Ես հայ եմ

*
Ես հայ եմ…
Ազգանունս ավարտվում է յան-ով…
Ես հպարտ եմ իմ Արցախով, Հայաստանով։
Ես հպարտ եմ իմ պատմությամբ, իմ անցյալով,
Ու մեր անցած լուրջ, դժվարին ճանապարհով:
Ծանր է կերտվել պատմությունը մեր հայկական,
Հայրենիքս շատ է տեսել արհավիրքներ,
Սելջուկ թուրքեր, պարսիկ, մոնղոլ ու թաթարներ։
Մաքառել է, հալածվել է և տարհանվել,
Բայց եղել է միշտ քաջ, տոկուն ու անվեհեր,
Միշտ աննկուն ու անձնվեր։
**
Ես հայ եմ…
Ազգանունս ավարտվում է յան-ով…
Հպարտ եմ իմ մաքրամաքուր արմատներով,
Իմ հայկական վարք ու բարքով,
Իմ նախահայր Հայկի թողած
Հայի ամուր ու կուռ ոգով։
Հպարտ եմ իմ նախնիներով՝
Մաշտոց, Կորյուն, Խորենացի,
Հայկ նահապետ ու Փարպեցի։
Հպարտ եմ, որ ձեր թոռն եմ ես
Եվ ապրում եմ միշտ հայեցի։
***
Ես հայ եմ…
Ազգանունս ավարտվում է յան-ով…
Թեկուզ սփռված ենք ամբողջ աշխարհով,
Բայց միասնական մի բռունցք ենք մենք։
Մենք յուրահատուկ ու խիզախ ազգ ենք։
Մենք արարո՛ղ ենք, մենք պայքարո՛ղ ենք,
Կռվող, հաղթո՛ղ ենք,
Մենք շինարար ենք, գիտնակա՛ն, գրո՛ղ,
Հանճար ու գիտուն,
Համա՛ռ, հաստատո՛ւն։
Երբ շատ ազգեր վերացել են,
Մենք եղել ենք ու կլինենք,
Անելիքներ շատ ունենք դեռ:
Մեր պատմության մեջ՝
Թոնրի ջերմություն, գութանի երգ է,
Հերոսի արյուն և մոր աղոթք է։
Անմահական և հավերժական ենք։
****
Ես հայ եմ…
մի տաղանդաշատ ժողովրդի զավակ…
Բոլոր հայերով, մենք պետք է լինենք
մեկ մեկու հենակ։
Արյունով սնված մեր հայոց հողի
Հույս-ապագան ենք։
Ուրեմն եկեք փառք տանք Աստծուն,
Որ հենց ինձ ու քեզ՝ մե՛զ Հայ են ասում,
Մեծն Սևակի խոսքերով ասած՝
«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»։
Ուղղակի մենք էլ մեր սերունդներին պետք է փոխանցենք
Մեր պատմությունն ու լեզուն մայրական,
Որ Հայ անունը, «յան» ազգանունը
Ապրի հավիտյան։

Leave a Reply