Լավագույն նվերը
(պատմվածք)

Մայրիկների տոնը մոտենում էր։ Դասամիջոցին դասարանը հիշեցնում էր մեղվափեթակ․ երեխաների ձայները խառնվել էին իրար, և օդը լցված էր ոգևորությամբ։ Միմյանց հերթ չտալով՝ բոլորը պատմում էին, թե ինչ նվեր են պատրաստել մայրիկների համար։ Սոնան հպարտությամբ ասում էր, որ հայրիկն իր խնդրանքով նոր հեռախոս է գնել մայրիկի համար, իսկ ինքը այն պիտի նվիրի շքեղ ծաղկեփնջի և գեղեցիկ բացիկի հետ։ Սուրենը գաղտնի ժպիտով հայտարարում էր, որ հայրիկի հետ անակնկալ են պատրաստել և մայրիկին կշնորհավորեն ռեստորանում։ Նվարդը նրբագեղ մետաքսե թաշկինակ էր ասեղնագործել։ Գևորգի հայրիկն էլ երեք ուղետոմս էր գնել՝ Ֆրանսիայում տոնը նշելու համար։
Ամեն մեկը խոսում էր իր անակնկալի մասին՝ աչքերում փայլ, ձայնում՝ հպարտություն։ Միայն վերջին նստարանին նստած Նարեկն էր լուռ։ Նա գլուխը դրել էր ձեռքերին և փորձում էր թաքնվել աշխույժ աղմուկից։ Ի՞նչ կարող էր անել տասնամյա մի տղա, որի հայրը զոհվել էր պատերազմում։ Մայրը աշխատում էր երկու հերթափոխով՝ պահելով երկու երեխաներին ու ամուսնու ծեր ծնողներին։ Նարեկը բոլորից ծածուկ սրբում էր աչքերը, որ ոչ ոք չնկատի իր արցունքները։
Դասասենյակ մտավ ուսուցչուհին՝ տիկին Անահիտը։ Երեխաները ոտքի կանգնեցին։ Նրա փորձառու աչքերը միանգամից որսացին ուրախության ալիքը և Նարեկի տխուր հայացքն այդ աղմկոտ ծովում։ Երբ երեխաները պատմում էին իրենց պատրաստած նվերների մասին, Նարեկը շարունակում էր լռել։ Ուսուցչուհին մոտեցավ նրան։ Գևորգն անմիջապես վեր կացավ տեղից, բարձրաձայնեց Նարեկի տխրության պատճառը և գոհ նստեց։ Դասարանում մի պահ լռություն տիրեց։ Նարեկը կծկվեց, կարծես ուզում էր անհետանալ։
Ուսուցչուհին մեղմ ձայնով ասաց․
— Նարեկ ջան, ինչո՞ւ ես կարծում, թե դու նվեր չունես։ Քո հայրիկն ու նրա ընկերները մեզ նվիրել են ամենաթանկը՝ խաղաղ օրեր ու ապահով հայրենիք։ Մենք պարտական ենք նրանց։ Իսկ դու, քո բարությամբ ու գիտելիքներով, ամենամեծ նվերն ես մայրիկիդ, տատիկիդ… և մեզ բոլորիս համար։ Այդ խոսքերից Նարեկի արցունքներում լույսի թույլ շողեր փայլեցին։ Երեկոյան պապիկը նկատեց թոռան մտահոգ հայացքը, նրան կանչեց իր սենյակ։
— Նարեկ ջան, — ասաց նա ժպտալով, — իսկ ո՞վ ասաց, թե մենք նվեր չունենք։ Մոռացե՞լ ես, որ պապիկը նկարիչ է։ Մենք միասին կստեղծենք մայրիկի դիմանկարը։ Իսկ տոնից առաջ կգնանք անտառ, կբերենք ձնծաղիկներ։ Բնական ծաղիկներն ամենաանկեղծ շնորհավորանքն են։ Ձյունածածկ անտառում Նարեկը զգաց, թե ինչպես է սիրտը թեթևանում։ Ձնծաղիկների կապտաչյա փնջերը կարծես փոքրիկ լույսեր լինեին սպիտակության մեջ։ Մարտի 7-ին պապիկը գեղեցիկ փաթեթ ու ձնծաղիկների փունջ հանձնեց Նարեկին։ Դպրոցում երեխաները մեծ ու շքեղ ծաղկեփնջեր էին բերել։ Բայց, երբ տիկին Անահիտը բացեց Նարեկի նվերը, դասարանում կրկին լռություն իջավ։ Նկարից ժպտում էր ինքը՝ շրջապատված երեխաներով։ Նրա հայացքում այնքան ջերմություն ու մայրական սեր կար, որ աչքերը լցվեցին արցունքներով։
— Սա իմ կյանքի ամենաթանկ նվերն է, — հուզված ասաց նա և գրկեց Նարեկին։ Այս անգամ Նարեկի աչքերում ոչ թե տխրություն, այլ հպարտություն էր։
Մարտի ութի առավոտյան տանը տոնական սեղան էր բացված։ Պապիկն ու Նարեկը սեփական ձեռքերով թխած տորթ էին դրել սեղանին։ Երկու փունջ ձնծաղիկ էր սպասում տատիկին ու մայրիկին։ Իսկ պատից ժպտում էր մայրիկի գեղեցիկ դիմանկարը…
ԽՈԶՈՒԿԻ ԵՐԱԶԸ
(հեքիաթ)

Լինում է, չի լինում մի խոզուկ՝ Գնդլիկ անունով։ Նրան սիրում էին իր բոլոր ընկերները, որոնք նույն բակում էին ապրում։ Գնդլիկը բարի էր նրանց նկատմամբ, իր բաժին կերը սիրով կիսում էր նրանց հետ։ Ամբողջ օրը վազվզում էին բակում, շոգին պառկում ծառերի ստվերում, իսկ երեկոյան տատը նրանց իրենց բույնն էր տանում։ Գնդլիկը տարբերվում էր բոլոր խոզուկներից։ Նա մաքրասեր էր, քչակեր ու նաև երազող։ Երբ պառկում էր ծառի տակ հանգստանալու, նայում էր երկնքում սահող ճերմակ ամպերին ու նրանց մեջ պատկերներ որոնում։ Երբեմն թվում էր, թե իր նման ճերմակ բազում խոզուկներ են վազվզում այնտեղ։ Իսկ գիշերներն իր բնի երդիկից աստղերի ու լուսնի ցոլանքներով էր հիանում։ «Երանի՜ ես էլ թռչել իմանայի, — մտածում էր նա, — որքա՜ն երկրներ կտեսնեի, աստղերի հետ կխաղայի։ Մի՞թե այս բակը փոքր չէ նման երազանքների համար»։
Մի օր՝ ցերեկը, երբ ծառի տակ խռմփալով քնած էր, հանկարծ մի փոքրիկ թևավոր խոզուկ նրան մոտեցավ.
— Ես եկել եմ օգնելու, որ երազանքդ կատարվի։ Ահա քեզ թևեր։ Հագիր դրանք և հետևիր ինձ։ Գնդլիկն ուրախ-ուրախ հագավ թևերն ու հետևեց նոր ընկերոջը։ Նա դժվարանում էր թռչել, սակայն կամաց-կամաց թևերը սկսեցին լսել նրան։ Սկզբում նա քիչ էր բարձրանում՝ ընդամենը ծառերի գագաթներից վեր, հետո ավելի համարձակ դարձավ։ Քամին մեղմ շոյում էր նրա վարդագույն ականջները, իսկ բակը ներքևում փոքրիկ խաղալիքի չափ էր երևում։
— Մի´ վախեցիր, — ժպտաց թևավոր խոզուկը, — թռչելը ոչ թե ուժ է պահանջում, այլ հավատ։
Գնդլիկը փակեց աչքերը մի պահ ու հիշեց իր բոլոր երազանքները՝ աստղերի հետ խաղալը, ամպերի միջով վազելը։ Եվ հանկարծ զգաց, թե ինչպես է մարմինը թեթևանում։ Նա արդեն ամպերի մոտ էր։ Ճերմակ փափուկ ամպերը նման էին բամբակի դաշտերի, իսկ դրանց միջով իսկապես վազվզում էին պատկերներ՝ երբեմն նապաստակ, երբեմն ձիուկներ, երբեմն՝ հենց իր նման մի խոզուկ։
— Տեսա՞ր, — ասաց ուղեկիցը, — երազանքները միշտ էլ իրականանում են, պիտի հավատաս ու ձգտես։
Նրանք բարձրացան այնքան, որ աստղերը կարծես մոտեցան՝ թեպետ դեռ կեսօր էր։ Երկինքը փայլում էր պայծառ լույսով։ Գնդլիկը ծիծաղեց ուրախությունից։ Սակայն մի պահ նա նայեց ներքև։ Իր փոքրիկ բակը, ընկերները, ծառի ստվերը, տատի բարի ձայնը… ամեն ինչ այնքան հարազատ թվաց, բայց անտեսանելի։
— Իսկ եթե ես շատ հեռու գնամ, — մտածեց նա, — ո՞վ կկիսի իմ կերը ընկերներիս հետ։
Թևավոր խոզուկը, կարծես կարդալով նրա մտքերը, մեղմ ասաց․
— Թռչել կարողանալը դեռ չի նշանակում հեռանալ, դու կարող ես վերադառնալ, երբ սիրտդ ուզի։ Գնդլիկը գլխով արեց։ Նա հասկացավ, որ աշխարհը մեծ է, բայց իր փոքրիկ բակն էլ մի ամբողջ տիեզերք է։ Երբ նրանք վերադարձան, արևը արդեն մայր էր մտնում։ Թևերը կամաց-կամաց անհետացան՝ վերածվելով փայլուն փոշու։
— Երբ նորից երազես, — շշնջաց թևավոր խոզուկը, — թևերդ կվերադառնան։ Այդ գիշեր Գնդլիկը պառկեց իր բնում, նայեց երդիկից երևացող աստղերին ու ժպտաց։ Նա այլևս չէր մտածում, թե բակը փոքր է իր երազանքների համար, որովհետև հասկացել էր՝ ամենափոքր բանը, եթե հարազատ է սրտիդ, կարող է դառնալ մի ամբողջ աշխարհ։
Ալվարդ Սամսոնյան
Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքի
Հայկական կիրակնօրյա դպրոցի երկամյա ուսուցչուհի

Leave a Reply