուսուցիչ և աշակերտ հավերժացան՝

Հանուն հողի, հայրենի տան,

Որ խև ու խենթ ընկերներից մեկը՝ հերոս,

Մեկն էլ սգվոր, հերոսածին ծնող դարձավ…

Որ հայրիկն էլ վաղուց արդեն աստղ է դարձել,

Եվ երկնքից արդեն քանի աստղաթափի իջել է վար,

Որ պատասխան գտնի միայն մի պարզ հարցի.

-Ինչու՞, ինչպե՞ս, այս ի՞նչ եղավ…

(Տեսնես հայրս պատասխանը, արդյոք, գտա՞վ,

Տեսնես, արդյոք, ձուլվեց հողի՞ն, 

Որպես աստղ վերո՞ւմ մնաց…

Այս ի՞նչ ցավ է՝ ոչ հողին է քայլել լինում.

Սրտում քանի՜ խոցված սիրտ կա,

Ոչ վերև է նայել լինում.

Ամեն աստղ՝ չապրված մի կյանք)…

…Իմ երջանիկ  հին օրերից

Մի կին կանգնել, կանչում է ինձ:

Ասում է, թե արևն էլի սարի լանջին խաղ է բռնում

Ու քուն մտնում ծեր անտառի մթին ծոցում,

Սակայն, ավա՜ղ, ոչ սևակնած սարի խանդը,

Ոչ մեղսավոր սերն արևի թղթի վրա երգ չեն դառնում,

Գրող չկա…

Ասում է, թե այն հին, փոքրիկ ու նախշազարդ կավե կուլան,

Որ պեղվել էր հողի խորքից,

Առնետները վայր գլորել, վերածել են փշուրների,

Հետո ազատ քրքրել են գրքերն բոլոր,

Հետո ծվեն-ծվեն արել դարսն անկողնու,

Որտեղ ոչ ոք դեռ չէր քնել, 

Որ օժիտն էր այն աղջկա, ով մատանի ուներ մատին,

Բայց հարսնանալ չհասցրեց,

Ոչ էլ հասցրեց հրաժեշտ տալ սիրեցյալի գերեզմանին,

Դժոխային գաղթի ճամփան տարավ նրան…

…Իսկ «գրողը», ում  խորշակը քշեց հեռու,

Ով ոտքի տակ հայրենի հողն էլ չի զգում,

Համրացել է ու չի գտնում բառ այնպիսի, 

Որ կպատմի սիրո, ցավի, տառապանքի

Ու կարոտի չափի մասին,

Որ կմեկնի անմեկնելին՝ կորուստն հողի, Հայրենիքի,

Բոլոր բառերն՝ սուրսայր սրեր,

Խեղդող օղակ՝ բառերն բոլոր,

Ո՛չ սպանում, ո՛չ թողնում հանգիստ ապրել…

…Բայց դու՝ իմ լա՜վ, իմ հեռավո՜ր,

Իմ հուշերի՜ լուսե աղջիկ, 

Դու ինձ սպասիր և հավատա,

Որ գալու եմ մի օր հաստատ, 

Ու թե ոտքս հողին չառնի,

Թե շուրթերս չհամբուրեն ակն աղբյուրի,

Երկնի հեռվից աստղափոշի վար կմաղեմ,

Ծաղկանկար զգեստիդ փեշն աստղափոշով կողողեմ,

Որ լուսավոր պատկերը քո 

Հուր-հավիտյան պայծառ մնա:

Գայանե Հովհաննիսյան 
«Սասնա տուն» առցանց դպրոցի ուսուցչուհի

Response

  1. Еразик Левоновна Арутюнян Avatar
    Еразик Левоновна Арутюнян

    Հրաշք-գործ է, հուզիչ և գեղեցիկ։ Շնորհակալություն հեղինակին, թող ամոքվի նրա կորստյան վիշտը․․․

Leave a Reply